Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա այս պարագայում ունենք խնդիր. մեքենա կարող է բերել կրկին մեկ ընկերություն՝ «Տոյոտա Երևան»-ը. Փաշինյան

Հուլիս 21,2022 16:43

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը զեկուցել է, որ փաստաթուղթը նոր չէ, դեռևս 2019թ. ընդունված ռազմավարության շարունակությունն է, և շատ աշխատանքներ, որոնք ժառանգված են նախորդից, առավել կատարելագործում են ոլորտում սկսված բարեփոխումները, պատրաստ են և առաջիկա ամիսներին կիրագործվեն: Առաջին ուղղությունը դատական համակարգի բարեփոխումն է, որով նախատեսվում է առաջիկա ամիսներին հակակոռուպցիոն դատարանների ողջ շղթայի գործարկում: Մյուս ուղղությունը դատական գործընթացների թվայնացումն է և էլեկտրոնային արդարադատությունը, որը վերաբերում է ոչ միայն դատարաններին, այլև քրեական արդարադատության ողջ համակարգին, նախաքննության մարմիններին: Դատախազության հետ համատեղ աշխատանքի արդյունքում շուտով կիրականացվի քննչական և դատախազական գործընթացների թվայնացում: Նախարարը նշել է, որ Կառավարության նիստի՝ այսօր չզեկուցվող հարցերից մեկով քաղաքացիական դատավարության գործընթացների թվայնացման համար հատկացվելու է շուրջ 348 մլն ՀՀ դրամ, որով հնարավոր կլինի դատական քննություն իրականացնել առցանց եղանակով, առանց մարդու կամ փաստաբանի դատարան այցելելու: Նույնը նախատեսված է նաև վարչական և քրեական դատավարության դեպքում: Մեկ այլ կարևոր ուղղություն է բարեվարքության խնդիրը. ռազմավարությամբ նախատեսվում է բոլոր գործող դատավորների, նաև դատախազների, քննիչների, ՔԿՀ աշխատակիցների բարեվարքության ստուգում: Ռազմավարական ուղղությունների շարքում են ԲԴԽ-ում կարգապահական որոշումների բողոքարկման հնարավորության նախատեսումը, փաստաբանական, հարկադիր կատարման, սնանկության, նոտարիատի ոլորտների բարեփոխումները, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացումը և այլն:

Նշելով ռազմավարության կարևորությունը՝ վարչապետն ուշադրություն է հրավիրել հետևյալ հանգամանքի վրա. «Ընդհանուր առմամբ, երբ խոսում ենք մեր իրականացրած բարեփոխումների մասին, տարածված կարծիք կա և պիտի անկեղծ ասենք, որ մենք էլ ենք համաձայն այդ կարծիքի հետ, մեզ ամենաշատը քննադատում են, որ հենց դատական համակարգում բարեփոխումները թերևս բավարար հաջողություն կամ ինտենսիվություն չեն ունեցել: Ես ինքս էլ արձանագրել եմ դա բազմիցս, որ մենք, ընդհանուր առմամբ, այնքան էլ գոհ չենք այդ ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներից: Բայց վերջերս թերթում էի Եվրոպական միության Արևելյան գործընկերության ծրագրի զեկույցը և արձանագրեցի, որ մի շարք ուղղություններով Հայաստանի Հանրապետությունը Արևելյան գործընկերության երկրներում առաջատար դիրքեր ունի, և այդ ցանկում է նաև «անկախ դատական համակարգ» ենթավերնագիրը/վերնագիրը: Մի կողմից լավ է, որ մենք ընդհանրապես միշտ ինքներս մեզնից ավելին ենք պահանջում, բայց, մյուս կողմից, մեր միջազգային գործընկերների արձանագրմամբ ունենք շատ էական առաջընթաց: Արևելյան գործընկերության երկրների շարքում լինել առաջատար այս ուղղությամբ կարևոր արձանագրում է, ընդ որում, մի շարք ուղղություններով ևս Հայաստանն առաջատար է՝ մասնավորաբար, ընտրությունների վստահելիության, կոռուպցիայի դեմ պայքարի, խոսքի ազատության»:

Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ դատական բարեփոխումների հսկայական հատվածն ուղղակիորեն կապված է թվային օրակարգի հետ: «Առանձին վերցրած ոլորտում, այսպես ասած, թվայնացում տեղի ունենալ չի կարող, որովհետև թվայնացման անկյունաքարային սկզբունքը փոխգործելիությունն է: Այսինքն՝ եթե պետական մեկ համակարգում կա թվային պլատֆորմ, պետական մյուս բոլոր համակարգերը օրենքով, ընթացակարգերով և որոշումներով պիտի հասու լինեն այդ տեղեկատվությանը, այսինքն՝ այդ տեղեկատվությունը պիտի փոխադարձաբար հասանելի լինի և համոզված եմ, որ թվայնացման բանաձևերը, մոդուլները, Թվայնացման խորհրդում քննարկվում են և համապատասխանում են քաղաքականությանը: Արձանագրեցինք, որ Հայաստանում կան բազմաթիվ թվայնացված պլատֆորմներ, այն է՝ նախարարություններում, գերատեսչություններում թուղթը վերածել ենք էլեկտրոնային ֆայլի, բայց այն ֆունկցիոնալ չէ, այսինքն՝ դրանում, օրինակ, բառ, ազգանուն, մեզ անհրաժեշտ տեղեկատվություն չենք կարող փնտրել և գտնել, և այդ թվայնացված պլատֆորմի մեջ փնտրելու համար պետք է անել նույն գործողությունը, ինչ անում ենք թղթի վրա՝ կարդալ և փորձել գտնել, նշել և այդպես շարունակ:

Երկրորդը, գերատեսչությունները կամ դատական կառույցները հասանելիություն չունեն իրենց անհրաժեշտ թվայնացված տեղեկատվությանը: Դրա համար շատ կարևոր է, որ թվային բանաձևերը լինեն ֆունկցիոնալ և փոխգործելի: Այսինքն՝ այն մարմինը, որն օրենքով կարող է հասու լինել տվյալ տեղեկատվությանը, թվային պլատֆորմների միջոցով կարողանա հասու լինել:

Հաջորդն արդեն քաղաքացիներին է վերաբերում: Պարոն Անդրեասյանը նշեց, որ մենք հիմա, մասնավորապես, քաղաքացիական դատավարության, նոտարական ծառայությունների ոլորտում ենք թվայնացմանն առաջնահերթություն տալիս: Սա նշանակում է, որ մենք ստեղծում ենք հնարավորություն. առաջինը, իհարկե, որպեսզի հայցերը, ծանուցումները, փաստաթղթաշրջանառությունն իրականացվեն թվային ճանապարհով, բայց պլատֆորմի զուտ տեխնիկական հնարավորության առկայության պարագայում հետագայում օրենսդրական փոփոխություններով կարող ենք հասնել նրան, որպեսզի, օրինակ, քաղաքացիական դատավարությունները տեղի ունենան գրավոր ընթացակարգով: Այսինքն՝ մարդիկ, իրենց տներում նստած, այլևս դատարաններ գնալու, սպասելու անհրաժեշտություն չունենան, և գործընթացը տեղի ունենա գրավոր ընթացակարգերով, ինչը շատ կարևոր քայլ կլինի», – նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է նաև անկախ դատական համակարգի հետագա բարելավման ուղղությամբ միջոցառումներին. «Մենք այս ռազմավարությամբ ընդգծում ենք, որ ոչ միայն դատական և դատաիրավական համակարգ նոր մուտք գործող անձանց, դատավորների, դատախազների և այլն բարեվարքությունը պիտի ստուգվի, այլև գործողներինը: Ուզում եմ հիշեցնել, որ քաղաքական մակարդակում դա արդեն ընդունված է, նկատի ունեմ, որ մենք՝ որպես քաղաքական իշխանություն, առաջինը մեզ վրա ենք կիրառել այդ սկզբունքը և հիմա արդեն կիրառում ենք մյուս մարմինների վրա»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է արբիտրաժային և սնանկության գործընթացների բարեփոխումները. «Հատուկ ուշադրություն եմ ուզում հրավիրել արբիտրաժային կենտրոնի հետ կապված մեր պլաններին: Ես 2018 թվականից անընդհատ տարբեր ներդրողների հետ քննարկումների ժամանակ, երբ թեման լրջանում է, հանգում եմ կարևոր մի հարցի. աշխարհի շատ երկրներում կա հնարավորություն, որ համաներդրողները, գործընկերներն իրար հետ պայմանագիր են կնքում, ասում են՝ եթե մեր միջև վեճ առաջանա, այն պետք է հանգուցալուծվի արբիտրաժում, ասենք, օրինակ, անգլիական իրավունքի հիման վրա: Մենք բավական երկար այս թեմայի վրա աշխատել ենք, և եթե ճիշտ հասկացա, այս ռազմավարությամբ արձանագրել ենք, որ օրենսդրական, սահմանադրական այդպիսի արգելք չունենք և կարող ենք այդ արբիտրաժային կենտրոնը ստեղծել, աջակցել ստեղծմանը, օժտել նրան հնարավորություններով: Եվ օտարերկրյա ներդրողները, նույնիսկ տեղացի ներդրողներն իրար հետ համաներդրում իրականացնելիս կարող են պայմանագիր կնքել, որ իրենց հնարավոր վեճերը արբիտրաժում են լուծվելու՝ անգլիական իրավունքի, օտարերկրյա իրավունքի հիման վրա: Դա նշանակում է՝ կլինի հնարավորություն, որ նրանց միջև վեճ առաջանալու դեպքում հրավիրվեն արբիտրներ, ովքեր տիրապետում են այդ իրավունքին, և վեճը լուծվի այնտեղ: Սրանք շատ կարևոր փոփոխություններ են:

Եվս մեկ թեմայի մասին՝ սնանկության հետ կապված: Մենք սնանկության կառավարիչների ինստիտուտ ունենք, որը փոփոխական հաջողությամբ է աշխատում, եթե մեղմ ասենք: Փոփոխություններով նախատեսում ենք ստեղծել հնարավորություն, որ որևէ միջազգային ընկերություն հրավիրվի որպես սնանկության կառավարիչ: Այսինքն՝ եթե լինեն իրավիճակներ, կարող ենք միջազգային հեղինակավոր ընկերության հրավիրել, ասել, որ այս ընկերությունը սնանկացման պրոցեսի մեջ է. եթե կա հնարավորություն այն վերակենդանացնելու, խնդրում ենք վերակենդանացնել, եթե չկա՝ սնանկության գործընթացն այնպես իրականացնենք, որ պարտատերերի իրավունքները մաքսիմալ հաշվի առնվեն և պաշտպանվեն: Հիմա մեր երկրում նույնիսկ 20 և ավելի տարվա սնանկության գործեր կան, որոնք ունեն մեկ առանձնահատկություն՝ պարտատերերն այդ ընկերություններից իրենց ստանալիքը չեն կարողանում ստանալ: Եվ, ըստ էության, անվերջանալի պրոցես է: Թվում է, թե պիտի պարզ լուծումներ լինեն, բայց պարզ լուծումներ չկան: Երբեմն նույնիսկ դեպքեր ունենք, որ գույքը կա, ամեն ինչը կա, բայց պրոցեսներն առաջ չեն գնում սնանկության պրոցեսը ոչ ճիշտ կառավարելու հնարավորությունների սահմանափակման առումով»:

Վարչապետը նշել է, որ ռազմավարությունը բավական ծավալուն փաստաթուղթ է, և Կառավարության նիստերում բազմիցս անդրադառնալու առիթներ կլինեն դրանից բխող իրավական ակտերի մշակման առումով. «Համոզված ենք՝ որակյալ ռազմավարություն ենք ստացել և հետևողական քայլերով առաջ գնալու դեպքում անկախ դատական համակարգ ունենալու մեր լիդերությունը, մասնավորապես, Արևելյան գործընկերության պլատֆորմում ոչ միայն կպահպանենք, այլև կամրապնդենք»:

Կառավարությունը գումար է հատկացրել 4 մարզում Պարեկային ծառայության համար 175 ավտոտրանսպորտային միջոց ձեռք բերելու համար

Գործադիրը որոշում է ընդունել ՀՀ 2022թ. պետբյուջեում վերաբաշխում ու փոփոխություններ կատարելու և Ոստիկանությանը գումար հատկացնելու վերաբերյալ: Ոստիկանապետ Վահե Ղազարյանը զեկուցել է, որ որոշման նպատակն է՝ Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում 2023թ. հունվարից նոր ձևավորվող պարեկային ծառայության համար ավտոտրանսպորտային միջոցների ձեռքբերման իրավական հիմքի ապահովումն ու ֆինանսավորումը: Մասնավորապես, նախատեսվում է ձեռք բերել 175 ավտոտրանսպորտային միջոց՝ հատկացնելով 3,107,5 մլն ՀՀ դրամ։ Գործընթացն իրականացվելու է մեկ անձից գնման ընթացակարգով:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ քննարկվող հարցն ունի նախապատմություն, և թափանցիկության սկզբունքների շրջանակում կարևոր է մանրամասն ներկայացնել, թե ինչի մասին է խոսքը. «Մենք հիմա անցել ենք Կոտայքի, Արագածոտնի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում պարեկային ոստիկանության ներդրման գործընթացին, որի ամենամեծ ֆինանսական կտորը թերևս մեքենաների ձեռքբերումն էր: Այն որոշումը, որ պարոն Ղազարյանը ներկայացրեց, մենք կայացրել ենք Ոստիկանության բարեփոխումների խորհրդում տեղի ունեցած մի քանի քննարկումների արդյունքում: Ընդ որում, այդ խորհրդում ընդգրկված են և՛ պետական գերատեսչությունների, և՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Ուզում եմ հիշեցնել, որ երբ Շիրակի և Լոռու մարզերում տեղի ունեցավ գործընթացը, մեծ խմբաքանակ ավտոմեքենաների գնումներ տեղի ունեցան, դրանից հետո որոշակի հրապարակումներ եղան, ընդհուպ այնպիսիք, թե այդ մեքենաների մեջ 6 բարձրախոս կա, և ինչի ենք գումար ծախսել, 6 բարձրախոսով մեքենա գնել, ինչի՞ է պետք, որ ոստիկանական մեքենայում 6 դինամիկ լինի, կարող էր 2-ը, 4-ը, 1-ը լինել, կարող էր լինել, թե չլինել, կարելի էր արդյոք մեքենան գնել ավելի էժան գնով և այդպես շարունակ:

Ես հարկ եմ համարել, որպեսզի Ոստիկանության բարեփոխումների խորհրդում բոլոր այս հարցերը քննարկվեն: Բարձրախոսների հարցին երևի 40 րոպե տրամադրել ենք, թե ինչու ենք 6 բարձրախոսով մեքենա գնել: Ընդ որում, ինձ համար էլ էր կարևոր, կարծում եմ՝ բոլորիս համար էր կարևոր, որովհետև դրանք հարցեր են, որոնք պետք է պատասխան ստանան: Ես հիմա բոլոր մանրամասները չեմ կիսի ձեզ հետ, չնայած իրականում հետաքրքիր են, որովհետև ընթացակարգեր կան, որոնք առաջին հայացքից չեն երևում: Իմիջիայլոց, կարծում եմ՝ կարող ենք այդ քննարկումների արդյունքները նաև լուսաբանել, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչի մասին է խոսքը;

Հաջորդ խնդիրն ուղեկցում է Պարեկային ոստիկանության հիմնադրմանը: Գիտեք, որ կորոնավիրուսի հետ կապված խնդիրներով ավտոմեքենաների շուկայում մեծ հարցեր են առաջացել՝ շուկայում ավտոմեքենաների դեֆիցիտ կա: Մենք այս փուլում արձանագրել ենք և Ոստիկանության պետն ասաց, որ բացի այն, որ մրցույթ է հրավիրվել, նաև հրավիրվել են Հայաստանում գործող ընկերությունների ներկայացուցիչները, նրանց ասվել է, որ մեզ պետք են այս պարամետրերով մեքենաներ: Ընդ որում, Ոստիկանության բարեփոխումների խորհրդում էլ քննարկել ենք նաև այդ հարցը, թե ինչու ենք մենք այս պարամետրի մեքենա ընտրում և ոչ թե մեկ ուրիշ, ընդհուպ քննարկել ենք, թե ինչու է մեր տեխնիկական առաջադրանքի մեջ գրած մեքենայի երկարությունն այսքան և ոչ թե 5 սմ դրանից պակաս, ավելի և այսպես շարունակ:

Արձանագրել ենք, որ մեքենաների առաջարկի հետ կապված խնդիր ունենք, այսինքն՝ մյուս ընկերություններն արձանագրում են, որ ընդհանրապես մեզ անհրաժեշտ ժամկետներում չեն կարող մատակարարել մեքենաներ: Եթե նկատել եք, Շիրակի և Լոռու մարզերում Պարեկային ոստիկանության մեքենաները սև գույնի են, Երևանում՝ սպիտակ: Այդտեղ էլ խնդիր կա. ի սկզբանե որոշված էր, որ պետք է լինեն սպիտակ, բայց նախորդ փուլում մենք արձանագրեցինք, որ եթե շարունակենք պահել սպիտակի պայմանը, մեքենա չենք ունենա, որովհետև կրկին մեկ ընկերություն էր մեզ առաջարկում այդ պարամետրի մեքենա՝ արձանագրելով, որ կարող է բերել միայն սև գույնի մեքենա, եթե մենք սպիտակի պայմանը դնենք, ինքը չի կարողանա ներկրել: Մենք գնացինք այդ լուծմանը, այդ կոմպրոմիսին: Հիմա այս պարագայում ունենք խնդիր. մեքենա կարող է բերել կրկին մեկ ընկերություն՝ «Տոյոտա Երևան»-ը, բայց այս պարագայում էլ չի կարող բերել այն մեքենաներից, որոնք ձեռք ենք բերել Շիրակի և Լոռու մարզերի համար: Այդտեղ, անկեղծ ասած, դիսկոմֆորտ ունենք, որովհետև ստացվում է, որ մեքենաների տեսականին ավելի լայն է, սակայն ճիշտ կլիներ, որ 1-2 մոդել լինեին:

Բայց հիմա պարզվում է, որ 4 մարզերի համար ոչ միայն չենք կարող նախորդ մոդելներից բերել, ոչ միայն չենք կարող կրկին սպիտակ գույնի բերել, չնայած այս պարագայում կարծես հնարավոր էր, սակայն մեզ կարծես սևն ավելի է դուր եկել, բայց կա խնդիր: Կա մեկ մոդելի մեքենա, որը շատ թե քիչ մոտ է մեր պարամետրերին և այդ մեքենաներից ոչ բոլորը կարող են լինել ավտոմատ փոխանցման տուփով՝ մի մասը մեխանիկական փոխանցման տուփով կլինեն, մի մասը՝ ավտոմատ:

Մեր ընտրությունը հետևյալի մեջ է. կամ կանգնեցնում ենք Պարեկային ոստիկանության հետագա զարգացումը, մինչև կունենանք մեքենաների շուկայում խնդրի լուծում, կամ շարունակում ենք: Մեր քաղաքական որոշումն է, որ չենք կարող գործընթացը կանգնեցնել: Այս դեպքում արդեն, նաև ժամանակ չկորցնելու համար ուղիղ գնում ենք անում, որովհետև պոտենցիալ բոլոր մասնակիցներն արձանագրել են, ընդ որում՝ նաև պաշտոնապես է արձանագրվել, որ իրենք չեն կարողանալու այդ հարցը լուծել: Որպեսզի ժամանակ շահենք, իհարկե, այնտեղ փոքր կազմակերպական խորամանկություններ ունենք. 4 մարզերի համար այս մոդելի մեքենաներն ամենագնացներ են, մտածել ենք, որ, փորձենք այս մեքենաներից մեկ խմբաքանակ ավելի շուտ բերել, դրանք տրամադրել Շիրակի և Լոռու մարզերին, այնտեղից սեդաններ վերցնել, որովհետև արդյունավետության համար ճիշտ կլինի, որ 4 մարզերում թեկուզ քիչ քանակությամբ, բայց, այնուամենայնիվ, մայրուղիների վրա հերթապահության համար նաև սեդաններ ունենալ: Նաև սա է պատճառը, որ նորից մրցույթ չենք հայտարարում որովհետև կանխատեսելի է, թե ով է մրցույթում հաղթելու և ինչ պայմաններով: Այս ընթացակարգով ենք գնում՝ առաջին խմբաքանակը հնարավորինս շուտ բերելու և մեքենաների ներքին վերաբաշխումներն իրականացնելու համար:

Սա է պատմությունը: Կրկին ուզում եմ ընդգծել, որ հրապարակային ասված ամեն բառ Ոստիկանության բարեփոխումների խորհրդի նիստում իմ մասնակցությամբ քննարկվել է, բոլոր հարցերի պատասխանները տրվել են: Իհարկե, հույս ունեմ՝ հարցերը բարձրացրած անձինք իրենք կասեն, որ դրանք քննարկվել են և ինչ պատասխաններ են ստացվել, բայց եթե չասեն էլ, մենք կարող ենք լուսաբանել, որովհետև բոլոր հարցերի պատասխաններն ունենք»:

Պետությունը կաջակցի պատերազմի մասնակիցների մասնագիտական վերապատրաստմանը և աշխատանքի տեղավորելուն

Կառավարությունը հաստատել է Ադրբեջանի կողմից 2016 և 2020 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման ծրագիրը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը զեկուցել է, որ ծրագրի նպատակն է աջակցել պատերազմի մասնակից գործազուրկ անձանց՝ համալրելու գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերը: Ծրագիրն ունի 3 բաղադրիչ՝ մինչև 5 ամիս տևողությամբ շահառուի մասնագիտական ուսուցում, գործատուի մոտ 3 ամիս տևողությամբ փորձաշրջան, և եթե, գործատուի կարծիքով, մասնագիտական ուսուցման ու փորձաշրջանի կարիք չկա, միանգամից աշխատանքի ընդունում և միանվագ փոխհատուցում: Առաջարկվում են փոխհատուցման հետևյալ չափերը. ուսուցման ամբողջ ժամանակահատվածի համար մինչև 5 ամիս տևողությամբ ուսման վարձի փոխհատուցում՝ ամսական կտրվածքով, առավելագույնը 50000 ՀՀ դրամի չափով, կրթաթոշակ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով: Մասնագիտական ուսուցման գործընթացն անցնելուց հետո կնքվում է աշխատանքային պայմանագիր՝ 1 տարի ժամկետով, և ամսական կտրվածքով գործատուին առաջարկվում է տրամադրել առավելագույնը 50000 ՀՀ դրամ՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկային վճարումների համար: Փորձաշրջանի դեպքում առաջարկվում է գործատուին փոխհատուցում տրամադրել շահառուի աշխատավարձի վճարման համար նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ ամսական կտրվածքով, 3 ամիս տևողությամբ, և շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկային վճարումները փոխհատուցելու համար՝ 3 ամիս ժամկետով, յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 25000 ՀՀ դրամի չափով և 9 ամիս ժամկետով՝ առավելագույնը 50000 ՀՀ դրամի չափով: Երրորդ բաղադրիչով առաջարկվում է գործատուին տրամադրել 300000 ՀՀ դրամի չափով միանվագ փոխհատուցում, եթե վերջինս առնվազն մեկ տարի ժամկետով կկնքի աշխատանքային պայմանագիր: Նախարարը նշել է նաև, որ մեկ այլ նախագծով ներկայացվելու է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության պետական ծրագիրը, համաձայն որի՝ եթե պատերազմի մասնակիցն ունենա հաշմանդամություն, գործատուն կկարողանա օգտվել նաև իր աշխատանքային միջավայրի հարմարեցման համար նախատեսված 500000 ՀՀ դրամի չափով աջակցությունից:

Վարչապետը, անդրադառնալով որոշմանը, նշել է. «Հարգելի գործընկերներ, թեման վերաբերում է 2016թ. 4-օրյա և 2020թ. 44-օրյա պատերազմի մասնակիցների մասնագիտական վերապատրաստմանը և աշխատանքի տեղավորելուն: Մեր դիտարկումները ցույց են տալիս, մեր շփումների ընթացքում արձանագրում ենք, որ պատերազմի մասնակից մեր հայրենակիցները, մեր տղաները հիմնականում աշխատանք գտնելու հետ կապված խնդիրներ են ունենում, և այդ խնդիրը կապված է նրա հետ, որ նրանք մասնագիտական որոշակի հմտություններ ձեռք բերելու հարց ունեն: Քննարկումների արդյունքում որոշեցինք այս որոշումը կայացնել, որի իմաստը հետևյալն է. ա) մենք խրախուսում ենք, պետությունն աջակցում է, որ նրանք մասնագիտական վերապատրաստում անցնեն, բ) դա կարող է տեղի ունենալ ուսումնական հաստատություններում և դա կարող է ունենալ ուսուցում աշխատանքի միջոցով տրամաբանությամբ: Երկու դեպքում էլ որոշակի ֆինանսավորում ենք հատկացնում, որպեսզի պրոցես տեղի ունենա: Ուսումնառության դեպքում 50000 ՀՀ դրամ ուսման վարձի փոխհատուցում ենք տալիս, գումարած՝ հենց շահառուին նվազագույն աշխատավարձի կիսով չափ կրթաթոշակ, իսկ եթե գործատուի մոտ աշխատում է, այսինքն՝ ենթադրվում է, որ այդ պարագայում աշխատավարձ պիտի ստանա, արդեն գործատուին ենք փոխհատուցում՝ հարկային վճարումների մասով: Նպատակն այն է, որ պատերազմի մասնակիցների ուսումնառությունը և աշխատանքի ներգրավվածությունն էականորեն ավելանա: Պետք է հետևել, որպեսզի այս ծրագիրը նորմալ աշխատի: Նախապատրաստման ընթացքում մենք շփումներ ենք ունեցել և՛ պատերազմի մասնակիցների, և՛ գործատուների որոշակի շրջանակի, և՛ ուսումնական հաստատությունների հետ: Ամեն դեպքում շատ կարևոր է, որ որոշումն ընդունելուց, ուժի մեջ մտնելուց հետո մոնիթորինգ իրականացնենք, տեսնենք, թե քանի հոգի է ծրագրից օգտվում: Եթե կտեսնենք, որ թիվը բավարար ենք համարում, ուրեմն ամեն ինչ նորմալ է, իսկ եթե կտեսնենք, որ շահառուների ակտիվություն չկա, ուրեմն նորից պետք է գնալ ծրագրի հետևից, շփվել և՛ շահառուների, և՛ ուսումնական հաստատությունների, և՛ գործատուների հետ, տեսնել՝ ինչն այնպես չէ մեր ծրագրում, որ չի աշխատում, որպեսզի ըստ անհրաժեշտության լավարկենք»:

Նախարարը տեղեկացրել է, որ որոշ գործիքներ արդեն փորձարկված են: Մասնավորապես, մինչև 2021թ. դեկտեմբերը մասնավոր ընկերությունների, կրթական հաստատությունների հետ նման վերապատրաստումներ և զբաղվածության մրցունակությունը բարձրացնող ծրագրեր են իրականացվել պատերազմի ավելի քան 1000 մասնակից և հաշմանդամություն ունեցող զինվորների համար, որոնց մեծ մասն արդեն աշխատանք ունի: Պաշտպանության նախարարության հետ համատեղ ներդրվել է համակարգ, որով պարտադիր զինծառայությունից զորացրվելուց մեկ ամիս առաջ համատարած գնահատվում են զինծառայողների մասնագիտական կարիքները:

Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակում, քննարկվել են գործընթացի արդյունավետ կազմակերպմանը և կիրարկման մեխանիզմի լավարկմանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ պետությունը նպատակադրում է աջակցել զինծառայողին զորացրվելուց հետո մասնագիտական կողմնորոշման և աշխատանքի տեղավորելու հարցում, եթե նա ունի դրա կարիքը և ընդգծել, որ որոշումների կայացումից հետո պետք է պատշաճ մոնիթորինգ իրականացնել և պարզել, թե որքանով է մարդը դրանից օգտվելու հնարավորություն ստանում. «Կառավարության նիստերում ընդհանրապես մեր տրամադրվածությունն այն է, որ որոշումները կայացնում ենք մարդկանց համար, և երբ դրանք ձևակերպում ենք, կարդում ենք, շատ լավ հնչում են: Բայց շատ կարևոր է հետո գնալ և տեսնել շահառուին, տեսնել՝ այդ տեքստը շահառուի կյանքում փոխեց ինչ-որ բան դեպի լավը, թե մենք ընդամենը լավ տեքստ ասացինք, հետո գնացինք մեկ ուրիշ նոր լավ տեքստ գրելու, իսկ մարդու վիճակը մնաց նույնը: Սա ամենամեծ պրոբլեմն է, ընդ որում, ուզում եմ անկեղծ խոստովանել, որ ամեն քայլափոխի այդ պրոբլեմը կա: Նույնիսկ լինում են դեպքեր՝ որոշումն ընդունում ենք, հետո հաշվետվությունների մեջ ասում ենք՝ այս որոշումը ընդունեցինք, այսօրվանից ուժի մեջ է մտել, հետո մեկ տարի հետո պատահաբար տեսնում ենք, որ որոշումը, ճիշտ է, ընդունվել է, ուժի մեջ է մտել և գործարկվել է, բայց մենք այնտեղ մի կարգավորում ենք արել, որ մարդը դրանից չի կարողանում օգտվել: Այսինքն՝ բնության մեջ այդ որոշումն իր ուղեծրով պտտվում է, բայց մարդու հետ չի հանդիպում: Երբեմն դժվար է հասկանալ, թե ինչպես է դա տեղի ունենում, բայց որ տեղի է ունենում, փաստ է: Կոպիտ օրինակ բերեմ՝ ավտոբուսը Ա կետից Բ կետը շարժվում է, բայց դռներ չունի և կանգառներում չի կանգնում, բայց երբ գալիս է պետական ծառայության հաշվետվությունը, զեկուցվում է, որ այն իր խնդիրը կատարել է: Ես պատկերավոր եմ ասում, բայց ամեն ամիս նման մի խնդրի հետ բախվում ենք՝ որ քաղաքական հայտարարություն ենք արել, որոշում ենք կայացրել, բայց մարդը չի առնչվում դրա հետ: Եկեք չմոռանանք, որ այս մեխանիզմը մենք մարդու համար ենք անում, և սա շատ կարևոր է: Այդպիսի պրոբլեմներ մենք ունենք բոլոր ոլորտներում»: Վարչապետը նաև տեղեկացրել է՝ Կառավարության նախորդ նիստում որոշում է կայացվել առ այն, որ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների պետպատվերով բուժսպասարկումը կիրականացվի առանց հերթի:
Քննարկվող ծրագրի առնչությամբ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը զեկուցել է, որ ծրագրով նախատեսվում է միջանկյալ գնահատման համակարգի ներդրում, և եկող տարվա փետրվարին կզեկուցվի արդյունքների մասին:

Ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամ է հատկացվել Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 27 բնակավայրում խմելու ջրի ենթակառուցվածքի նորոգման և կառուցման համար

Կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ 2022թ. պետական բյուջեում վերաբաշխում և փոփոխություններ կատարելու և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու վերաբերյալ:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ որոշման նպատակն է՝ գնման գործընթաց կազմակերպել ՀՀ 3 մարզի 27 բնակավայրի համար. ամիսներ առաջ հայտարարվել է պայմանով մրցույթ գնման նման ընթացակարգով՝ այդ բնակավայրերում խմելու ջրի մատակարարման ցանցերը/ջրի մաքրիչ կայանները վերանորոգելու կամ ամբողջովին նորերը կառուցելու համար, հիմա անհրաժեշտ է սկսել շինարարական աշխատանքները: Ծրագիրը նախատեսված է 2022-2024թթ. իրականացնելու համար, ընդհանուր արժեքը՝ 6 մլրդ 200 մլն ՀՀ դրամ գումար: Այս տարի անհրաժեշտ է հատկացնել 2 մլրդ 468 մլն ՀՀ դրամ, որից 2 մլրդ 414 մլն ՀՀ դրամը՝ շինարարության համար, 37 մլն ՀՀ դրամը՝ տեխնիկական և 15.8 մլն ՀՀ դրամը՝ հեղինակային հսկողության:

Վարչապետ Փաշինյանը նշել է այն բնակավայրերը, որտեղ իրականացվելու է նշված ծրագիրը. «Ըստ էության, արձանագրենք, որ սրանով մենք 6.2 մլրդ դրամի ներդրումային ծրագիր ենք սկսում՝ խմելու ջրի ցանցերի վերականգնման համար: Եվ հիմա այն բնակավայրերում, որոնց անունը կբարձրաձայնվի, որոշ հատվածներում ընդհանրապես ջրագիծ չկա, և ջրագիծ կկառուցվի, իսկ այնտեղ, որտեղ կա, վերակառուցում և նոր ջրագծեր կլինեն: Խոսքը հետևյալ բնակավայրերի մասին է. հիմնական մասը Արարատի մարզի բնակավայրեր են՝ Արարատի մարզի Արտաշատ և Մասիս քաղաքներ, Ազատավան, Բերդիկ, Բուրաստան, Շահումյան, Ոստան, Վերին Արտաշատ, Վերին Դվին, Ներքին Դվին, Նոր Ուղի, Նոր Կյանք, Փոքր Վեդի, Ղուկասավան, Նոր Կյուրի, Սիսավան, Արալեզ, Արբատ, Խաչփառ և Մխչյան գյուղեր, Գեղարքունիքի մարզի 5 բնակավայրեր՝ Ներքին Գետաշեն, Վարսեր, Վահան, Կարմիրգյուղ և Սարուխան գյուղեր և Սյունիքի մարզի երկու բնակավայրեր՝ Մեղրի և Ագարակ քաղաքներ:

Հարգելի գործընկերներ, դուք հիշում եք, որ Կառավարության նիստում վերջին շրջանում մենք հատ-հատ բարձրաձայնում ենք այդ ծրագրերը, և նաև ես ի սկզբանե ասել եմ, որ կոնկրետ ծրագրերի բարձրաձայնման նպատակը ոչ միայն իրազեկելն է հանրությանը, թե մենք ինչ գործողություններ ենք անում, այլև հանրության արձագանքներն ստանալը, թե ինչպես են տեղերում այդ աշխատանքներն իրականացվել: Պիտի ասեմ, որ նախորդ շրջանում մեր բարձրաձայնած ծրագրերից մեկ-երկուսի վերաբերյալ ունենք նեգատիվ արձագանքներ այն մասին, որ պատշաճ ձևով չի իրականացվել ծրագիրը կամ այն տեղում չի իրականացվել, որ պետք է իրականացվեր: Կարող ենք արձանագրել, որ սրանով հասել ենք նպատակին, որպեսզի նաև հանրությունը լիարժեք տեղեկանա: Այժմ մեկ դեպքով կարծես թե ունենք ծառայողական քննություն՝ Պետական վերահսկողության ծառայությունն է զբաղվում, նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Եվ եթե հետագա քննարկման ընթացքում ի հայտ գա անհրաժեշտություն՝ նյութեր ուղարկել իրավապահ մարմիններին, նյութերը կուղարկվեն նաև իրավապահ մարմիններին»:

Գ. Սանոսյանի պարզաբանմամբ՝ նշված բնակավայրերի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ դրանք «Վեոլիա ջուր» ընկերության սպասարկման տիրույթում են, և կան կարգավորման ենթակա խնդիրներ: Մասնավորապես, Արարատի մարզի 20 բնակավայրերը և ևս 50 բնակավայր հիմնականում Գառնիի աղբյուրների ջրով և տեղում պոմպերով են ջրամատակարարումն ապահովում, ծրագրում ներառված 20 բնակավայրը գտնվում են ամենավատ վիճակում: Մեղրիի և Ագարակի պարագայում ամբողջովին կառուցվելու են ջրի մաքրման նոր կայաններ. Ագարակի մաքրման կայանը կառուցվել է 1960-ական թթ., որի ոչ միայն վիճակը լավ չէ, այլև հզորությունը չի բավարարում: Նույնը վերաբերում է նաև Մեղրիին: 6.2 մլրդ ՀՀ դրամից շուրջ 2 մլրդ ՀՀ դրամն ուղղվելու է Մեղրիում և Ագարակում ջրի մաքրման նոր կայանների կառուցմանը:

Վարչապետը նկատել է, որ թե՛ ոռոգման, թե խմելու ջրի ամենամեծ պրոբլեմը համակարգում տեղի ունեցող կորուստներն են, և կա կորուստների 2 ուղղություն: «Մի մասը վարչարարության կորուստներ են՝ չֆիքսված գծեր կամ, ենթադրենք, տեղում ինչ-որ ստվերային գործարքներ, բայց հիմնական՝ շատ մեծ մասն այն է, որ ջրի մատակարարման համակարգը մաշված, քայքայված է, այսինքն՝ ջուրը խողովակով գնալու փոխարեն լցվում է հողի մեջ և տեղ չի հասնում՝ ենթադրենք, 100 լ ջուր ենք բաց թողնում, նշանակության կետ հասնում է երբեմն 40 լ, 30 լ, 20 լ, և բնականաբար, ջուրը սպառողներին չի հասնում», – ասել է Կառավարության ղեկավարը և անդրադարձել նաև «Վեոլիա ջուր» ընկերության գործունեությանը: ««Վեոլիա ջուր» ընկերության հետ մենք ունենք կնքած պայմանագիր, գործընկերային հարաբերություններ, իրենք ունեն պարտավորություններ, Կառավարությունն ունի պարտավորություններ, և համակարգն արդյունավետ կառավարելու համար մենք պետք է փոխադարձաբար մեր պարտավորությունները հնարավորինս ժամանակին և ճշգրիտ կատարենք: Արդյունքում, իհարկե, պետք է շահի սպառողը, քաղաքացին», – եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031