Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ՌԴ-ին պետք լինի որեւէ տեղեկություն փոխանցել Ադրբեջանին, ապա դա կանի առանց որեւէ փաստաթղթի»․ Հակոբ Բադալյան

Հուլիս 21,2022 15:47

Ադրբեջանն ու Ռուսաստանը Բաքվում համաձայնագիր են ստորագրել՝ հետախուզության ոլորտում համագործակցության, երկու երկրների տարածքային ամբողջականության պաշտպանության նպատակով։ Սա Բաքվում լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ Իսկ ահա ՀՀ-ի դեպքում նման փաստաթուղթ չկա․ Երեւանում Նարիշկինն ասաց, որ ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ին՝ առանձին հետախուզական ծառայություն ստեղծելու համար։ Թեմայի շուրջ Aravot.am-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

-Պարոն Բադալյան, ձեր դիտարկմամբ, ի՞նչ պետք է եզրակացնել՝ Ռուսաստանի եւ Բաքվի միջեւ «տարածքային ամբողջականության պաշտպանություն» անվան տակ։

-Նախ, կարծում եմ՝ այդ փաստաթուղթը որոշակի շարունակությունն է փետրվարի 22-ի դաշնակցային հռչակագրի, որը Մոսկվայում ստորագրվեց Պուտինի եւ Ալիեւի միջեւ։ Եվ այժմ հետախուզության ոլորտում մենք տեսնում ենք դրա փաստացի շարունակությունը։ Ընդհանուր առմամբ, սա ՌԴ-ի քաղաքականության մասն է՝ Կովկասում իր ազդեցությունը պահպանելու, իսկ հնարավորության դեպքում՝ ընդլայնելու համար։ Այս տեսանկյունից բնական է, որ Ադրբեջանի հանդեպ նույնպես պետք է լինի այսպես կոչված «ուշադրություն ու նախաձեռնողականություն»։ Գաղտնիք չէ, որ ՌԴ-ն Կովկասում իր ազդեցության առանցքային միջոց կամ հենակետ է դիտարկում նաեւ Ադրբեջանին։ Ռուս-ադրբեջանական հարաբերություններում այս առումով նոր բան չկա, եւ այն, ինչ ստորագրվեց, եղածի ընդլայնման եւ խորացման քաղաքականությունն է։

-Նարիշկինը Երեւանում ասաց․ «Իմ այցը կապ չունի այստեղ իմ ամերիկացի գործընկերոջ ժամանման հետ։ Բայց չեմ բացառում, որ իր այցը կապ ունի իմ օրակարգի հետ»։ Ի՞նչ եզրակացնել այս ակնարկից։

-Նարիշկինի այցն առանձնահատուկ ուշադրության արժանացավ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության պետ Ուիլյամ Բըրնսի՝ կովկասյան այցի ֆոնին։ Սրանից անմիջապես հետո եղավ Նարիշկինի այցը։ Կասկած չունեմ, որ ռուսական կողմը տեղյակ էր, որ պատրաստվում է ԱՄՆ-ի գլխավոր հետախույզի այցը տարածաշրջան։ Նարիշկինի «պատասխան այցը» պլանավորվել է զուգահեռ եւ այնպիսի ժամանակային հաշվարկով, որ անմիջապես հաջորդի ԱՄՆ-ի պաշտոնյայի այցին՝ ընդգծելու համար, որ ՌԴ-ն չի պատրաստվում տարածաշրջանում զիջել իր դիրքերը։ Նարիշկինի հայտարարությունները Երեւանում եւ Բաքվում, վերջինիս հետ փաստաթղթային զարգացումները միտված են հենց այս նպատակին։

-Ձեր դիտարկմամբ, որքանո՞վ են հիմնավորված մտահոգությունները, որ նշյալ փաստաթղթով Ռուսաստանը Բաքվին կփոխանցի, օրինակ, Հայաստանին կամ Արցախին վերաբերող ռազմական բնույթի, ռազմական կարողություններին վերաբերող տեղեկություններ։

-Ռուսաստանը եթե պետք է նման տեղեկություններ փոխանցի Բաքվին, ապա այդ փաստաթղթի լինել-չլինելը բացարձակ չի խանգարի դրան։ Այնպես չէ, որ առանց այդ փաստաթղթի ՌԴ-ի եւ Ադրբեջանի հետախուզությունների միջեւ չի եղել եւ չկա որեւէ գործակցություն, այդ թվում՝ ՀՀ-ի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ռիսկ։ Կրկնեմ, որ փաստաթուղթը չի ավելացնում կամ նվազեցնում այդ ռիսկերը։ Դրանք կան, եւ ՌԴ-ն մշտապես ունեցել է եւ ունի այդ տեղեկատվությունն իրեն անհրաժեշտ պահին Ադրբեջանին տրամադրելու հնարավորություն։ ՀՀ-ում այս ռիսկի կանխավարկածը մշտապես կա։ Մենք մեր քայլերը մշտապես պետք է այս կանխավարկածի վրա կառուցեինք։

Այդ փաստաթուղթն ավելի շատ ՌԴ-ին է պետք՝ Ադրբեջանին որեւէ կերպ իրեն կապելու տրամաբանության մեջ։ Այն միտված է ավելի շատ ադրբեջանական կողմի մոտ փոխադարձ պարտավորություններ առաջացնելուն։ Եթե ՌԴ-ին պետք լինի որեւէ տեղեկատվություն փոխանցել Ադրբեջանին, կրկնեմ, որ դա կանի առանց փաստաթղթի էլ։ Եթե ՌԴ-ն անհրաժեշտ գտնի այդ տեղեկատվության հիման վրա Ադրբեջանի հետ ինչ-ինչ սակարկություններ անել, ապա ռիսկը մշտապես կա։ Սա, ընդհանուր առմամբ, Կովկասում ՌԴ-ի դիրքի ամրապնդմանն է ծառայում։ Սա բարդ քաղաքական գործընթաց է, աշխարհաքաղաքական պայքար եւ տարածաշրջանային իրողություն, որում խաղացողները ոչ միայն ՌԴ-ն ու ԱՄՆ-ն են, այլ Իրանն ու Թուրքիան։ Ադրբեջանի մասով Թուրքիայի եւ Իրանի գործոնն ավելի էական է ռուսների համար։ Ուստի նշյալն այդ բարդ գործընթացում ռուսների համար խաղի մի դրվագն է միայն, որն, անշուշտ, մեր համար ռիսկեր ունի։ Որքան խորանում է ռուս-ադրբեջանական գործակցությունը, այնքան մեր համար խորանում է դրա գործարքային հետեւանքների ռիսկը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031