Հայաստանի քաղհասարակության մի խումբ կազմակերպություններ այլընտրանքային զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտեին` Ադրբեջանի կողմից ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ:
«2016-ից մինչ օրս եղած խախտումները ներառել ենք զեկույցում, որը մի խումբ կազմակերպությունների կողմից ներկայացվել է կոմիտեին: Զեկույցը պատրաստելիս հաշվի ենք առել նաեւ փաստահավաք առաքելության տվյալները»,- «Մեդիա կենտրոնում» «Ադրբեջանի կողմից ռասսայական խտրականություն․ քաղհասարակության զեկույցը» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը:
Նրա խոսքով. «2020 թվականից հետո էլ պատրաստել ենք բավականին ընդգրկուն զեկույց, որում փորձել ենք անդրադառնալ մարդու իրավունքների խախտումներին, որոնք կատարվել են Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության նկատմամբ»:
«Հանուն Հադրութի» ՀԿ-ի նախագահ Լևոն Հայրյանն ասաց, որ հայատյացության դեմ պայքարը նոր չէ. «Այստեղ երկու հիմնական գործոն կա, առաջինն այն է, որ ադրբեջանցիները, թուրքերը եւ թաթարները, որոնք ներխուժել են Անդրկովկաս` իրենց ոտքին տեղ անելու համար պետք է ազատվեին բնիկներից: Այսինքն, այստեղ նրանց հայտնվելու օրվանից այդ պատերազմները գնացել են: Հայերը միշտ կռվել են, պայքարել իրենց ազատության համար, բայց դարերի ընթացքում թուլանալով` չեն կարողացել պահպանել իրենց տունը: Եկվորներն էլ անընդհատ առաջ են եկել: Թուրքերի ու թաթարների գեներում դրված ծրագիր է, որ այս տարածքում ապրելու համար պետք է վերացնել բնիկ ժողովուրդներին»:
Կարդացեք նաև
Լևոն Հայրյանի ձեւակերպմամբ, սեփականության իրավունքը աստծուց է տված, եւ որեւէ մեկը չի կարող դա բեկանել. «Միակ բանը, որ իրենք ուրիշի սեփականությանը տիրանալու հնարավորություն ունենան, այն է, որ սեփականատերը պետք է չլինի: Սրանով է թելադրվել թուրքերի գործելակերպը եւ Արեւմտյան Հայաստանում, եւ Անդրկովկասում:
Մեր ցավը կրկնակի մեծացավ ռուսների այստեղ հայտնվելուց հետո: Ռուսները որպես սովորական գաղութատերեր` իրենց ենթակա ժողովուրդներին անընդհատ գրգռում էին իրար դեմ, կռվեցնում, որպեսզի «բաժանիր, որ տիրես» քաղաքականությամբ հեշտ լինի ղեկավարելը:
Այսպես ռուսների դիրիժորությամբ 20-րդ դարում մի քանի բան ենք ունեցել. ամենացայտունը 1905-07թթ հայ-թաթարական կռիվներն էին, որտեղ մեծ կորուստների գնով հայերին հաջողվեց հաղթանակել: Բայց այդ հաղթանակը ռուսներին դուր չեկավ, եւ նրանք կազակների պատժիչ ջոկատներ մտցրին հայկական գյուղեր եւ սկսեցին մարդկանց ծեծել ու կոտորել…
Նույն ձեւով 1918-20թթ ռուսները խժդժություններ էին սարքում հայ-ադրբեջանական տիրույթում, նաեւ հայ-թուրքական եւ հայ-թաթարական: Վերջիվերջո, ռուսների խորհրդով 1936թ դեկրետով, որպեսզի չասեն եկվորներ են, անդրկովկասյան թաթարները հանկարծ դարձան ադրբեջանցիներ ու իրենց ներկայացրին որպես բնիկներ, նաեւ ինչ-որ ալբանական տեսություն են հնարել, իբր իրենք ալբանացիների հետնորդներ են…
Այս ամենը ներկայացրի, որպեսզի բացատրեմ, թե որտեղից է գալիս թուրքերի կողմից հայերին ջնջելու մոլուցքը: Վախից, որ մի օր հայը իր իրավունքներին, տուն ու տեղին ունեցվածքին տեր կանգնելու համար պետք է պահանջ դնի, որոշել են գնալ այլ ճանապարհով»:
«2020թ պատերազմը կրկին փաստեց, որ ադրբեջանցին կամ թուրքը միայն հային մորթելով, ցեղասպանելով, քշելով է տիրանում հայի ունեցվածքին, մեր սրբատեղիներին, փորձում է սրբատեղիները յուրացնել, ներկայացնել ալբանական»,-ասաց քաղաքացիական ակտիվիստ Արտավազդ Ստեփանյանը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` Մեդիա կենտրոնի