Հայաստանի 3 մարզերի 27 բնակավայրերի համար ամիսներ առաջ հայտարարվել է մրցույթ, որպեսզի իրականացվեն այդ բնակավայրերում խմելու ջրի մատակարարման ցանցերի կամ ջրի մաքրիչ կայանների վերանորոգում կամ նորերի կառուցում: Այսօր այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նախարարի խոսքով, հիմա անհրաժեշտություն կա, որ պայմանագրերն ուժի մեջ մտնեն եւ դրա համար գումար հատկացվի. «Ծրագիրը բավական մեծ է, նախատեսված է 2023-2024 թվականների համար, կպահանջվի 6,2 միլիարդ դրամ: Այս տարի անհրաժեշտ է հատկացնել 2,468 միլիարդ դրամ, որպեսզի պայմանագրերը կնքվեն եւ ծրագրերը սկսեն աշխատել»:
Պարոն Սանոսյանն ասաց, որ նշված բոլոր բնակավայրերը «Վեոլիա ջուր» ընկերության սպասարկման տիրույթում են եւ ունեն որոշակի խնդիրներ, որոնց կարգավորման անհրաժեշտություն կա: Ըստ նրա՝ այդ բնակավայրերից շատերը մատակարարվում են Գառնի ջրով եւ պոմպերով. «Կա ջրի սեզոնային լրջագույն խնդիր եւ 70-ից 20 բնակավայրը ամենավատ վիճակում են գտնվում»: Նախարարի խոսքով՝ Մեղրիի ու Ագարակի պարագայում խոսքը մաքրման կայանների մասին է:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ջրամատակարարման ցանցի մաշվածության պատճառով էլ ջրի կորուստներ են լինում, ապա թվարկեց, թե որ բնակավայրերի մասին է խոսքը. «Արարատի մարզի Արտաշատ եւ Մասիս քաղաքներ, Ազատավան, Բերդիկ, Բուրաստան, Շահումյան, Ոստան, Վերին Արտաշատ, Վերին Դվին, Ներքին Դվին, Նոր ուղի, Նոր Կյանք, Փոքր Վեդի, Ղուկասավան, Նոր Կյուրի, Սիսավան, Արալեզ, Արբաթ, Խաչփառ եւ Մխչյան գյուղեր: Գեղարքունիքի 5 բնակավայրեր՝ Ներքին Գետաշեն, Վարսեր, Վահան, Կարմիրգյուղ եւ Սարուխան գյուղեր: Սյունիքի մարզի Մեղրի եւ Ագարակ քաղաքներ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ