ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, մայիսի 14-ին կալանավորված Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորագրեր էին ներկայացրել, որոնցով Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը մայիսի 25-ին դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն։ Հունիսի 13-ին պարզ դարձավ, որ երաշխավորությունը մերժվել է: Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը բողոքարկել էր դատախազի այս որոշումը: Այս գործով այսօր դատական նիստ էր նշանակված, սակայն, առավոտյան պարզ դարձավ, որ նիստը չի կայանալու: Դատավոր Շիրոյանի աշխատակազմից զանգահարել են Ավետիք Չալաբյանի պաշտպաններին եւ տեղեկացրել, որ նիստն անորոշ ժամկետով հետաձգվում է, քանի որ կալանքի քննություններ կան:
Այս գործով առաջին՝ դռնբաց դատական նիստին, պաշտպանները ներկայացրել էին իրենց դիրքորոշումը: Դատախազը չէր եկել այդ նիստին, դատավորը հետաձգեց դատը՝ պահանջելով, որ դատախազն անպայման գա եւ պատասխանի հարցին, թե ի՞նչ հիմքով են մերժվել երաշխավորությունները:
«Մեր ծանրակշիռ փաստարկներին, դատախազը, բնականաբար, որեւէ հակափաստարկ չունի, որովհետեւ մենք շատ պարզ, առաջին կուրսի ուսանողի համար հասու հարցադրում ենք արել՝ եթե դուք մերժել ենք երաշխավորություններն այն պատճառաբանությամբ, որ կալանքի հիմքերն ու պայմանները դեռեւս պահպանված են, ապա խնդրում ենք հայտնել, եթե երաշխավորությունները բավարարելու հիմքը կալանքի հիմքերի ու պայմանների պահպանված լինելն է, երաշխավորություններն էլ ո՞ւմ են պետք: Եթե կալանքի հիմքերն ու պայմանները չլինեն, ապա, դատախազն ինքն է պարտավոր վերացնել խափանման միջոցը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի անդամ Վարազդատ Հարությունյանը՝ հավելելով, որ դատախազությունում այս հարցին պատասխան չունեն, քանի որ կամայականորեն են մերժել՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քաղաքական պատվերի համատեքստում:
«Գան դատարան ի՞նչ ասեն: Ասեն՝ Սեյրան Օհանյանն ի զորու չէ՞ ապահովել Ավետիք Չալաբյանի պատշաճ վարքագ՞ծը. ԱԺ հինգ պատգամավորի, նախկին փոխվարչապետին, «ԱրԱր» հիմնադրամին մերժել են, ի՞նչ է, ամեն գործով այդ քանակի եւ այդ որակի երաշխավորություններ ե՞ն ներկայացվում եւ դա իրենց համար հերթական բա՞ն է»,- հեգնեց պաշտպանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ