Այս օրերին երաժշտության վերելքով Արցախում է «Զարթոնք» ակադեմիան: Կազմակերպիչների փոխանցմամբ՝ հուլիսի 18-31-ը «Զարթոնքը» Ստեփանակերտում արդի ուսուցման զինանոցով անցկացնում է ամառային երաժշտական, ստեղծագործական արվեստի օրեր։
«Զարթոնք» արվեստի ակադեմիայում ներառված են վարպետության դասեր ժողովրդական, կամերային, դասական վոկալի և ջազ երաժշտության, գրաֆիկ դիզայնի և ստեղծագրության ոլորտներում։ Ակադեմիայի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանը, իսկ կազմակերպիչը՝ «Ատգեն Արմենյան» հիմնադրամը։
Ակադեմիայի տնօրեն, «Ատգեն Արմենյան» հիմնադրամի նախագահ Վան Արմենյանը նշեց, որ «Զարթոնքը» առաջին անգամ Հայաստան է եկել 2019 թվականին և դասընթացը կազմակերպվել էր Վանաձորում՝ այդպիսով վարպետները պատանի երաժիշտների մասնագիտական կարողությունները զարգացրեցին: Վան Արմենյանը նաև ավելացրեց, որ Արցախում «Զարթոնքը» այս օրերին համերգներ է կազմակերպելու՝ բարձրորակ երաժշտությամբ հագեցնելով տեղի բնակչության առօրյան:
Կարդացեք նաև
«Զարթոնք» ակադեմիայի վարպետների կազմը ձևավորված է Հայաստանից և արտասահմանից ժամանած ոլորտի առաջատար մասնագետներից:
Ակադեմիայի նպատակը տարածաշրջանում պատերազմի, համաճարակի և քաղաքական իրադարձությունների թիրախ դարձած արցախցուն ոգեշնչելը, երաժշտությամբ, մշակույթով, արվեստով ապագայի դրական և գործնական ուղիներ բացահայտելն է: