Առաջիկա ամիսներին կունենանք հակակոռուպցիոն դատարաններ երեք ատյաններում: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Ըստ նրա, մյուս կարեւոր ուղղությունը դատական գործընթացների թվայնացումն է:
Նախարարը նաեւ հայտնեց, որ 2022-2026 թվականների ռազմավարությամբ նախաձեռնելու են, որ բոլոր գործող դատավորների բարեվարքությունը ստուգվի: Ներկայումս միայն համակարգ մտնող նոր դատավորների բարեվարքությունն են ստուգում: Կարեն Անդրեասյանի խոսքով, սա կոռուպցիայի դեմ պայքարի լրջագույն միջոց կդառնա: «Բարեվարքության ստուգում է նախատեսվում նաեւ դատախազների, քննիչների, քրեակատարողական համակարգի աշխատակիցների եւ մի շարք այլ ոլորտների համար»,-ասաց նա՝ նշելով, որ մեկ այլ կարեւոր քայլ է ԲԴԽ-ում կարգապահական որոշումների բողոքարկման հնարավորության նախատեսումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իշխանություններին ամենաշատը քննադատում են, որ դատական համակարգում բարեփոխումները բավարար հաջողություն եւ ինտենսիվություն չեն ունեցել. «Վերջերս ես թերթում էի «Արեւելյան գործընկերության» երկրների զեկույցը եւ արձանագրեցի, որ մի շարք ուղղություններով Հայաստանը «Արեւելյան գործընկերության» երկրների շարքում առաջատար դիրքեր ունի, եւ այդ ցանկում է նաեւ «անկախ դատական համակարգ» վերնագիրը: Մի կողմից լավ է, որ ինքներս մեզնից ավելին ենք պահանջում, սակայն մեր միջազգային գործընկերների արձանագրմամբ՝ ունենք շատ էական առաջընթաց»:
Ասաց, որ Հայաստանն առաջատար է նաեւ ընտրությունների վստահելիության, կոռուպցիայի դեմ պայքարի, խոսքի ազատության ուղղություններով:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանի խոսքով, սնանկության կառավարիչների ինստիտուտն աշխատում է փոփոխական հաջողություններով եւ հիմա կառավարությունը նախատեսում է ստեղծել հնարավորություն, որ որեւէ միջազգային ընկերություն հրավիրվի որպես սնանկության կառավարիչ: «Մեր երկրում 20 եւ ավելի տարվա սնանկության գործեր կան, որոնք ունեն մի առանձնահատկություն, որ պարտատերերն այդ ընկերություններից իրենց ստանալիքը չեն կարողանում ստանալ եւ դա անվերջանալի գործընթաց է: Երբեմն գործեր ունենք, որ գույքը կա, ամեն ինչը կա, բայց գործերն առաջ չեն գնում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ