Լոռու մարզի տնտեսական զարգացման խթանմանն էր ուղղված այսօր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպված համաժողովը, որին մասնակցում էին գյուղատնտեսության, բնապահպանության, զբոսաշրջության ոլորտներում գործող տեղական և միջազգային դոնոր կառույցների ներկայացուցիչները։
Համաժողովը կազմակերպվել էր Լոռու մարզպետարանի ու ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) համատեղ նախաձեռնությամբ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակում։
Համաժողովի նպատակն էր մասնակից կառույցներին հարթակ և հնարավորություն տրամադրել իրենց ծրագրերը ներկայացնելու համար, տեղեկանալ մարզում գործունեություն ծավալող այլ կառույցների և ծրագրերի մասին՝ հետագայում գործողությունների կրկնություններից խուսափելու, միմյանց հետ համագործակցության եզրեր գտնելու, ինչպես նաև, հնարավորության շրջանակում, համաֆինանսավորմամբ ծրագրեր իրականացնելու նպատակով։
Ներկաներին ողջունեց և նախաձեռնությունը մարզի տնտեսական զարգացման առումով կարևորեց Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը.
-Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և անձամբ իմ անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել այս համաժողովի բոլոր նախաձեռնող կողմերին և կազմակերպիչներին, իրականացնողներին: Գյուղատնտեսության, բնապահպանության և զբոսաշրջության ոլորտներում առաջատար դիրքեր գրավող դերակատարներին մեկ վայրում հավաքելը, նման կարևոր թեմաներով քննարկումների կազմակերպումը, էական նշանակություն կարող է ունենալ առաջիկայում լուրջ ծրագրեր մտահղանալու և կյանքի կոչելու համար, ինչը շատ կարևոր է մեր երկրի, մեր մարզի սոցիալ-տնտեսական զարգացման առումով: Շատ կարևոր է նաև, որ նույն կամ նմանատիպ ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունները կարողանան համաժողովի ընթացքում ծանոթանալ ոլորտում իրականացող ծրագրերին, ինչը փոխգործակցության հնարավորություններ կընձեռի՝ նպաստելով իրականացվող ծրագրերն ավելի տարողունակ և բազմաճյուղ դարձնելու՝ ի շահ մեր երկրի ու մեր մարզի: Ուզում եմ նաև վստահեցնել, որ Լոռու մարզպետարանը պատրաստ է սատարել բոլոր ողջունելի նախաձեռնություններին,-ասաց նա:
Կարդացեք նաև
Համաժողովի կարևորությունն իր խոսքում ընդգծեց նաև ՄԱԿ ՊԳԿ ավագ տնտեսագետ Վարդան Բարսեղյանը:
-Լոռու մարզում իրականացվում են համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր՝ ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ՝ տեղական հասարակական կազմակերպությունների կողմից։ Ծրագրերի արդյունավետությունն ու կայունությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է ունենալ համակարգման հարթակ, որը թույլ կտա կոորդինացնել բոլոր ծրագրերի իրականացումը։ Այս համաժողովն այդ ուղղությամբ իրականացված առաջին քայլն է,-ասաց նա:
Համաժողովին մասնակցեցին և Լոռու մարզում գյուղատնտեսության, բնապահպանության և զբոսաշրջության ոլորտներում իրականացվող ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը ներկայացրեցին շուրջ 20 կազմակերպություններ, որոնք մեծապես նպաստել ու նպաստում են մարզի տարբեր համայնքներում բնակվող քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը՝ իրենց մեջ ներառելով ինչպես բիզնես բաղադրիչ, այնպես էլ՝ կրթական բաղադրիչ: Այս կերպ նաև հեռահար կերպով նպաստում համայնքների, հետևաբար նաև՝ մարզի և երկրի զարգացմանը:
Համաժողովի ավարտին քննարկվեցին հետագա համագործակցության մեխանիզմները և պայմանավորվածություն ձեռքբերվեց հաջորդ համաժողովի կազմակերպման վերաբերյալ:
Այս նախաձեռնությունը «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» (LEAD) ծրագրի բաղադրիչներից է։ Վերջինս ֆինանսավորվում է Եվրոպական միության և իրականացվում ՊԳԿ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությամբ։ Ծրագիրն օգնում է Լոռու և Տավուշի մարզերի բնակչությանն ակտիվ դերակատարում ունենալ ներառական, ճկուն և կայուն տեղական զարգացման գործընթացում։ Այս քառամյա ծրագիրը կենտրոնանում է նշված մարզերում Եվրոպական միության LEADER մեթոդաբանության տեղայնացման վրա։ Այն աջակցում է համայնքների զարգացմանը նպաստող նախաձեռնություններին՝ մեկտեղելով տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության ու մասնավոր հատվածի ջանքերը:
Լոռու մարզպետարան