Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը չունի զիջումների գնալու մանդատ, դա չէ խաղաղության օրակարգը. բավական է պարտվողականության քարոզը ներկայացնել իրատեսության քողի ներքո. Տաթևիկ Հայրապետյան

Հուլիս 21,2022 12:04

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ ԱԽ քարտուղարը առաջին, ցավոք, նաև վերջին անգամ չէ, որ իր հայտարարությամբ օգնում է ադրբեջանական քարոզչամեքենային: Այսպես, նրա վերջին հայտարարությունը Արցախից զորքերի դուրսբերման հետ կապված, առիթ է տվել Բաքվի հասարակական քաղաքական շրջանակներին էլ ավելի ամրապնդել թեզն առ այն, որ ՀՀ–ն զորքեր ունի Արցախում, մինչդեռ անգամ միջազգային զեկույցներն են հակառակը պնդում: Ադրբեջանական կողմը, մասնավորապես՝ հասարակական–վերլուծական շրջանակները, ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարության հետևանքով նշում են, որ դա «լիազորում է Ադրբեջանին գործողությունների գնալ Լեռնային Ղարաբաղում»:

Դրան զուգահեռ Ադրբեջանը տեղեկատվական արշավ է սկսել ՀՀ–ի դեմ, որը որևէ կերպ չի չեզոքացվում: Շարունակ տարածվում են անհեթեթ տեսանյութեր (օրինակ՝ Ծիծեռնակաբերդի տեսանյութը), որով պետք է արագորեն զբաղվի ԱԱԾ–ն, քանի որ այդ մարդուն հայտնաբերելը այնքան դյուրին է: Փոխարենը՝ նա այսօր օդանավակայանից էր արդեն տեսանյութ գցում: Սա ցույց է տալիս, թե որքան անպաշտպան է մեր հանրությունը այսպիսի քարոզչական գործողությունների հանդեպ: Ադրբեջանը հստակ կիրառում է ուժի սպառնալիքի մեթոդը, դա արվում է և՛ երկրի առաջին դեմքի մակարդակով, և՛ տեղեկատվական տիրույթում: Ի պատասխան՝ իշխանական շրջանակները, նրանց հարող անձինք շրջանառում են «ցավոտ զիջումների գնալու թեզը»՝ որպես խաղաղության երաշխիք: Հիմա տրամաբանական հարց է առաջանում՝ ի՞նչ նկատի ունեն այդ մարդիկ՝ Արցախի՞ց հրաժարում, Սյունիքի՞ց հրաժարում, թե՞ միգուցե պետականությունից հրաժարում: Փոխարենը գրեթե չի խոսվում, թե ինչպես է ՔՊ–ն հրաժարվել իր նախընտրական ծրագրից, ինչպես ոչինչ չի արվել անվտանգային ոլորտում անցած երկու տարիների ընթացքում, ինչպես են երկրի վարչապետից սկսած պատգամավորներով վերջացրած իրենց սխալ հայտարարություններով ջուր լցրել Ադրբեջանի քարոզչական ջաղացին: Ուշագրավն էլ այն է, որ երբ հայտարարում են, թե հիմա շատ բարդ վիճակ է, դա բնավ չի խանգարում ստանալ պարգևավճարներ, չի խանգարում անօգուտ և անբովանդակ ուղևորություններ անել՝ որևէ արդյունք չբերելով:

Պետական շահը սպասարկող իշխանության պարագայում, երբ մարդկանց ներկայացվում է իրավիճակի բարդությունը, խոսվում է լուծման ուղիների մասին, խոսվում է անվտանգության ուժեղացման և այդ հարցում շարքային քաղաքացու դերի մասին, ոչ թե առավոտից երեկո պարտվողականության և «ցավոտ զիջումների» քարոզով ահաբեկում են մարդկանց: Քիչ է, որ Ադրբեջանը սպառնում է մեզ պատերազմով, մի հատ էլ ՀՀ իշխանություններն են իրենց պարտքը համարում «անկեղծության» քողի ներքո սպառնալ պատերազմով, եթե չթողենք գնան զիջումների: Նիկոլ Փաշինյանը չունի զիջումների գնալու մանդատ, դա չէ խաղաղության օրակարգը, վերհիշելու համար՝ կարող է բացել և իրենց իսկ նախընտրական ծրագիրն ընթերցել, միգուցե հասկանա, թե ինչպիսի խաղաղություն են խոստացել մարդկանց: Իսկ Ադրբեջանի ռազմատենչության և տարածքային հավակնությունների մասին որևէ լուր նորություն չէ, դրան դիմակայելու և խաղաղություն ապահովելու մի հստակ մեթոդ կա՝ այնպիսի բանակ և անվտանգային համակարգ ձևավորել, որ միշտ գերադասեն քեզ հետ բանակցել, քան քեզ վրա հարձակվել: Իսկ թույլ ու անպաշտպան պետության մասին քարոզը ևս հեռու է իրատեսությունից, թող ուսումնասիրեն համաշխարհային պատմությունն ու տեսնեն, թե ինչպես են այսպես կոչված «թույլերը» պահում իրենց երկիրը՝ խելքով, կամքով և համառությամբ, մեր պատմությունը բարեբախտաբար ևս հարուստ է նման դրվագներով: Բավական է պարտվողականության քարոզը ներկայացնել իրատեսության քողի ներքո: Իրատեսությունը մի բան է թելադրում՝ պատրաստ լինել պաշտպանվել, դիմակայել՝ թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական և թե՛ տեղեկատվական ճակատներով: Եթե Ադրբեջանը իմանա, որ հայ ժողովուրդը պատրաստ է կռվել մինչև վերջ, երբեք չի հարձակվի մեր պետության վրա:

Ինչպես Սպարապետ Վազգեն Սարգսյանն էր ասում. «Մի հավատա, թե քո թշնամին քեզնից ուժեղ է: Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031