Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Չիչոյան․ «Որեւէ դատավոր չի կարող մտածել՝ էս անձը դուրս թողնելուց հետո ինչ կանի։ Հիմա մարդը հանցանք է կատարել, դատավորն ի՞նչ մեղք ունի»․ «Հրապարակ»

Հուլիս 21,2022 10:48

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ԺՊ Սերգեյ Չիչոյանը չի կարծում, որ ԲԴԽ-ի հարաբերությունները մյուս կառույցների հետ նախկինում վատ են եղել եւ իր օրոք էլ վատ կլինեն։ Բայց մենք Չիչոյանին մատնացույց արեցրինք հենց երեկ ԲԴԽ-ի տարածած հայտարարությունը, որտեղ խորհուրդը կոռեկտության կոչ էր արել դատախազությանը։

Խոսքը մի մասնավոր, ոչ քաղաքական դեպքի մասին է, որտեղ դատավորն ազատ է արձակել հանցագործին, որը ազատության մեջ դարձյալ հանցանք է կատարել, ինչն էլ զայրացրել է կալանքի համար միջնորդած դատախազությանը, որն այսպիսի կոշտ գնահատականներ է տվել դատական համակարգի հասցեին։ Չիչոյանին հիշեցրինք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ԲԴԽ-դատախազություն առճակատում է տեղի ունենում։

«Ես դա չեմ համարի առճակատում, հակամարտություն, զուտ աշխատանքային հարաբերություններ են: Ընդամենը խորհուրդն արձանագրեց եւս մեկ անգամ, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հետ կապված որեւէ կառույց, որեւէ անձ իրավունք չունի բարձրաձայնել եւ քննադատել, ասել՝ դա ապօրինի է, սխալ է եւ այլն։ Եթե ակտը բոլոր կառույցներով անցել է՝ առաջին ատյան, վերաքննիչ եւ վճռաբեկ, չկա մեկն էս հանրապետությունում, որ կարող է էդ ակտին ասել՝ սխալ ակտ է, ապօրինի է»,- ասաց Սերգեյ Չիչոյանը։

– Բայց դատախազությունը հիմնավորել է, թե ինչու է այդպես կարծում՝ դատարանը բաց է թողել հանցագործին, եւ նա նորից հանցանք է գործել։

– Ցանկացած անձ էլ կարող է բաց թողնելուց հետո․․․ Որեւէ դատավոր չի կարող մտածել՝ էս անձը դուրս թողնելուց հետո ինչ կանի։ Հիմա մարդը հանցանք է կատարել, դատավորն ի՞նչ մեղք ունի, դատարանն ի՞նչ անի։

– Հիմա նույն Արմեն Գրիգորյանը, Նարեկ Մանթաշյանը, Ավետիք Չալաբյանն այդ ի՞նչ վտանգավոր հանցանքներ էին կատարել, որ դատարանը որոշել է նրանց կալանավորել, իսկ դատախազության հաղորդագրության մեջ նշված անձը, ով մեկ անգամ արդեն հանցանք է կատարել, ազատ է արձակվել այդ նույն դատարանի կողմից։ Արդյոք այստեղ երկակի ստանդարտնե՞ր չեն։

– Իհարկե, ոչ։ Յուրաքանչյուր անձ, յուրաքանչյուր գործ յուրովի է քննարկվում, դա անձի եւ գործի հետ է կապված։

– Կոնկրետ ԲԴԽ-դատախազություն հարաբերությունների մասով թվում էր՝ ավելի շատ Գագիկ Ջհանգիրյան-Արթուր Դավթյան հակամարտություն է, Ջհանգիրյանը գնաց, Դուք եկաք, բայց կառույցների միջեւ հարաբերություններում, փաստորեն, ոչինչ չփոխվեց։

– Ես նախկինում էլ չեմ տեսել հակամարտություն, հիմա էլ չեմ տեսնում։ Ես սկզբից էլ ասացի՝ դա հակամարտություն չէ։ Ես չեմ կարող ասել՝ Ջհանգիրյանը կամ դատախազության ղեկավարությունը որեւէ անձնական խնդիր ունեցել են, թե ոչ, ես էս պահին որեւէ մեկի հետ անձնական որեւէ խնդիր չունեմ, որեւէ ղեկավարի հետ։ Զուտ աշխատանքային քննարկում, աշխատանքային մթնոլորտ է մեզ մոտ, կարծում եմ՝ նաեւ իրենց մոտ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031