Լրահոս
Ոչ ոք չգիտեր…
Օրվա լրահոսը

ԿԲ նախագահն ասել է, որ իրեն այդպես անել ստիպել են կառավարությունից, հակառակ դեպքում՝ ազատման դիմում կգրի ինքը՝ Մարտին Գալստյանը․ Վահե Վարսանյան․ «Հետք»

Հուլիս 21,2022 10:39
Vahe Varsanyan

«Հետք». Ընկերոջս՝ Դավիթ Վարդանյանի մահվան 40-րդ օրվա արարողությանը հանդիպեցի Միշա Չալաբյանին՝ Ավետիք Չալաբյանի հորը:

Նա պատմեց, որ իր կրտսեր որդուն՝ Արա Չալաբյանին, որը ԿԲ կորպորատիվ ծառայությունների դեպարտամենտի ղեկավարն է, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասել է, որ աշխատանքից ազատման դիմում գրի: ԿԲ նախագահն ասել է, որ իրեն այդպես անել ստիպել են կառավարությունից, հակառակ դեպքում՝ ազատման դիմում կգրի ինքը՝ Մարտին Գալստյանը:

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հետ վաղեմի մոտ հարաբերությունները, նույն օրն էլ դրա մասին գրեցի նրան՝ ակնկալելով պատասխան: Մամուլում ևս եղել էին այս թեմայով հրապարակումներ, սակայն հերքում չէր եղել:

Նման հարցի գոյությունն արդեն իսկ արժեզրկում էր պատասխանը. Մարտին Գալստյանը հո չէ՞ր խաբի, թե իրեն ստիպել են, որ նման բան փոխանցի Արա Չալաբյանին:

Նիկոլին հարցը գրելիս՝ մարդկային հարաբերություններից մի մեծ պատ փլվեց:

Մինչև չորեքշաբթի որևէ պատասխան չստանալով՝ այսօր զանգահարեցի նրան:

«Նամակը կարդացել եմ: Բեր էդ հարցը չքննարկենք»,-պատասխանեց Փաշինյանը:

«Բա եթե էս հարցը չքննարկենք, ուրիշ ի՞նչ հարց քննարկենք: Սենց չեղավ, դրա համար չէինք 18 թվին իշխանություն փոխում»:

Նա շարունակում էր նույն բանը՝ «Բեր էս հարցը չքննարկենք, բեր էս հարցը չքննարկենք»:

Փաստորեն, չեղած տեղը, Ավետիք Չալաբյանի նկատմամբ անազնիվ ձևով գործ սարքեցին, բավական չէ, հիմա էլ ընկել են եղբոր հետևից:

Կոնկրետ հերթական քաղաքական հետապնդումն է: Անմեղ մարդկանց հետապնդելով՝ մեկին փակելով, մյուսին՝ աշխատանքից ազատելով, Փաշինյանը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել. եթե իշխանական քո համակարգն այնպիսին է, որ ցանկացած պահին անմեղ մարդուն կարող ես պատժել, շատերը սկսում են վախենալ և զգուշանալ, որ նույնը կարող է յուրաքանչյուրի հետ պատահել:

Եթե Ավետիք Չալաբյանի վրա գործ են սարքում, ուրեմն եղբայրն էլ իրավունք չունի աշխատել պետական համակարգում՝ անկախ նրանից, որ ոլորտի բարձրակարգ մասնագետ է, իսկ աշխատանքը՝ ապաքաղաքական: Արա Չալաբյանի հետևից է ընկել՝ չպատկերացնելով, որ իր այս քայլով ինքն էլ ապացուցում է, որ Ավետիք Չալաբյանի հանդեպ գործը սարքած է, քաղաքական հետապնդում է:

Բոլոր բնագավառները ձախողելով՝ պետությունը կորցնելու ընթացքի մեջ ենք, իսկ Նիկոլ Փաշինյանի ցանկացած քայլ միտված է բացառապես իր իշխանությունը պահելուն: Կլինի օլիգարխներին մինչև 2018 թվականի՝ ելման կարգավիճակին բերելով, իրավապահ համակարգն իր պես չմտածողների դեմ կիրառելով, անմեղ մարդկանց հետապնդելով:

2018 թվականին իշխանությունը փոխեցինք, որ ազատվենք ագահ, հիմար, կոռումպացված ու փտած ռեժիմից ՝ վստահ լինելով, որ նման մակարդակի խնդիրների չենք բախվելու, ամենօրյա աշխատանքով, քայլ առ քայլ կորցրածը վերականգնելու ենք: Այդ ամենը չստացվեց. բոլոր խնդիրները խորացան, պատերազմում պարտվեցինք:

Ի լրումն՝ ձեռք բերեցինք Շվարցի ձևակերպմամբ՝ շարքային մի վիշապի:

Վահե ՎԱՐՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031