Տասնյակ երեխաներ հուլիսի 20-ին Կասկադ համալիրում տեղադրված 20 խաղատախտակների առջեւ շախմատ խաղալու հնարավորություն ունեցան գրոսմայստերներ, համաշխարհային օլիմպիադայի կրկնակի հաղթող Տիգրան Լ. Պետրոսյանի եւ Տիգրան Հարությունյանի հետ: Միջոցառումը նվիրված էր շախմատի համաշխարհային օրվան:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սմբատ Լպուտյանը դիմելով հավաքվածներին՝ ասաց. «Դեռ 1966 թվականին ՖԻԴԵ-ն դիմեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի այս օրը դառնա շախմատի օր: Առաջարկն ընդունվեց եւ նույն տարվանից հուլիսի 20-ը համարվում է համաշխարհային շախմատի օր:
Բացի այդ, չորս տարի առաջ Հայաստանի ԱԳՆ-ից առաջարկ եղավ, որ ՄԱԿ-ը նույնպես ընդունի այս օրը որպես շախմատային օր: Միավորված ազգերի կազմակերպությունը ընդառաջ գնաց Հայաստանի նախաձեռնությանը եւ այսօր 196 երկիր, որոնք ՖԻԴԵ-ի կազմի մեջ են, տոնում է այս օրը:
Կարդացեք նաև
Հայաստանը իրականում տոնում է այս օրը: Ես այսօր եղել եմ մի շարք վայրերում եւ ներկա եղել բազմաթիվ շախմատային միջոցառումների: Եվ ուրախալի է, որ Հայաստանում շախմատը շատ սիրված է հատկապես երեխաների շրջանում: Ես շնորհավորում եմ բոլորիս, որովհետեւ շախմատը շատ օգտակար է բոլորի՝ մեր քաղաքացիների, մեր երեխաների, մեր ապագայի համար: Մենք ցանկանում ենք, որ շախմատը ընդգրկվի սոցիալական տարբեր ոլորտներում: Եվ դա արվում է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Ես վստահ եմ, որ շախմատը իր մեծ ներդրումը կունենա քաղաքացու դաստիարակման եւ մարդու մտածելակերպի որակի վրա:
Ես շնորհակալություն եմ հայտնում ծնողներին, որոնք ընդառաջ են եկել մեր այսօրվա նախաձեռնությանը եւ միասին տոն ստեղծել մեր երեխաների համար»:
Տասնյակ երեխաներ, նրանց շարքում՝ մայրաքաղաքի հյուրեր, միմյանց փոխարինելով 20 խաղասեղանների առջեւ իրենց կարողությունները ստուգեցին անվանի գրոսմայստերների հետ պարտիաներում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ