Վերջին երեք շաբաթների ընթացքում Հայաստանում էին Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսը, Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:
Իսկ Թեհրանում Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Համենեին գրեթե նույն տեքստով նախազգուշացրեց սկզբից Թուրքիայի, իսկ այնուհետեւ՝ Ռուսաստանի ղեկավարներին, որ իր երկիրը երբեք չի հանդուրժի, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանը վերանա: Քանի որ մեր հարեւան երկրում ավելի շատ ընդունված է խոսել ակնարկներով եւ այլաբանություններով, Իրանի բարձրագույն ղեկավարի կողմից երկու անգամ նույն հստակ ձեւակերպումներով հանդես գալը կարող է խոսել երկու բանի մասին.
1/ Իրանում խիստ մտահոգված են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագրով,
2/ այդ ծրագիրն իրական է եւ Հայաստանի համար՝ վտանգավոր, որքան էլ մեր իշխանությունն ասում է, թե խոսքն «ընդամենը տրանսպորտային ուղիների» մասին է:
Կարդացեք նաև
Այժմ փորձենք հաշվեկշռել ուժերը՝ ոչ մեկին չմեղադրելով եւ բարոյական կատեգորիաներ չկիրառելով: Հասկանալի է, որ Հայաստանի եւ Իրանի համար ընդհանուր սահման ունենալը կենսական անհրաժեշտություն է: Կարծում եմ, Վրաստանի համար դա նույնպես կարեւոր է, որովհետեւ ապահովում է Հարավ-Հյուսիս կարեւոր այլընտրանքային հաղորդակցությունը: Թուրքիայի եւ Ադրբեջանի շահագրգռվածությունը, բնականաբար, ճիշտ հակառակն է. առանց Իրանի հետ սահմանի՝ մեր պետության գոյատեւումը կարող է կասկածի տակ դրվել (չնայած միայն այդ սահմանն, իհարկե, բավարար պայման չէ պետության պահպանման համար): Հայկական պետության վերացումը, անկախ նրանից, թե ինչ քաղցր կամ դառը խոսքեր են ասում Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարները, այդ երկու պետությունների ռազմավարական նպատակն է:
Այսպիսով առնվազն 4 երկրների դիրքորոշումը պարզ է: Եթե այստեղ կա ուժերի որոշակի հավասարակշռություն, ապա վճռորոշ են դառնում երեք հզոր խաղացողների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ ԵՄ մոտեցումները: Այստեղ անորոշություններն ավելի շատ են, որովհետեւ այդ խաղացողները չեն սահմանափակվում միայն Հարավային Կովկասի խնդիրներով՝ նրանք հաշվի են առնում ե՛ւ Սիրիան (որի մասին, ի դեպ, խոսք գնաց Համենեի-Պուտին հանդիպման ժամանակ), ե՛ւ Ուկրաինան, ինչպես նաեւ գազը, նավթը, պատժամիջոցները եւ մնացած բոլոր հարցերը: Այդ «փազլի» մեջ երեք խաղացողների հակվածությունները հասկանալը մի ամբողջ վերլուծական ինստիտուտի խնդիր է: Ենթադրելի է, սակայն, որ ԵՄ-ն, թերեւս, հակված կլինի Ադրբեջանին ընդառաջ գնալ. Եվրախորհրդարանի պատգամավորները կարող են խստորեն դատապարտել Բաքվի բռնապետական ռեժիմը, բայց ձմռանը չմրսելու համար ադրբեջանական գազը, թերեւս, եվրոպացիներին պետք կգա: ԱՄՆ-ը, հավանաբար, նույն կողմն է «թեքված», քանի որ խնդիր ունի իր թշնամի Իրանին մեկուսացնելու: Ռուսաստանը պետք է որ՝ հակառակը ցանկանա, բայց երկիրը, Պուտինի սկսած ագրեսիվ պատերազմի պատճառով, բարդագույն վիճակի մեջ է, եւ իր դիրքերը բարելավելու համար կարող է մեզ համար անբարենպաստ սցենարները շատ թանկ «վաճառել»:
…Հայաստանում քաղաքագետները, ցավոք, հիմնականում առաջնորդվում են իրենց համակրանք-հակակրանքներով: Այդ պատճառով նրանց վերլուծությունները հիմնականում միակողմանի են ու հուզական:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Նորածին «Հայաստանի Հանրապետություն» տարածքային միավորի («միացյալ ազգերի» հասարակական կազմակերպությունում) , 30 տարվա քաղաքական ապուշության, ակադեմիական հիմարթյան հիմնադիր, դիլետանտ-ռեզիդենտի և նրա «ռազվեդչիկ»-ի ջանքերով չստեղծվեցին պետության հենարանները՝ քաղաքական/արտաքին/ռազմական հետախուզություն, հակահետախուզություն/ռազմական հետախուզություն և այլն: Միայն հորինված ֆիկտիվ հաստիքացուցակներ և մասնագիտական ոչ մի աշխատանք: Բայց որպես տղամարդկանց օդեկոլոնի գովազդի ապահովիչ և Սոցիալիստական ունեցվածքի գողության «դեմ» պայքարի վարչություն (ОБХСС):
Իսկ հյուրերից ո՞վ էր ներկայացնում հանդիպման տարածքը։
Ցաւալի է որ բոլորին դիրքորոշումները գիտէք, իսկ ձեր իսկ ղեկավարութեանը՝ ոչ.