Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմից հետո պատասխանատվությունն ավելի է մեծացել»

Հուլիս 21,2022 13:30

Ասում է Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ռեկտոր, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Դոնարա Գաբրիելյանը

– Տիկին Գաբրիելյան, Արցախում այսօր կրթագիտական ոլորտը շարունակում է անխափան աշխատանքը։ «Մեսրոպ Մաշտոց» համալսարանն իր գործունեության տարիներին որտեղից ուր է հասել:

– Մեր համալսարանը հիմնադրվել է 1996 թվականին, սակայն կրթական գործունեություն սկսել է ծավալել 1997-ից։ Այս տարի մեր համալսարանը նշում է իր 25-ամյակը, որը հաշվարկվում է կրթական գործընթացի առաջին իսկ օրից։ Ճիշտ է, մեր բուհի համար սա ընդամենը մի պահ էր, բայց այս 25 տարիների ընթացքում մենք անցել ենք շատ լուրջ կրթական ուղի եւ հաղթահարել դժվար ճանապարհներ։ Մենք անցել ենք երկու լիցենզավորում եւ երեք հավատարմագրում։ Վերջին հավատարմագրումը միջազգային բնույթ էր կրում, քննական հանձնաժողովը արտերկրից եւ Հայաստանից էր։ Մենք պատվով անցանք։ Եվ ես մտածում եմ, որ հենց սա է այն չափանիշը, ինչին պետք է ձգտել, եւ սա թույլ է տալիս հասկանալ, որ ճիշտ ուղու վրա լինելով անում ենք անհրաժեշտ ամեն բան` ժամանակակից համալսարանի ստանդարտներին համապատասխանելու համար։

Մեր համալսարանն այլ համալսարաններից տարբերվում է նրանով, որ ես ու իմ կոլեգաները «Global Conference» միջազգային կազմակերպության հրավերով եղել ենք աշխարհի առաջատար բուհերում, ունեցել բավականին լուրջ փորձի փոխանակում։ Եղել ենք ամերիկյան, ճապոնական, ֆրանսիական, իսպանական, բրիտանական եւ այլ երկրների բուհերում։ Միայն ես վեց անգամ եղել եմ Օքսֆորդի համալսարանում։

Օգտվելով առիթից, ուզում եմ դիմել բոլոր այն մասնագետներին, որոնք առնչություն ունեն թեստեր կազմելու հետ։ Խնդրում եմ կազմել այնպիսի թեստեր, որոնք դյուրըմբռնելի կլինեն թե միջին կարողությունների տեր աշակերտի համար, թե բավականին բարձր գիտելիքներով օժտված աշակերտի համար։ Պետք է դեն նետել շտեմարանները եւ երեխաներին հնարավորություն տալ բոլոր առարկաներից ճիշտ գիտելիքներ ստանալ։ Երեխաները պետք է սովորեն մտածել, այլ ոչ թե կամայական ինչ-որ պլյուսներ կամ մինուսներ նկարեն։

– Ինչ եք կարծում՝ այսօրվա կրթական համակարգը բավարա՞ր է որակյալ մասնագետներ թողարկելու համար:

– Պետք է նախորդ հարցի պատասխանը շարունակեմ. երբ դադարենք պլյուսներ եւ մինուսներ դնել ու սկսենք մտածել այն ուղղությամբ, որ հանենք մարդկային գործոնը քննություններից, թույլ տանք, որ աշակերտը եւ ուսուցիչն ազնիվ լինեն միմյանց նկատմամբ, այդ ժամանակ ինչ-որ տեղաշարժ կլինի ոլորտում: Մենք անընդհատ ասում ենք, որ պետք է պայքարել կոռուպցիայի դեմ, ու դրան հասնելու միակ ճիշտ տարբերակը այն է, որ թույլ տանք աշակերտին վաստակել այն գնահատականը, ինչին նա արժանի է, եւ որպեսզի այդ գնահատականը համապատասխանի այն գիտելիքին, որը նա ստացել է դպրոցում։ Պետք է անել այնպես, ինչպես խորհրդային տարիներին։ Ես հաճախ եմ մտքերով տեղափոխվում այդ տարիներ։

Դպրոցները եւս պետք է հավատարմագրվեն ու մեզ տան լավ աշակերտներ, որպեսզի մենք էլ տանք լավ մասնագետներ։

– Նկատելի է ձեր բուհի Կովկասագիտության կենտրոնի գործունեությունը մինչեւ պատերազմն ու դրանից հետո։ Եթե ամփոփ ներկայացնելու լինեք` ի՞նչ առաքելություն ունի կենտրոնը, ինչպե՞ս են համակարգվում աշխատանքները եւ կա՞ն գրանցված հաջողություններ։

– Կովկասագիտության կենտրոնը գործում է 2015 թվականից, այն կազմակերպում եւ մասնակցում է տարբեր կոնֆերանսների։ Մինչ կենտրոնի հիմնումը համալսարանում էլի անցկացվում էին կոնֆերանսներ, սակայն հիմա փոխվել է դրանց բնույթը։ Բոլոր ամբիոնների հետ միասին համագործակցելով, Կովկասագիտության կենտրոնը զբաղվում է հետազոտություններով։ Ընդհանրապես մեր համալսարանի կարգախոսը հետեւյալն է. «Անել ամեն ինչ ի նպաստ երկրի զարգացման»։ Կարգախոսի պահպանման համար ջանում ենք բոլորս, բայց առանձնահատուկ դերակատարություն ունի Կովկասագիտության կենտրոնը։ Կատարում ենք տարածաշրջանի հետազոտություն։ Այսպիսի մի բան կա. երբ համալսարանի մի բջիջը հանձն է առնում կատարել մի գործ, ապա ամբողջ համալսարանը միանում եւ օգնում է, որպեսզի ամեն ինչ լինի բարձր մակարդակի վրա։

– Չխոսել Արցախի ներկայի ու ապագայի մասին` չենք կարող։ Տիկին Գաբրիելյան, այսօր, առավել քան երբեւէ, կարծես փակուղու առաջ ենք կանգնած։ Ելքեր ու դրանից բխող լուծումներ տեսնո՞ւմ եք։

– Պատերազմից հետո պատասխանատվությունն ավելի է մեծացել եւ մենք հիմա ավելի լուրջ ենք վերաբերվում մեր պարտականություններին։ Մեզանից է կախված մեր վաղվա օրը։

Այն, որ մենք ապրում ենք մեր երկրում, աշխատում ենք, ուրախանում, տխրում, կարեկցում ու արարում ենք, դա արդեն իսկ հաղթանակ է։ Մենք այսօր կամաց-կամաց, փոքր քայլերով կերտում ենք վաղվա հաղթանակը։ Տունը կառուցվում է այն ժամանակ, երբ քարը քարին ենք դնում ու լավ շաղախով ամրացնում, իսկ երբ ուղղակի հենց այնպես շարում ենք քարերը, այդ տունը շատ շուտ փլվում է։ Լավ շաղախը հայրենասիրական ոգով դաստիարակությունն է ու որակյալ կրթությունը։ Սա է դեպի հաղթանակ տանող միակ ճշմարիտ ճանապարհը։

Այսօր մեր բուհը ցանկանում է համագործակցել դպրոցների հետ։ Կրթության եւ գիտության նախարարության թույլտվությամբ, մեկ դպրոցի օրինակով ուզում ենք ցույց տալ, որ հնարավոր է նույն կրթությունն ապահովել տարբեր կարողություններով օժտված երեխաների համար։ Պետք է ունենանք հատուկ մարզիչ, սոցիալական աշխատող, ովքեր անընդհատ կապի մեջ կլինեն թե՛ դպրոցի տնօրինության, թե՛ ծնողների եւ բոլոր աշակերտների հետ։ Այսինքն, բոլորը պետք է ներառվեն այս համակարգի մեջ։ Եվ միայն այդ ժամանակ կունենանք օրինակելի դպրոցներ։ Մենք շատ հարցերում ենք եղել առաջինը՝ Կովկասագիտության կենտրոնը, ինֆորմացիոն տեխնոլոգիաները, սոցիալական աշխատողի ինստիտուտը։ Հիմա թիրախը դպրոցներն են, եւ էլի ուզում ենք լինել առաջինը։ Մենք կարող ենք եւ պարտավոր ենք անել։ Եվ մենք պատրաստ ենք։

Զրուցեց

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
20.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031