Սկիզբը՝ այստեղ:
Եվրոպական ակտիվ դիվանագիտական ջանքեր՝ Երեւան-Անկարա-Երեւան-Բաքու երթուղով
Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավար Ուիլյամ Բըրնսի երեւանյան անսպասելի այցից առաջ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, բավական ակտիվ դիվանագիտական գործունեություն ծավալեց անցյալ ամսվա սկզբից՝ Երեւան-Անկարա-Երեւան-Բաքու երթուղով:
Հունիսի 3-ին Կլաարը Երեւանում էր, նրան ընդունեց Նիկոլ Փաշինյանը: «Տարածաշրջանային խաղաղության եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարեւորությունը», ասվում էր կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում: Տոյվո Կլաարն իր հերթին նշել էր, որ Եվրամիությունը կարեւորում է Հայաստանի հետ փոխգործակցության խորացումը եւ աջակցում է տարածաշրջանային երկխոսությանը: «Զրուցակիցները մտքեր են փոխանակել բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ: Անդրադարձ է եղել սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքներին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն առնչվող հարցերի», ասվում էր մամլո հաղորդագրությունում:
Կարդացեք նաև
Հունիսի 3-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը քննարկվել էին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել ԵՄ-ի դերակատարությունը: Իսկ նույն օրը Միրզոյան-Կլաար հանդիպմանը, ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել էր Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ եւ այս համատեքստում վերահաստատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների վերականգնման կարեւորությունը։ «Կողմերը քննարկել են բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Նախարար Միրզոյանն ընդգծել է պայմանավորվածությունների կամայական, իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունների անթույլատրելիությունը եւ կարեւորել կառուցողական մթնոլորտի ապահովմանն ուղղված հռետորաբանության եւ գործնական քայլերի անհրաժեշտությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների, տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ կապված հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանն անընդունելի է համարել ռազմատենչ հայտարարությունների եւ սահմանային սադրանքների միջոցով Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու Ադրբեջանի շարունակական փորձերը», նշվում էր ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունում։
Ի դեպ, երեւանյան վերոնշյալ այցից 4 օր անց Տոյվո Կլաարը թվիթերում լուսանկար էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ «երկօրյա արդյունավետ հանդիպումներից հետո Անկարայից մեկնում է»: Այսինքն, ՀՀ իշխանությունների հետ բանակցություններից հետո դեռ անցյալ ամիս Կլաարը մեկնել էր թուրքական իշխանությունների հետ բանակցությունների:
Մեկ ամիս անց, հուլիսի 13-ին ԵՄ հատուկ ներկայացուցիչը կրկին ժամանեց Երեւան: Փաշինյանի հետ հանդիպմանը անդրադարձ էր կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին: «Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Սոչիում ՌԴ նախագահի, Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ կայացած եռակողմ հանդիպումների արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ: Կարեւորվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ միջազգային հանրության հետեւողական ուշադրությունը, մասնավորապես, ԼՂ հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ու միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովումը՝ հաշվի առնելով արդեն իսկ հայկական մի շարք կոթողների ոչնչացման ուղղությամբ իրականացված քայլերը: Անդրադարձ է կատարվել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին», ասվում էր ՀՀ կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում:
Հուլիսյան այցից երկու օր անց Կլաարը մեկնեց Բաքու: Հուլիսի 15-ին Ալիեւն ու Կլաարը քննարկել էին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցը, խաղաղության պայմանագրի ստորագրումը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիեւն ընդգծել է՝ «Բրյուսելում կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարեւորությունն ու Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության»:
Նկատենք, Կլաարի վերջին, եւ Բըրնսի այցերի նախօրեին Ալիեւը դարձյալ բացել էր «բողոքի գիրքը», թե՝ առաջընթաց չկա հայ-ադրբեջանական խնդիրներում: Նա, թեեւ հայտնում էր, որ հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերով աշխատանքային խմբերի երկրորդ հանդիպումը նախատեսվում է օգոստոսին, այնուամենայնիվ, արձանագրել էր. «Չնայած այս տարվա առաջին վեց ամիսներին ձեռնարկվել են որոշ քայլեր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ցավոք, իրական արդյունքներ առայժմ չկան: Հայաստանը մինչ այժմ չի կատարել իր պարտավորությունները, որոնք ստիպված էր ստանձնել»:
Բանը հասավ նրան, որ Ալիեւը, ոչ ավել, ոչ պակաս, հրապարակավ բացեց որոշ փակագծեր՝ ասելով, որ Ռուսաստանը խոստացել էր, որ հայկական զորքերը մինչեւ հունիս դուրս կբերվեն Ղարաբաղից… Ռուսաստանի ՊՆ-ն խոստացել էր ապահովել մինչեւ հունիս հայկական զորքերի դուրսբերումը Ղարաբաղից, բայց այդ պայմանավորվածությունը մինչ այժմ չի կատարվել, անցյալ շաբաթ նշեց Ալիեւը, հավելելով, թե պատերազմի ավարտից մեկ տարի եւ ութ ամիս անց քիչ դրական քայլեր կան հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում: «Ցավոք, բացասական պահերն ավելի շատ են: Դրանցից մեկը, մասնավորապես, այն է, որ Հայաստանը հրաժարվում է կատարել այն հարցերը, որոնք նախատեսված են 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարությամբ: Հայաստանը, որպես պարտված եւ կապիտուլյացիոն ակտ ստորագրած երկիր… իր վրա պարտավորություններ է վերցրել: Այդ պարտավորությունները պարզ ու հստակ նշված են փաստաթղթում: Դրանցից մեկը հայկական զինված ուժերի դուրսբերումն է Ղարաբաղից: Բայց մինչ այժմ այդ հարցը լուծում չի ստացել: Մենք բազմիցս բարձրացրել ենք հարցը, բայց Հայաստանը ձգձգում է դա»,- ասել է Ալիեւը՝ ամփոփելով տարվա առաջին կիսամյակը: Ապա` նա հավելել էր, որ իրենք այդ հարցը բարձրացրել են նաեւ ՌԴ զինվորական ղեկավարության առջեւ եւ «մի քանի ամիս առաջ, երբ ՌԴ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք Ադրբեջանում էին, նրանք խոստացան մեր ՊՆ-ին, որ հայ զինվորականները մինչեւ հունիս դուրս կգան Ղարաբաղից»: «Այսօր արդեն հուլիսի կեսերն է, բայց այդ հարցը դեռ լուծում չի ստացել»,-դժգոհել էր Ալիեւը: «Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները, ինչը հակասում է նոյեմբերի 10-ի հայտարարությանը: Ռուս խաղաղապահները… նրանց չեն ստիպում դա անել: Իհարկե, դա անընդունելի է: Մենք հաղթող երկիր ենք, մենք վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունը: Եթե Հայաստանը չի ցանկանում դուրս բերել իր զորքերն Ադրբեջանի տարածքից, թող բաց ասի դրա մասին, մենք իմանանք՝ ինչ ենք անելու այդ դեպքում: Ի՞նչ կլինի մեր պատասխանը: Թերեւս, այդ մասին տեղին չէ խոսալ: Այնուամենայնիվ, դա նոյեմբերի 10-ի հայտարարության կոպիտ խախտում է»,- ասել է Ալիեւը:
Ուշադրություն դարձնենք, սա խոսում է մի պետության ղեկավար, որի ստորաբաժանումները մեկ տարուց ավելի գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում, ավելին, նոյեմբերի 9-ի փաստաթղթի պահանջները բոլոր առումներով ոտնահարող Ադրբեջանը, սկսած՝ հայ ռազմագերիների չվերադարձնելու պահանջից մինչեւ Արցախում ազատորեն տեղաշարժվելու ու դիրքավորվելու փաստերը, այսօր հայկական կողմին է մեղադրում պայմանավորվածությունները չկատարելու մեջ: Ու հետաքրքրականն այն է, որ ռուսական կողմն է, փաստորեն, ստանձնել ադրբեջանական պահանջների բավարարման երաշխավորի դերը, որպես՝ «չեզոք» խաղաղապահ:
Ահա, այսպիսի ջղաձիգ կեցվածք էր որդեգրել Ալիեւը եվրոպացի եւ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների այցերի նախաշեմին՝ ցույց տալով, որ ադրբեջանական կողմի համբերությունը սպառվել է, եւ հայկական կողմից ակնկալում են կոնկրետ քայլեր՝ ռուսական կողմի գործուն միջամտությամբ:
Սպասելիքների բավարարման մակարդակից դժգոհ Ալիեւը «խաղաղասիրական» որոշ ժեստեր էլ թույլ տվեց իրեն՝ ապացուցելու, թե «ինչի են ընդունակ, եթե հայկական կողմը չիրականացնի իրենց սպասելիքները»… Ինչպես հայտնում էր «Հայկական ալիքը», Ադրբեջանի նախագահը հուլիսի 14-ին հրամանագիր է ստորագրել պետական մակարդակով նշելու՝ «Իրեւանի (Երեւանի) պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնի 140-ամյակը»։ Հոդվածում նշվում էր, որ նշյալ հրամանագրում առկա են ոչ միայն պատմության բազմաթիվ խեղաթյուրումներ, այլեւ փաստացի ոտնձգություն է կատարվում Հայաստանի տարածքային ամբողջականության, մասնավորապես՝ ՀՀ մայրաքաղաք Երեւանի նկատմամբ։ «Այսպես, հրամանագրում նշվում է, որ Իրեւանի պետական ադրբեջանական թատրոնը «հիմնադրվել է Իրեւանի (Երեւան) շրջանում, ուր պատմականորեն բնակվում էին ադրբեջանցիները»։ Բացի այն, որ հրամանագրում Երեւանը նշվում է որպես «Ադրբեջանի հինավուրց հող», այլեւ խոսք է գնում «1918-1920 թթ. Իրեւանում հայերի կողմից ադրբեջանցիների կազմակերպված զանգվածային սպանդի», ինչպես նաեւ այլ «վանդալիզմի եւ բռնությունների» մասին։ Արձանագրենք, որ Ադրբեջանը հերթական անգամ ոչ միայն ամենաբարձր՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության մակարդակում խոսում է Հայաստանի սուվերեն տարածքի՝ որպես ադրբեջանական հող լինելու մասին, այլեւ այդ ուղղությամբ իրականացնում է հետեւողական քաղաքականություն եւ քարոզ թե՛ Ադրբեջանի ներսում՝ այդպիսով նպաստելով հակահայկական տրամադրությունների էլ ավելի բարձրացմանը, թե՛ միջազգային հարթակներում՝ նոր պահանջներ դնելով Հայաստանի առջեւ։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Երեւանի Կոնդ թաղամասի՝ ադրբեջանական մշակութային ժառանգություն հայտարարելու պահանջով Ադրբեջանը դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ։
Ալիեւի կողմից Երեւանը, Սեւանը եւ Սյունիքը «պատմական ադրբեջանական տարածքներ են» մտքերի հրապարակայնացումից բացի, փաստորեն, այդ երկրում քարոզչությունը ու դրան «համարժեք» քայլերը հստակ «իրագործման» փուլ են մտել՝ կեղծ քարտեզների ստեղծումից մինչեւ միջազգային կառույցներին ապատեղեկատվություններով սնելու քաղաքականությամբ:
Թե՛ Լեռային Ղարաբաղի շուրջ, թե՛ Հայաստան-Ադրբեջան խնդիրներում գործընթացները նկատելիորեն ինտենսիվացել են ու արագ են զարգանում: Տոյվո Կլաարի, ապա՝ Ուիլյամ Բըրնսի, իսկ այնուհետեւ՝ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի այցերը, թերեւս, վկայում են այն մասին, որ մոտ ապագայում վճռորոշ գործընթացներ են ծավալվելու, եւ մեր տարածաշրջանով հետաքրքրված կողմերը փորձում են առավելագույնը ստանալ, թե՛ Հայաստանի ու Ադրբեջանի հանդեպ ունեցած իրենց ազդեցության աստիճանի առումով, թե՛ հետագա պայմանավորվածությունների արդյունքում ձեւավորվելիք նոր իրավիճակներից:
Ի դեպ, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը Երեւանում հայտարարեց, թե իր երեւանյան այցը կապված չէ Հայաստանի մայրաքաղաք՝ Ուիլյամ Բըրնսի վերջերս կայացած այցի հետ. «Չեմ բացառում, որ նրա այցն է հենց իմ այցի հետ կապված»։ Սա այն դեպքն է, երբ պետք է առաջնորդվել՝ «միեւնույն է՝ մենք ճշմարտությունը չենք իմանա, եթե նույնիսկ այն մեզ ասեն» սկզբունքով:
Բայց, եթե համադրենք մի քանի փաստեր՝ ամեն ինչ, ինչպես ասում են՝ տեղն է ընկնում. Ալիեւը բողոքում է, որ Ռուսաստանը խոստացել էր, որ հայկական զորքերը մինչեւ հունիս դուրս կբերվեն Ղարաբաղից, երեք օր անց Նարիշկինը ժամանում է Երեւան, ապա նրա երեւանյան բանակցությունների հաջորդ օրը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնում է. «Պատերազմի բերումով ՀՀ ԶՈՒ մի շարք ստորաբաժանումներ ՊԲ-ին օգնելու նպատակով մուտք են գործել ԼՂ: Հրադադարի հաստատումից հետո նրանք վերադառնում են Հայաստանի Հանրապետություն: Այս գործընթացը մոտ է ավարտին եւ սեպտեմբերին կավարտվի»:
Իսկ ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը նույն օրը տեղեկացնում է, որ հետաձգում է հուլիսի 21-ին կայանալիք հանրահավաքը՝ «հաշվի առնելով առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակը» ու տասնօրյա դադար է վերցնում՝ հաջորդ հանրահավաքի օր նշանակելով հուլիսի 29-ը:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 20.07.2022