Ըստ ընդդիմադիր պատգամավորների, Փաշինյանը պետք է պատասխանատու լինի ու օրինակ ծառայի անգամ ֆուտբոլին, որ հավաքականը 9:0 պարտվելուց հետո մարզիչը անհարմար զգա մնա ու հրաժարական տա:
Օրեր առաջ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը դատարանում հենց նիստի ժամանակ մահացավ: Երեկ ընդդիմադիրները ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով ազատել քաղբանտարկյալներին: Նրանք Գրիգորյանի մահվան թիվ մեկ մեղավոր ու պատասխանատու են համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Իշխանություններին սատարողները այս ցույցերի եթերների, նյութերի տակ սոցցանցերում անպատվում ու քննադատում են ընդդիմադիրներին, թե մարդու մահը քաղաքական շահարկումների համար եք օգտագործում, բա ՊՊԾ գունդ մտած Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան ժամանակ ինչի՞ ցույց չէիք անում:
Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը պատասխանեց. «Ես Հաց բերողի ժամանակ էլ էի ցույց անում, օրինակ ես ու Էլինարը գնում էինք Հաց բերողին հիվանդանոցում էլ էինք այցելում ու այնտեղ հավաքվածները մեզ ասում էին՝ մի՛ եկեք, մեր ակցիային խանգարում եք: Մենք էլի գնում էինք»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ասաց. «Նույն մարդիկ ասում են՝ ուզում է թուրքը գա մեր ու մանուկ կոտորի, ես ուզում եմ Նիկոլը մնա իշխանության, ես այդ մարդկանց չունեմ ասելու բան, բոլոր այն մարդկանց, ովքեր հիմա լուռ են կամ մտածում են, որ սա քաղաքական շահարկում է: Ես խոսել եմ, երբ քաղաքական գիտակցության տարիքից վերեւ եմ եղել ու խոսելու եմ, որովհետեւ գալու է բոլորիս հերթը, եթե չկանգնեցնենք այս շղթան: Ուզում եմ, որ նախ չհասնի հերթը իրենց ու եթե հասնի էլ, իրենց համար էլ կանգնող ու պայքարող լինի: Եթե մենք ձեռքներս ծալած հիմա նստենք, կարող է երբ աղետը թակի մեր դուռը, մեր համար պայքարող, բողոքող, կանխարգելող, զսպող որեւէ մեխանիզմ չլինի, որովհետեւ բոլորը վաղուց արդեն բանտերում կլինեն»:
Կարդացեք նաև
Հարցին՝ դուք անկեղծորեն կարծում եք, որ Արմեն Գրիգորյանի մահվան մեջ անձամբ Նիկոլ Փաշինյա՞նն է մեղավոր, թե՞ դա դժբախտ պատահար էր, որը կարող էր լինել ցանկացած մեկի հետ տանը հեռուստացույց դիտելիս, օրինակ՝ Քրիստինե Վարդանյանը պատասխանեց. «Ես տրամաբանական շղթան ներկայացնեմ. մենք ունենք երկու ձայնագրություն ԱԱԾ նախկին տնօրենի հետ եւ ԲԴԽ նախագահի տխրահռչակ ձայնագրությունը, որտեղ մեզ ցույց են տալիս, դրանից այն կողմ էլ ի՞նչ պիտի լինի, որ մենք հասկանանք, որ կալանքի բոլոր դատական որոշումներրը կայացվում են զանգով: Ես ի՞նչ պահանջեմ դատավորից, ով զանգ է ստանում իր դատական նիստից առաջ կամ ընթացքում, մեկ-մեկ էլ նիստը հետաձգվում է, որովհետեւ զանգը դեռ տեղ չի հասել ու դրանով է կայացնում որոշումը, որի արդյունքում մարդը կրում է առողջությանը ծանր հարված, երբեմն չվերականգնվող, կամ գտնվում է մահվան եզրին: Էլ ումի՞ց պետք է պահանջեմ, ո՞վ է սրա մեղավորն ու քաղաքական պատասխանատուն»:
Գեղամ Նազարյանը հավելեց. «Նիկոլ Փաշինյանն է մեղավոր: Իհարկե, բոլորն իրենց հերթին ունեն մեղավորություն: Ես երկու օրինակ բերեմ՝ Արմեն Գրիգորյանի ողբերգական մահից հետո Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տար, եթե նույնիսկ չլիներ պատերազմը, COVID-ը, հետպատերազմյան ծանր իրավիճակը: Եթե չլիներ պատերազմը եւ լիներ միայն իր շարասյան կողմից հղի կնոջ դաժան սպանությունը, նա էլի պետք է հրաժարական տար, որովհետեւ այս երկիիրը պետք է սովորի, որ պատասխանատու մարդը ձախողման դեպքում պետք է հրաժարական տա: Դա պետք է օրինակ ծառայի նաեւ ֆուտբոլին, որ հավաքականը 9:0 պարտվելուց հետո մարզիչը անհարմար զգա մնա ու հրաժարական տա: Դա պետության շահերից է բխում: Ընդհանրապես, երբ որ մենք անընդհատ կրկնում ենք, որ Հայաստանի շահերից է բխում, որ Հայաստանը միջազգային ասպարեզում ներկայացված լինի ոչ պարտության դեմքով, դա նույնպես երկրի շահերից է բխում: Ինչքան էլ նա ցանկանա Հայաստանի համար լավ բան անի, ֆանտաստիկայի ժանրից է, չի կարողանա, որովհետեւ կան տիեզերական օրենքներ՝ Հայաստանը ողբերգության, պարտության, պատերազմի տարած մարդը չի կարող ոչինչ անել: Ինչ էլ անի՝ վատ բան է ստացվելու»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Արմեն Գրիգորյանի մահը շահարկելու հետ կապված ասաց. «Այստեղ կանգնած մարդկանց մի կարեւոր մասը՝ շատ շատերը, վստահ եմ, որ Հաց բերողի հետ կապված էլ ցույցերին եղել են: Չէի ցանկանա որեւէ մահ քաղաքականացնել: Նունիսկ երբ որ Սոնայի դժբախտ դեպքի շուրջ բողոքում ենք, շատ դժվար է, որովհետեւ անձնական ողբերգություն է: Բայց դու հասկանում ես, որ չլիներ քաղաքական կամակորությունը, քաղաքականության բիրտ լինելը, շարունակվեր 2018-ի հեծանիվով ման գալը, չէր լինի այդ դեպքը: Չլիներ մարդուն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կալանքի տակ պահելը, չէր լինի Արմեն Գրիգորյանի դեպքը: Իսկ երբ որ մի դեպք հանդուրժվում է, չի բացառվում, որ կլինի երկրորդը, կկրկնվի երրորդը: Ես հիշում եմ Արմեն Չարչյանի առողջական վիճակը, երբ որ շաքարի պատճառով բանտում էր, ես որպես պատգամավոր երբ գնում էի նրան տեսնում էի, մարդկայնորեն գետինն էի մտնում, որովհետեւ ես հասկանում էի, որ որքան էլ դրա մասին բարձրաձայնում ու խոսում ենք, աչքի առաջ մարդը մահանում է: Հանդուրժեցինք այն ժամանակ ու այդ շղթան շարունակվում է, կուլ է տալիս: Դրա համար դառնում են շատ ավելի ամբարտավան, ամեն ինչի տեր ու տիրական են զգում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.07.2022