Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու կամարների տակ դարձյալ խնկաբույրը տարածվեց, հնչեցին շարական ու հոգևոր այլ տաղեր, աղոթքներ, վառվեցին հարյուրավոր մոմեր։ Ինչպես գիտենք՝ ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդարանի որոշմամբ ամիսը մեկ անգամ Սուրբ Համբարձման եկեղեցում մատուցվելու է Սուրբ Անմահ պատարագ։ Եվ հերթականը կայացավ հուլիսի 20-ին։
Քաշաթաղի շրջանի երիտասարդ հոգևոր հովիվ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանը 2020թ․ պատերազմից հետո ծառայությունը շարունակում է Ասկերանի շրջանի Աստղաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում։
Սակայն Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում կատարվող հոգևոր բոլոր արարողություններին ներկա է, և հիմնականում ինքն է մատուցում Սուրբ պատարագ, իրականացնում այլ արարողություններ։ Առավոտյան մարդաշատ էր Սուրբ Համբարձման եկեղեցու բակը։
Կարդացեք նաև
Հիմնականում քաշաթաղցիներ էին, Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը, այստեղ այժմ բնակվող մեր հայրենակիցները, որ ներկա եղան Սուրբ Պատարագին, որը մատուցվեց Տեր Բենիամին քահանա Ծատուրյանի ձեռամբ, 2 սարկավագների օգնությամբ։ Տեր հայրը Տերունական աղոթքով սկսեց Սուրբ արարողությունը, որի ընթացքում հոգևոր երգերով հանդես եկավ նաև եկեղեցական երգչախումբը։ Տեր Բենիամինը տեղեկացրեց՝ Սուրբ Պատարագը կայացավ նախավարդավառին՝ նվիրված Քրիստոսի Պայծառակերպությանը, որը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Սուրբ պատարագից հետո կայացավ նաև Բերձորի նախկին բնակիչ Աշոտ Մեջլումյանի երեխաների մկրտությունը։ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանը կարևոր քայլ է համարում, որ քաշաթաղցիները գերադասում են իրենց զավակներին մկրտել հատկապես Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում։ Հավելեց նաև՝ միշտ պատրաստ է կատարել նման Սուրբ արարողություն։ Նշեց նաև՝ ամսի 23-ին նույնպես մկրտության արարողություն է լինելու կամ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում, կամ Աղավնոյի Սրբոց Նահատակացում։ Ուրախությամբ հավելեց մկրտության կնքահայրն է լինելու Աղավնոյի գյուղապետ Անդրանիկը։
ՄԵՐԱՆ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի պաշտոնաթերթ