Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում ենք, որ մեկ դաշտում գործեն բոլորը, սա է խնդիրը». Նարեկ Զեյնալյան

Հուլիս 20,2022 22:25

Օրենսդրական նախաձեռնություն՝ ուղղված բուժաշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությանը

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում առաջարկվում է փոփոխություն, որը նախատեսվում է օրենքի 33-րդ հոդվածում: Առաջարկվում է ավելացնել դրույթ, ըստ որի՝ Շարունակական մասնագիտական զարգացման գործընթացն իրականացնելու ժամանակահատվածում պահպանվում են բուժաշխատողի աշխատատեղը, ստաժը, ինչպես նաեւ վարձատրությունը: Վերոնշյալ օրենքի համաձայն՝ Շարունակական մասնագիտական զարգացման, ինչպես նաեւ ձեռք բերված գիտելիքների եւ մասնագիտական հմտությունների համար բուժաշխատողներին շնորհվում են ՇՄԶ կրեդիտներ:

Սահմանված է, որ բուժաշխատողները 5 տարվա ընթացքում պետք է հավաքեն 220 կրեդիտ՝ մասնակցելով վերապատրաստումների, կոնֆերանսների եւ այլ սահմանված միջոցառումների: Սակայն օրենքում ամրագրված չէ, թե դրանց մասնակցելու, հետեւաբար, աշխատանքից բացակայելու դեպքերում ինչպե՞ս են վարձատրվում այդ բուժաշխատողները, արդյո՞ք պահպանվում են աշխատավարձը, ստաժը եւ վարձատրությունը:

Օրենքում առաջարկվող փոփոխության հեղինակներն են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը եւ Լուսինե Բադալյանը: Օրենսդրական փոփոխության վերաբերյալ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը՝ Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ, հուլիսի 20-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որին մասնակցել են  պատգամավորներ, առողջապահության ոլորտի պատասխանատուներ, բուժհաստատությունների ղեկավարներ:

Նարեկ Զեյնալյանը մանրամասնել է, որ իրենց առաջարկը վերաբերում է բուժաշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությանը, քանի որ օրենքում հստակեցված չեն վերոնշյալ հարցերը, եւ դրանց կարգավորումը թողնված է բժշկական հիմնարկների տնօրենների հայեցողությանը: Ըստ նրա՝ դա օրենքի խախտում չէ, քանի որ որեւէ տեղ ամրագրված չէ, թե ինչպես պետք է կարգավորվեն  բուժաշխատողների ստաժի, աշխատատեղի եւ վարձատրության հարցերը, երբ նրանք ՇՄԶ նպատակով որոշակի ժամկետներում մասնակցում են վերապատրաստման դասընթացների, սեմինարների, գիտական, գիտագործնական գիտաժողովների, կոնֆերանսների եւ այլն:

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հայտնել է, որ 2023 թ. հունվարի 1-ից բոլոր բուժհաստատություններում պարտադիր կլինի ՇՄԶ հավաստագրերի առկայությունը: «Բոլոր այն խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ այս գործընթացի ներդրման արդյունքում, շատ կարեւոր է այս պահին էլ հայտնաբերել եւ իրականացնել փոփոխություններ»,- ասել է փոխնախարարը՝ քննարկման մասնակիցներին առաջարկելով ներկայացնել խնդիրներն ու դրանց լուծման իրենց տարբերակները:

Քննարկման մասնակիցները հայտնել են, որ ՇՄԶ նպատակով աշխատանքից բացակայող բուժաշխատողների բացակայությունները ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն համարվում են հարգելի, պահպանվում են ստաժն ու աշխատատեղը, սակայն դա կատարվում է հաստատության ներքին կանոնակարգին համապատասխան:

Ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը պարզաբանել է, որ Աշխատանքային օրենսգրքով սահմանված է, որ ստաժը, աշխատատեղն ու վարձատրությունը պահպանվում են աշխատողի որակավորման բարձրացման ժամանակ, իսկ ՇՄԶ-ն որակավորման բարձրացում չէ: Նա տեղեկացրել է, որ որոշ ԲԿ-ներ վերապատրաստման մասնակցող բուժաշխատողներին չեն տալիս աշխատավարձ, եւ նրանք ստիպված իրենց հաշվին արձակուրդ ձեւակերպելով են  գնում վերապատրաստման կամ այլ սահմանված միջոցառումների: «Ուզում ենք, որ մեկ դաշտում գործեն բոլորը, սա է խնդիրը»,- ընդգծել է Նարեկ Զեյնալյանը:

Հյուրերը պատգամավորներին ներկայացրել են հարցի կարգավորման վերաբերյալ իրենց տեսակետները, ինչպես նաեւ բուժաշխատողների վերապատրաստման իրենց տարբերակները, նպատակահարմար համարել օրենքում առաջարկվող փոփոխությունը:

Ամփոփելով քննարկումը՝ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել կառուցողական քննարկման համար: Նա տեղեկացրել է, որ առաջարկների հիման վրա նախագիծը մասամբ կվերաձեւակերպվի:

ՀՀ ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031