«Գնաճը կարող է լինել օբյեկտիվ ու սուբյեկտիվ եւ տարբեր պատճառներով, գնաճը կարող է նպաստել տնտեսական աճին, կամ՝ արգելակի տնտեսական աճը, բայց մի բան շատ կարեւոր է. եթե գնաճի կարգավորումը ԿԲ-ի տիրույթում է, կա նաեւ կառավարություն, որն իրականացնում է սոցիալական քաղաքականություն»,-այսօր այս մասին ասաց տնտեսագետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը, որը մասնակցում էր՝ «Դրամի գերարժեւորման եւ կանխիկ շրջանառության սահմանափակումների խնդիրները» թեմայով քննարկմանը:
Նրա խոսքով, մեր երկրի իշխանությունները միակն են, որ մեր տարածաշրջանում գնաճի ահագնացող ֆոնին 2020-21-22 թվականների առաջին կիսամյակ որեւէ ձեւով չեն արձագանքել սոցիալապես անապահով ընտանիքների գնաճային այս խնդիրներին: Ասաց, որ աղքատության նպաստի չափը եւ հիմնական կենսաթոշակը չի ավելացել, նվազագույն աշխատավարձը չի բարձրացել, իսկ միջին աշխատավարձն էլ ավելի քիչ է աճել՝ քան առաջին անհրաժեշտության ապրանքների գները:
Ներդրումների առումով էլ ասաց, որ մարդիկ երբեմն կարեւորում են այն ռիսկը, որ կորցնելուց, ավելի շատ են վախենում, քան՝ ոգեւորվում այն գերշահույթից, որը նրան խոստանում են. «Այսպիսի իրավիճակում, երբ առկա են աշխարհաքաղաքական սպառնալիքներ, մեր երկրում անվտանգային խնդիրները ավելանում են եւ լուծված չեն, անորոշությունը դարձել է անչափ, շատ բարդ է գնահատել ներդրումային միջավայրը»:
Կարդացեք նաև
Ըստ պարոն Ավետիսյանի, կանխիկից անկանխիկի անցնելը մարդկանց խնդիրները ավելի է բարդացրել եւ պատժողական քաղաքականության փոխարեն պետք է խթանել, որպեսզի մարդիկ ինքնակամ անցնեն անկանխիկի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ