Շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը հայտարարել է, որ աշխարհի թագի համար մրցամարտին մասնակցելու մոտիվացիա չունի եւ հրաժարվում է չեմպիոնական տիտղոսը պաշտպանել Յան Նեպոմնյաշչիի հետ մրցամարտում:
«Ես իմ որոշման մասին հայտնել եմ իմ թիմին, ՖԻԴԵ-ին, Յոնին»,- հայտարարել է Կարլսենը, միեւնույն ժամանակ հստակ ակնարկելով, որ չի բացառում ավելի ուշ վերադառնալ դասական շախմատ եւ որ շարունակելու է լիարժեք զբաղվել շախմատով, սակայն ոչ աշխարհի առաջնությունում:
ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը նշել է, որ հարգանքով է վերաբերվում Կարլսենի որոշմանը եւ ավելացրել. «Որեւէ պատժամիջոց չկա եւ չի կարող լինել, քանի որ ոչ մի կանոն չի խախտվել»: ՖԻԴԵ-ի նախագահը նաեւ տեղեկացրել է, որ չնայած Մագնուս Կարլսենը դեռեւս պաշտոնապես չի դիմել, սակայն ՖԻԴԵ-ում հասկանում են, որ նրա որոշումը վերջնական է:
Եթե Մագնուս Կարլսենը չփոխի որոշումը, ինչի ժամանակ դեռ ունի, ապա Յան Նեպոմնյաշչին շախմատային թագը կվիճարկի հավակնորդների մրցաշարում երկրորդ տեղն զբաղեցրած շախմատիստի, տվյալ դեպքում՝ չինաստանցի գրոսմայստեր Դին Լիժենի հետ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ