Տավուշի մարզի Այգեձոր բնակավայրում հանդիսավորությամբ վերաբացվեց տեղի մանկապարտեզը։ «Այգեձորի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի Էրի ձոր թաղամասի մասնաշենքը հիմնանորոգվել է «Փարոս» հիմնադրամի և Երևան համայնքի բյուջեի հատկացումներով, Բերդի համայնքապետարանի ներդրումներով: Մանկապարտեզի անհրաժեշտ գույքը տրամադրել է «Focus on Children Now»(FCN) բարեգործական կազմակերպությունը:
«Երեխայի դաստիարակությունը և կրթությունն սկսվում են նախակրթարանից: Բոլորս գիտենք, թե այդ առումով ցանկալի արդյունք ապահովելու համար որքան կարևոր են բարեկարգ պայմանները: Այսօր կարող ենք արձանագրել, որ շնորհիվ մեր հյուրերի ներդրումների՝ մեր մանկապարտեզն այսուհետ իր սաներին ընդունելու է բարեկարգ, գեղեցիկ շենքային պայմաններում», – իր խոսքում նշեց Այգեձոր բնակավայրի վարչական ղեկավար Լորիս Միրզոյանը։
Կարդացեք նաև
Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը, մեկ անգամ ևս շեշտելով նախաձեռնության կարևորությունը, իր երախտագիտությունն է հայտնել ներկաներին՝ կատարած ներդրումների համար. «Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի և համայնքի անունից մեր երախտագիտություն եմ հայտնում բոլորին՝ այս կարևոր նախաձեռնությունը կյանքի կոչելու համար: Այն, ինչ արվել է, մեր ապագայի համար է: Այս մանկապարտեզն ամրացնելու է սահմանը»:
Հավելենք, որ մինչ հիմնանորոգման աշխատանքները Այգեձորի մանկապարտեզի շենքը գտնվում էր անմխիթար և անբարեկարգ պայմաններում։
Լուսանկարները՝ Այգեձորի համայնքապետարանի
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ