Երեկ «Դիմադրության» շարժման անդամները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ցույց էին կազմակերպել՝ ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված քաղաքացիների: Հիշեցնենք, որ օրեր առաջ դատարանի դահլիճում մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որին կալանքի տակ էին պահում:
Aravot.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը իշխող խմբակցության պատգամավորներին հրավիրեց բողոքի ցույցերի. «ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լավ կաներ ցույցին մասնակցեր, որովհետեւ Արմեն Գրիգորյանը իրենց ու իրենց երեխաների համար էր պայքարում: Արմեն Գրիգորյանը քաղաքական գործիչ չէր, նա կարող էր ամեն ինչը մի կողմ թողնել ու Մոսկվայում փողեր աշխատել՝ իր նախկին ու ներկա ընկերների նման: Նա տաղանդավոր պրոդյուսեր էր: Կարող էր մի կողմ քաշվել, ասել՝ դե ինչ անենք:
Արմենի հուղարկավորությանը եկել էին իր մի քանի ընկերները, որոնք հարկ չհամարեցին անգամ դատարան գալ, նրա ձեռքը սեղմել, կամ գոնե օդային ողջույններ փոխանցել ձեռքով: Էլի լավ էր, որ եկան:
Ռուբինյանին եմ ասում, Ալենին եմ ասում՝ եկեք կանգնեք, որ մենք հասկանանք, որ դուք մարդ եք: Արմենը նաեւ իրենց համար էր պայքարում: Արմենը քննադատել է ինձ էլ, «Հայաստան» դաշինքին էլ, որովհետեւ մենք հարգում ենք, ազնիվ մարդու սրտից բխած քննադատություն է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ