Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սա ռազմաքաղաքական զգուշացում էր Ադրբեջանին, որ Իրանը Սյունիքն ընկալում է որպես ՀՀ-ի անքակտելի մաս»․ իրանագետ

Հուլիս 20,2022 18:12

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին երեկ ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահների հետ Թեհրանում կայացած հանդիպումներում հայտարարել է, որ Իրանը չի հանդուրժի Իրան-Հայաստան սահմանի փակումը, որ Իրան-Հայաստան սահմանը հազարամյա հաղորդակցության ճանապարհ է, եւ այդ մասին նաեւ առանձին գրառում է արել իր թվիթերյան միկրոբլոգում։ Aravot.am-ն իրանագետ Նվեր Դավթյանից (լուսանկարում) հետաքրքրվեց՝ 2020թ․-ի պատերազմից հետո պաշտոնական Թեհրանի հայտարարություններում այս մեկն ինչո՞վ է առանձնանում, նորությո՞ւն է, թե՞ եղածի հերթական արձանագրում։

«Դեռեւս պատերազմի վերջին շրջանում, երբ երեւում էր հայ-ադրբեջանական ռազմաքաղաքական հարաբերություններում առկա վտանգավոր այնպիսի իրավիճակ, որը կարող էր խաթարել հայ-իրանական հարաբերությունները եւ վտանգել հայ-իրանական սահմանի գոյությունը, Իրանը տարբեր մակարդակներում՝ նախագահի, հոգեւոր առաջնորդի, ԱԳ նախարարի, հանդես եկավ հայտարարություններով, տեղի ունեցան զորավարժություններ՝ ամրագրելով Իրանի համար կարմիր գծերը։ Ադրբեջանն ու Թուրքիան շահագրգռված են համադրել իրենց ռազմաքաղաքական նպատակները տարածաշրջանի եւ տարածաշրջանից դուրս գտնվող այն երկրների հետ, որոնց հետ ունեն տնտեսական շահեր, եւ խաղաղության անվան տակ փորձում են վտանգել, սպառնալ հայ-իրանական սահմանին, այսինքն՝ հայ-իրանական սահմանի հաշվին հասնել իրենց բաղձալի երազանքին»,-նախ նշեց Նվեր Դավթյանը։

Նա շեշտեց՝ Իրանը, սակայն, թե այն ժամանակ, եւ թե շարունակաբար պնդել է իր դիրքորոշումը, եւ Իրանի հոգեւոր առաջնորդի հայտարարությունները ներկայիս իրավիճակում եւս մեկ անգամ այդ կարեւոր նշանակության դիրքորոշման արտահայտումն են․ «Նախագահների ընդհանուր հայտարարության մեջ կովկասյան տարածաշրջանի մասին փոքր ձեւակերպում կար՝ երկրների սահմանների անքակտելիության, անվտանգության ապահովման վերաբերյալ, բայց ավելի շատ ուշադրության առարկա էր սիրիական խնդիրը՝ Սիրիայի տարածքային ամբողջականության, հումանիտար, ռազմաքաղաքական հարցերով։ Ինչ վերաբերում է Իրանի հոգեւոր առաջնորդի հայտարարությանը, ապա հետաքրքրական էր միայն այն փաստը, որ նա երկու խոշոր խաղացողների՝ ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահներին հստակ հայտնեց Իրանի դիրքորոշումը, որ դա իրենց համար անթույլատրելի է, որքան էլ իրենք հարգում են այսպես կոչված Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այսինքն, Իրանը թույլ չի տա, որպեսզի խափանվի հայ-իրանական հարաբերություններն ապահովող ցամաքային սահմանը, քանի որ այն միայն ՀՀ-ի հետ սահմանը չէ, այլեւ Իրանինը։ Սրանում կա նաեւ պատմական կարեւոր փաստի հիշատակում առ այն, որ հայ-իրանական ցամաքային սահմանը հազարավոր տարիներ է՝ գոյություն ունի։ Սա նշանակում է, որ այս հայտարարությամբ Սյունիքն ընկալվում է որպես ՀՀ անքակտելի մաս։ Սա այն դեպքում, երբ Ալիեւը էյֆորիայի մեջ հայտարարում է, թե «դա Արեւմտյան Զանգեզուր է»․․․Իրանի հոգեւոր առաջնորդի հայտարարությունը սրան էր ուղղված՝ որպես պատասխան, որ այդ սահմանը հազարավոր տարիներ հայ-իրանական ցամաքային կապն է, որն անքակտելի կարմիր գիծ է։ Սա պատմական եւ ռազմաքաղաքական զգուշացում էր Ադրբեջանին, որ այդ տեսանկյունից պետք չէ մեծ հավակնություններ ունենալ»։

Ինչ վերաբերում է փաստին, թե ինչու Իրանի հոգեւոր առաջնորդը նշյալը շեշտեց թե ՌԴ-ի, եւ թե Թուրքիայի նախագահների ներկայությամբ, Նվեր Դավթյանը կարծիք հայտնեց, որ Թուրքիայի կողմից Սիրիայի վերաբերյալ կամ ՌԴ-ի կողմից Սիրիայի վերաբերյալ Իրանի հետ ինչ-որ փոխզիջումային քննարկումներ ու առաջարկներ են եղել․ «Բացառված չէ, որ դրանք եղել են Կովկասի հաշվին։ Բայց Իրանը հաստատեց քաղաքական կամք, որ իր համար կարեւոր է թե Սիրիան, թե Հայաստանի հետ իր սահմանը»։

Հարցին՝ Իրանի կողմից նշյալ դիրքորոշման հստակ ամրագրումը գործնականում ինչպե՞ս եւ որքանո՞վ է կենսագործելի ՀՀ-ի համար, մենք ի՞նչ ենք անում, որ հայ-իրանական շահերի այս համընկնումից ստանանք մեր համար կենսականը, Նվեր Դավթյանը պատասխանեց․ «Այն, ինչ վերջին երեսուն տարում բաց ենք թողել Իրանի հետ հարաբերությունների խորացման, զարգացման ուղղությամբ, պետք է փորձենք հնարավորինս արագ տեմպերով լրացնել, իրագործել՝ կոմունիկացիաներ, տնտեսական-քաղաքական, ռազմաքաղաքական հարաբերությունների զարգացում։ Այստեղ տարբեր խնդիրներ կան։ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում այսօր կան ահաբեկչական խմբավորումներ։ Նախագահների հայտարարությունում անուղղակի նշված է, որ երեք երկրների կողմից պետք է համադրվեն գործողությունները՝ տարածաշրջանում դեռեւս գտնվող ահաբեկչական կառույցների գործունեության դադարեցման եւ դուրսբերման ուղղությամբ։ Այստեղ ՀՀ-ի եւ Իրանի միջեւ աշխատանք կա անելու։ Բացի այդ, ռազմատնտեսական, ռազմաքաղաքական ոլորտում եւս ներուժ կա, մենք էլ անհրաժեշտություն ունենք։ Մենք խնդիր ունենք՝ ՀՀ իշխանությունների կամքը, որպեսզի առաջնային նշանակություն ունեցող՝ ՀՀ-ի եւ Արցախի անվտանգությանն առնչվող հարցերում ի մի բերվեն կարեւոր նպատակներն ու դրանց ուղղված ջանքերը, որպեսզի զերծ լինենք արտաքին՝ խանգարող միջամտություններից եւ ճնշումներից, որպեսզի հայ-իրանական հարաբերությունները կարողանան զարգանալ ուրույն կերպով։ Խոսքն ամերիկյան ազդեցության մասին է։ Ռուսական որոշակի ազդեցությունը եւս չենք կարող բացառել, այն խոչընդոտում է հայ-իրանական հարաբերությունների որոշ ուղղությունների զարգացմանը։ Այս ամենը պետք է այնպես համադրել, որպեսզի ընկալվի որպես ընդհանուր շահ։ Օրինակներից մեկը, ինչպես նշեցի, տարածաշրջանում ահաբեկչական կառույցների առկայությունն է։ Սա բավարար է, որ անվտանգային հարցերում համադրենք Իրանի եւ ՌԴ-ի հետ շահերը։ Սրանք զսպող մեխանիզմներ կլինեն եւ ռազմաքաղաքական երկխոսության հնարավորություն կտան։ Չի կարելի զարգացումներից հեռու մնալ եւ դիտողի դերում հանդես գալ։ Այս իրավիճակում ՀՀ-ի համար դա անթույլատրելի է։ Կարծում եմ՝ ՀՀ իշխանության կողմից առաջիկայում պետք է արձագանք լինի այս եռակողմ հայտարարությանն առնվազն ԱԳՆ-ի մակարդակում, որպեսզի ամրագրվեն մեր շահերի հետ կապված ասելիքները կամ փնտրվեն այնպիսի դրույթներ, որոնցում մենք նույնպես անելիք ունենք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031