ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը օրերս լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ընդդիմադիր պատգամավորները «պետք է գլուխները կախ մտնեն ԱԺ, նայեն մեր աչքերի մեջ ու չկարողանան կրկնել այն, ինչ ասել են փողոցներում»: Նա լրագրողներին հորդորում էր գնալ եւ փնտրել ընդդիմադիրների ու հարցր ուղղել՝ ասելով, թե ընդդիմադիր պատգամավորներից ոմանք կլինեն ծովափերում, ոմանք՝ արտասահմանում, ոմանք խորը ճգնաժամի մեջ են, ոմանք հոգեբանների մոտ են գուցե, ոմանք գուցե քայլում են դեպի Երուսաղեմ, որպեսզի քավեն իրենց մեղքերը:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ասաց, որ մեղքերի թողության համար պետք չի Երուսաղեմ գնալ հասնել, ցանկացած հայկական եկեղեցի կարող ենք օգտագործել. «Պարոն Ռուբինյանին փոխանցեք՝ եթե հարմար առիթ լինի, անկախ ամեն ինչից, ամեն հնարավորության դեպքում ոչ միայն մեր մեղքերի, այլեւ իրենց մեղքերի համար էլ, չնայած չափազանց ծանր է, մոմը վառում ենք ու խնդրում ենք, որ ների Աստված մեզ: Որովհետեւ իրենք այնքան ծանր հանցանք են գործել, որ չենք կարծում՝ իրենք միայնակ այդ բեռը կկարողանան տանեն: Ես խեղդվելուց փրփուրներից կառչող մարդկանց մեկնաբանություններին չեմ ուզում անդրադառնալ: Իրենք արդեն այնքան բան են գործել, հազարավոր մարդկանց զոհերի պատճառ դարձած, որեւէ պատասխանատվություն ու մեղավորություն չստանձնած մարդկանց հիմա ես պիտի հակադարձեմ իմ ԱԺ գնալով կամ չգնալու մասին խոսելո՞վ: Հայտարարված է դրա մասին՝ կա հայ մարդու օրակարգ, հայ մարդու շահերի պաշտպանության, անվտանգության օրակարգ: Որտեղ կարծենք, որ այդ օրակարգը իմաստ ունի պաշտպանել՝ գնալու ենք»:
Ինչ վերաբերում է Ռուբինյանի ասածին, որ ընդդիմադիրները թող գնան ԱԺ, նայեն իրենց աչքերի մեջ ու կրկնեն այն, ինչ փողոցում են ասում՝ Քրիստինե Վարդանյանը հակադարձեց. «Հաջորդ անգամ Ռուբինյանին տեսնելուց ասեք՝ այդ ե՞րբ չենք կրկնել ու քանի՞ անգամ է իրեն պետք կրկնել, որ հասկանա, թող ինչ-որ թիվ ասի՝ 20, 30…հասկանանք քանի անգամ ենք դրանից պակաս ասել, գնանք լրացնենք, որ վերջապես հասկանա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ