Մայիսի 4-ին Երեւանի Ադոնցի հասցեում գտնվող բնակարաններից մեկում կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Մրգավետ համայնքի ղեկավարի որդին՝ Նարեկ Սարգսյանը, չի ընդունում առաջադրված մեղադրանքը:
Սարգսյանի պաշտպան Աննա Ծառուկյանը Aravot.am-ին պատմեց, որ դեպքի օրը իր պաշտպանյալը եղել է մահացածի տանը, ինքն է կնոջը հայտնաբերել ուշագնաց վիճակում ու անմիջապես ահազանգել «Շտապ օգնություն»:
«Իմ պաշտպանյալն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, բացառում է, շեշտում է, որ անմեղ է: Ոչ մի միջադեպ կնոջ հետ չի ունեցել, բացարձակ: Քննչական մարմինը նույնիսկ սպանության շարժառիթ կամ նպատակ չի նշում, ընդամենը, ըստ նախաքննության` ունեն տվյալներ, որ եղել է դեպքի վայրում ու շտապ օգնություն է կանչել: Դեռ չեմ ասում, որ դրանք ակնհայտ փաստեր են, որովհետեւ հնարավոր է` դրանք մեր կողմից վիճարկվեն: Դրանք ենթադրյալ ապացույցներ են: Բայց մի էսպիսի բան ասեմ. շտապ օգնություն կանչող ամուսինը, որը խառնված կանչում է, խնդրում է՝ շուտ հասեք, ո՞նց եք պատկերացնում՝ սպանություն կատարի՞, դեպքի վայրում հայտնվի, ՀՀ-ից չհեռանա՞, մի հատ էլ շտապ օգնություն կանչի՞. չկա տրամաբանություն»,- ասաց Աննա Ծառուկյանը:
Մեր զրուցակիցն ասաց՝ տվյալներ չունի, որ իր պաշտպանյալը կնոջ հետ հաշտ չէր ու միասին չէին ապրում. «Մեր ձեռքի տակ կան 20 հոգու ցուցմունքներ, որոնք ընդգծված պատմում են, թե ինչ հաշտ ընտանիք են եղել: Շուտով այդ ամենը կներկայացնենք նախաքննությանը: Ձեռքիս տակ կա նաեւ տեսանյութ, որ դեպքից մի քանի օր առաջ հարսանիքի են մասնակցել, այնքան սիրով են եղել իրար հետ, երեխան իրենց հետ, պարում են, իրար կողքի նստում են, աղջիկը ժպտում է: Կարող է ինչ-որ խոսակցություններ եղել են, ինչպես բոլոր ընտանիքներում լինում են»:
Կարդացեք նաև
Փաստաբանն ասաց, որ այս պահին դեռ չունեն որեւէ դատաբժշկական փորձաքննության եզրակացություն, այն պարագայում, երբ, ըստ մեղադրանքի, կա մահացածի գլխուղեղի վնասվածք եւ խեղդամահության հետքեր. «Մենք նաեւ չգիտենք, սա կարող է լինել բժշկական անփութություն, արդյոք բժիշկները ճիշտ ու արագ գործողություններ են կատարել: Մենք ոչ մի տվյալ չունենք, բայց ունենք մեղադրյալ: Պաշտպանյալս պնդում է, որ ինքը տուն է մտել, կնոջը հայտնաբերել ուշագնաց վիճակում ու խառնվել է իրար: Շատ սթրեսային վիճակում է, նույնիսկ չեն թողել կնոջ մահը սգա: Բոլոր հնարավոր նմուշները տվել է, եթե վախենալու բան ունենար, նմուշները չէր տա: Ավելին՝ մի փորձաքննության եզրակացություն ունենք, որը արդարացնող հիմք ունի, եկել է, որ եթե խեղդամահություն է եւ դիակի հետ կապված բազմաթիվ հետքեր կան, Նարեկ Սարգսյանի վրա նույնիսկ քերծվածք չի հայտնաբերվել: Այսինքն՝ տրամաբանական չէ, եթե մարդու գլխին հարված հասցվեր, խեղդամահություն լիներ ու այդ մարդը չպաշտպանվեր: Բժիշկները, երբ եկել են, ասել են, որ արդեն պուլս չկա»:
Մեր հարցին, թե ամուսինն իր վարկածն ունի՞, թե ով կարող էր կնոջը նման վիճակում հասցնել, փաստաբանն ասաց. «Ինքը որոշակի կասկածներ ունի, մոտ օրերս քննիչին միջնորդել ենք, որ գա ու ինքը ցուցմունք է տալու, որովհետեւ դեպքի վայրում էլի եղել է մարդ, որի հետ կապված իմ պաշտպանյալը տվյալներ ունի, բայց այդ հարցին կպատասխանեմ նախաքննության ավարտին»:
Նախաքննական մարմնի հրապարակած տեսանյութում երեւում էր, որ մահացածի բնակարանն ամբողջովին տակնուվրա էր արված, փաստաբանից հետաքրքրվեցինք՝ այսինքն` ձեր պաշտպանյալը կասկածներ ունի, որ բնակարանը կողոպտել են ու կնոջը նման վնասվածք հասցրե՞լ, ի պատասխան ասաց. «Էլ կասկած չի առաջանում գողության, հեռախոսն էլ չկա, ոչ մեկի մեջ կասկած չի առաջացել, թիրախավորված տանում են դեպի Նարեկ Սարգսյան, էդպես հեշտ էլ է քննիչի համար, արագ բացահայտվում է»:
Փաստաբանն ասաց, որ մեղադրանքի հիմքում որեւէ հիմք ու արժանահավատ ապացույց չկա: Մեր հարցին՝ իսկ ընդհանրապես ինչ ապացույց կա մեղադրանքի հիմքում, փաստաբանն ասաց՝ այս փուլում չի կարող պատասխանել:
Նարեկ Սարգսյանը դեռ կալանավորված է: Փաստաբանը դժգոհեց գործը քննող քննիչի աշխատանքից, ասաց՝ երկու ամսում աշխատել է ընդամենը մեկ օր, այն դեպքում, երբ այս գործով քննչական խումբ է ձեւավորված:
Փաստաբանը նաեւ ասաց, որ շենքի տեսախցիկների ֆիքսած անձանց նույնականացման փորձաքննություն չի եղել, քննիչը չի առգրավել առաջին հարկի տեսախցիկները:
Մեր զրուցակիցը նաեւ պարզաբանեց, որ ճիշտ չեն տեղեկությունները, թե բացատրական աշխատանքների շնորհիվ է իր պաշտպանյալը դեպքից հետո ներկայացել իրավապահներին: Նա ասաց, որ Նարեկ Սարգսյանը պնդել է, որ ինքը, երբ հարեւանների միջոցով իմացել է , որ իրեն փնտրում են, այդ ընթացքում երեխայի խնամքով զբաղվելիս է եղել, անմիջապես ներկայացել է. «Ի՞նչ բացատրական աշխատանքների մասին է խոսքը, ինքն այդ տվյալները հերքում է: Ներկայացել է, տեղում էլ ձերբակալել են: Մեկ արձանագրություն է կազմվել, պաշտպանյալս հուզված է եղել ու ստորագրել է առանց կարդալու ու դրա վերաբերյալ քննիչին գրավոր հայտարարություն է ներկայացրել, որ ինքը չի կարդացել: Այդ արձանագրության մեջ գրված է եղել՝ ես ներկայանում եմ ինքնակամ, ես եմ կատարել հանցավոր արարքը: Դրանք նույնիսկ իր բառերը չեն, ինքն այդ տերմինոլոգիայով չի խոսում, չի տիրապետում այդ բառերին: Սա որպես ապացույց դատավարության մեջ չի կարող հանդիսանալ, ինքը հերքել է »:
Հիշեցնենք, որ խեղդամահ արված կինը 2017-ին ԵՊՀ-ից առեւանգված դասախոսն էր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ