Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուբինյանը դեռ երիտասարդ է, ես ուզում եմ իրեն հնարավորություն տամ, որ ինքը կարողանա ապրել այս երկրում». Գեղամ Նազարյանը՝ ԱԺ գնալու մասին

Հուլիս 20,2022 17:43

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը օրերս լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ընդդիմադիր պատգամավորները «պետք է գլուխները կախ մտնեն ԱԺ, նայեն մեր աչքերի մեջ ու չկարողանան կրկնել այն, ինչ ասել են փողոցներում»: Նա լրագրողներին հորդորում էր գնալ եւ փնտրել ընդդիմադիրների ու հարցր ուղղել՝ ասելով, թե ընդդիմադիր պատգամավորներից ոմանք կլինեն ծովափերում, ոմանք՝ արտասահմանում, ոմանք խորը ճգնաժամի մեջ են, ոմանք հոգեբանների մոտ են գուցե, ոմանք գուցե քայլում են դեպի Երուսաղեմ, որպեսզի քավեն իրենց մեղքերը:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ասաց. «Ես Երուսաղեմից սկսեմ՝ Դավիթի մաման՝ Ալիսը՝ լրագրող, Երուսաղեմ գնաց, բայց ոչ թե մեղքերին թողություն խնդրելու, այլ՝ իր ու երեխու կապը ավելի լավ զգալու համար: Ռուբինյանին ասեք, որ Երուսաղեմ դրա համար են գնում, եթե ինքը չի հասկանում: Մենք կարանք Երուսաղեմ գնանք՝ մեր մեղքերի թողության եւ իրե՛նց մեղքերի թողության համար աղոթելու: Բայց գիտեք, երբ որ մեկը խոսում է գլուխը կախ քայլելու մասին, ինքը՝ Ռուբինյանը առաջինը պետք է իր մասին խոսեր, հետո գար, եթե այդքան համարձակություն ունենար, թակեր իր շեֆի դուռը կառավարությունում, ասեր՝ գիտես, լավագույնը, որ դու կարող ես անել, միջանցքներում գլուխդ կախ քայյելն է՝ այն ողբերգության համար, որ այս պետության գլխին բերեցիր ու շարունակում ես բերել:

Ռուբինյանը այդպես ասում է ընդամենը մի պատճառով, որ մեզ հուզական հոգեբանական դաշտ գցի, որ մենք, ասենք, վաղը, մյուս օրը կարեւոր հարցերով գնանք Ազգային ժողով ու իրենց շեֆին դուրս շպրտենք իր զբաղեցրած պաշտոնից, կոմպլեքսավորվենք, ասենք՝ բա մենք Ռուբինյանի ասածից հետո ո՞նց գնանք:

Ռուբինյանն է միշտ մեր մոտ փողոցում, խորհրդարանում, ֆուտբոլի դաշտում, սահմանամերձ բնակավայրերում գլուխը կախ կանգնելու, որովհետեւ մենք չենք երկիրը տարել պարտության, պատերազմի ու ողբերգության, մենք չենք ավտոմեքենայի շարասյամբ հղի կնոջը սպանել: Ես ու մեր խմբակցության որեւէ անդամ չի Բերձորը մի ստորագրությամբ տրամադրել թշնամուն:

Ու ամենակարեւորը՝ մենք չենք ամեն օր խաբում հանրությանը, նայում հանրության աչքերին ու էլի խաբում, ստում: Ինքը ձեզ՝ լրագրողներիդ կոչ է արել, ես էլ եմ ձեզ կոչ անում՝ անդադար Ռուբինյանին, Նիկոլին, Ալենին հարցրեք, ասեք՝ այդ կես տարին չանցա՞վ, բա գերիները ո՞ւր են, այդ ժամկետը չանցա՞վ: Ասում էին՝ նոյեմբերի 16-ին, մայիսի 12-ին հայկական տարածք ներխուժած ադրբեջանցիներին հետ ենք ուղարկելու: Բա հարցրեք՝ բա ի՞նչ եղավ: Ի՞նչն է ձեզ ստիպում այս ողբերգություններից հետո կառչել ձեր աթոռներից, պատասխանե՛ք:

Ի վերջո հանրությունը պետք է իմանա՝ հղի կնոջը սպանած մարդը, հետո չկանգնած ու օգնություն չցուցաբերած մարդը, հետո այդ չծնված երեխու ընտանիքի վրա տարբեր ձեւերով ճնշումներ գործադրած մարդը առնվազն պետք է հրաժարական տա, չասեմ հետո ինչ անի»:

Ռուբինյանն ասել էր, որ անառակ որդիներին վերադառնալու հնարավորություն են տալիս: Հարցին՝ կկարողանա՞ք գնալ ԱԺ, ինչպես ինքն է ասում, նայել իրենց աչքերի մեջ ու կրկնել այն, ինչ փողոցում եք ասում՝ Գեղամ Նազարյանը պատասխանեց. «Ես հատուկ գնալու եմ, կանգնեմ իր աչքի առաջ, Ազգային ժողովի ամբիոնից մեկ առ մեկ ասեմ այն, ինչ ասել եմ այստեղ՝ հրապարակում, որովհետեւ դա բխում է հենց Ռուբինյանի շահերից, որ վերջը Ռուբինյանի գլուխը մտնի հայրենիքը ինչ է, պետությունը ինչ է ու ինչ կարելի է անել հայրենիքի ու պետության հետ, որովհետեւ Ռուբինյանը դեռ երիտասարդ է, ես ուզում եմ իրեն հնարավորություն տամ, որ ինքը կարողանա ապրել այս երկրում, ես իրեն սիրում եմ, քրիստոնյա մարդ եմ: Ես բոլորին սիրում եմ, ես Նիկոլին էլ եմ սիրում, անկեղծ եմ ասում: Ես որ պայքարում եմ, ասում եմ՝ Նիկոլ, հրաժարական տուր, իր ու իր երեխաների համար եմ ասում: Ինքը կհասկանա՝ ես ինչ եմ ասում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031