Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ, եթե այդքան տրանսֆերտ է եկել, ռուս տուրիստներ են եկել, այդքան գումար է մտել ՀՀ տնտեսություն, ինչո՞ւ մանրածախ առեւտրի էական աճ չենք ունեցել. Սուրեն Պարսյան

Հուլիս 20,2022 17:35

Այսօր տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Դրամի գերարժեւորման եւ կանխիկ շրջանառության սահմանափակումների խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ հանքարդյունաբերության ծավալները նախորդ տարվա համեմատ նվազել են, գների աճ կա եւ դրա հաշվին է, որ մեր երկրի արտահանումն աճել է: Ըստ նրա, խոսքը հիմնականում վերաբերում է Թեղուտի արտադրանքի դադարեցմանը:

«Այս իրավիճակը բավականին նման է 2000-ականների վիճակին, երբ Հայաստան մեծ քանակությամբ դոլար էր գալիս շինարարության ոլորտ: Շատերը կհիշեն, երբ դրամ-դոլար փոխարժեքը հասավ մինչեւ 300-310 դրամի: Այն ժամանակ ԿԲ նախագահը Տիգրան Սարգսյանն էր, որը շատ գեղեցիկ ներկայացնում էր, որ դա շատ լավ է, մեր տնտեսությունը շուտով արտադրողականության թռիչք է ապահովելու: Բայց իրականության մեջ ոչինչ էլ չունեցանք: Հիմա էլ նմանատիպ իրավիճակ է»,-ասաց Սուրեն Պարսյանը:

Նրա խոսքով, երբ խոսվում է, որ տրանսֆերտները մեծ ազդեցություն ունեն սպառման ծավալների վրա, դրանով, ըստ էության, ջուր ենք լցնում Կենտրոնական բանկի ջրաղացին. «Վիճակագրության համաձայն 2022-ի հունվար-մայիսին մանրածախ առեւտուրն աճել է ընդամենը 1,8 տոկոսով: Լավ, եթե այդքան տրանսֆերտ է եկել, այդքան գումար է մտել Հայաստանի տնտեսություն, ռուս տուրիստներ են եկել, ինչո՞ւ մանրածախ առեւտրի էական աճ չենք ունեցել: Մենք ունեցել ենք գների սպեկուլյատիվ աճ եւ այդ եկող գումարներով թանկ ապրանքներ են գնվել: Այնպես չէ, որ պահանջարկն ավելացել է: Երկու հաց առնողը էլի երկու հաց է գնել, այնպես չէ, որ փողը շատ եկել է, հիմա սկսել է 4 հաց առնել»:

Անդրադառնալով բանկերի կողմից արտարժույթի կանխիկացման դեպքում 3-5 տոկոս սպասարկման գումար պահելուն, ասաց, որ դրանով ԿԲ-ն «ստերիլիզացիա» է իրականացնում. «Երբ օրինակ, կանխիկացման դեպքում 3-5 տոկոս գումար է ուզում, ԿԲ-ն ուզում է բանկերի ֆինանսական վիճակը կայունացնի եւ նաեւ որոշակի բյուջե է լցնում: Բայց դա նրան չի հաջողվում, որովհետեւ հստակ է, որ մենք կանխիկ դոլարի պակաս ունենք տնտեսության մեջ: Դա պայմանավորված է նրանով, որ մեր բանկերը նախկինում իրենց կանխիկ դոլարի խնդիրը լուծում էին ռուսական բանկերի միջոցով: Հիմա ՀՀ-ում կա 2-3 բանկ, որ կարողանում են ԱՄՆ-ից կանխիկ դոլար բերել: Այդ բանկերը դոլարը վաճառում են մյուս բանկերին: Այսինքն՝ այստեղ կա հստակ սպեկուլյացիա դոլարի հետ կապված»:

Տնտեսագետի խոսքով, այնպես չէ, որ ամերիկյան բանկերը մեծ ուրախությամբ են այդ դոլարը փոխանցում Հայաստանին, քանի որ նրանք մտածում են, որ դա կարող է ռուսական գումարների կանխիկացման հնարավորություն դիտարկվի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031