Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանության թանգարանի տնօրենը՝ Եղեռնը ծաղրող թուրքի մասնակցությամբ միջադեպի մասին

Հուլիս 20,2022 17:24

Լրագրող, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ եւ տեսանյութ էր հրապարակել, եւ ահազանգել ԱԱԾ-ին այն մասին, թե ինչպես է ազգությամբ թուրք երիտասարդը ծաղրում է Հայոց ցեղասպանությունը՝ հենց Ցեղասպանության հուշահամալիրում:

Aravot.am-ը փորձեց կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանից: Նա ասաց, որ դա հերթական սադրանքն է եւ սկանդալային նյութ՝ լրատվամիջոցների համար: «Ի՞նչ մեկնաբանություն անեմ, մեզ մոտ ամեն օր հարյուրավոր մարդիկ են մտնում հուշահամալիր, եւ բոլորի ձեռքին միշտ լինում է հեռախոս, լուսանկարչական ապարատ, բոլորին ինչպե՞ս հետեւեն ոստիկանները: Մենք երեք ոստիկան ունենք այդ տարածքում, ամեն մեկն իր մասում է, իրենք հիմնականում քայլում են: Եթե տեսանյութը նայեք, կտեսնեք, որ ինքը (թուրք երիտասարդը-Գ.Հ.) չի գոռում, ձեռքերը վերեւ չի բարձրացնում, հեռախոսը իր դեմքի առջեւ է պահել եւ ինքն իրեն նկարում է: Ուզում եմ ասել, որ ձեռքը վեր չի բարձրացնում, որպեսզի հեռվից դա նկատվի»,-ասաց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը:

Ի դեպ, տեսանյութում երեւացող տղամարդը ցույց է տալիս «գորշ գայլերի» նշանը, գալի ձայն հանում, ապա ասում, որ եկել է «Հայաստանի ամենամեծ թատրոն»:

«Մենք ունենք տեսախցիկներ, բայց տեսախցիկներն ամեն նրբություն չեն կարող որսալ: Դրանք սովորական տեսախցիկներ են, որ սովորական հեռավորության վրա ցույց են տալիս՝ էս մարդը գնաց, էս մարդն եկավ, եթե ինչ-որ մի «չեպե» է լինում, հասկացվում է, բայց եթե մարդը իր դեմքից ընդամենը 20սմ հեռավորության վրա ցույց է տալիս նշան եւ ձեռքում էլ ապարատ կա՝ դժվար է նկատել:

Մենք ժամանակին առաջարկել էինք տեսախցիկներ դնել հուշասալերի վրա, ճարտարապետ Սաշուր Քալաշյանը չհամաձայնեց, որովհետեւ դա դրսից կարող էր երեւալ: Բացի դրանից, բնավ ցանկալի չի, որ մարդիկ գնան հուշահամալիր հարգանքի տուրք մատուցելու, եւ տեսախցիկը իրենց հետեւի: Ես նույնպես, որպես սովորական քաղաքացի՝ կարծում եմ, որ ճիշտ չէ տեսախցիկով հետեւել, թե մարդիկ ինչպես են սրբազան տարածքում հարգանքի տուրք մատուցում, իսկ իրենց վերեւից նկարում են»,-ասաց Հարություն Մարությանը:

Հարցինք՝ եթե հանկարծ որեւէ մեկը հուշասալի վրա ինչ-որ բան գրի, անշնորհք պահի, դա կնկատվի՞: «Ոստիկաններ կան տարածքում, ոստիկանությունն էլ մեզ չի ենթարկվում, այլ՝ ՀՀ ոստիկանությանը»,-ի պատասխան ասաց մեր զրուցակիցը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031