Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստամբուլի «Քամփ Արմեն» հայկական որբանոցը, որտեղ անցել է Դինքի մանկությունը, կվերակառուցվի

Հուլիս 20,2022 17:20

Ermenihaber. Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Քամփ Արմեն» անունով հայտնի հայկական որբանոց-ամառային ճամբարի վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն ընթացիկ տարվա հոկտեմբերին:

Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցուն պատկանող ճամբարի տարածքում նախատեսվող լայնածավալ շինաշխատանքներին կաջակցի ամերիկահայ բողոքական եկեղեցիների միությունը:

Հաղորդվում է, որ ճամբարի տարածքում կառուցվելիք նոր համալիրն ունենալու է 100 երեխայի տեղավորելու հնարավորությամբ կացարան, մշակութային կենտրոն, ճեմասրահ, գրադարան, համընդհանուր սրահներ և լսարան:
Նախօրեին միության նախագահ Զավեն Հանջըյանի ու վերջինիս տիկնոջ հետ «Քամփ Արմենի» տարածք են այցելել, Գեդիկփաշայի բողոքական եկեղեցու հիմնադրամի ներքո գործող Հրանտ Դինքի անվան դպրոցի աշակերտները:

Հանջըյանը նշել է, որ «Քամթ Արմենի» համար միավորվել են հայ կաթոլիկ, բողոքական ու ուղղափառ համայնքները ու ավելացրել. «Ցանկանում ենք, որ այստեղ «Քամփ Արմեն» անվանը համապատասխան տեղ լինի»:

Հիշեցնենք, որ «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող լքյալ ու կիսաքանդ մի շինություն է: Ներկայում ավերակի վերածված շինությունը ժամանակին եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը: 8.552 քմ տարածք զբաղեցնող «Քամփ Արմենը» 1961 թվականին գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է որպես ամառային ճամբար` Գեդիկփաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար:

Հայտնի է, որ այստեղ են մեծացել նաև 2007թ. Թուրքիայում սպանված հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքը և նրա կին Ռաքել Դինքը:

1980թ-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո ճամբարը թուրքական իշխանությունների կողմից ապօրինաբար խլվել է հայ համայնքի ձեռքից:

2015 մայիսի 6-ի առավոտյան ճամբարի ներկայիս սեփականատիրոջ նախաձեռնությամբ սկսվել էր ճամբար-մանկատան ապամոնտաժումը, սակայն կարճ ժամանակ անց Թուրքիայի հայկական համայնքի սկսած բողոքի լայնածավալ միջոցառումների շնորհիվ շինության ապամոնտաժումը հնարավոր եղավ դադարեցնել:

175 օր տևած ցույցերից և հերթապահությունից հետո՝ 2015թ. հոկտեմբերի 27-ին, «Քամփ Արմենը» պաշտոնապես վերադարձվեց հայ համայնքին. ճամբարի սեփականության իրավունքը հանձնվեց Գեդիկփաշայի հայ բողոքական եկեղեցու հիմնադրամին:

2017-ին Ստամբուլի քաղաքային խորհուրդը հավանություն էր տվել ճամբարի վերակառուցմանը: 2021-ի հունվարի 19-ին՝ Հրանտ Դինքի սպանության տարելիցի օրն էլ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հայտնել էր, որ Թուզլայի հայկական որբանոցը, որտեղ անցել է Դինքի մանկությունը, կվերածվի «Քամփ Արմեն» ճամբարի երիտասարդական կենտրոնի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031