Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դատաբժշկական փորձաքննությունից հետո կաթվածն է պաշտոնական վարկածը, բայց Արմենին սպանել էին մինչև այդ։ Քրեական գործ է հարուցվել»․ Նաիրա Զոհրաբյան

Հուլիս 20,2022 17:07

«Մենք չպետք է դադարենք խոսել Արմենի մասին այսօր, վաղը, երեկ, վաղը չէ մյուս օրը և ամեն օր։ Արմենը բոլորիս խիղճն էր։ Չենք կարող ասել, որ Արմենը պայքարում էր, որ իր ապօրինի անշարժ գույքը պահպաներ, թալանածը պահպաներ, որ իր նախկին պաշտոնը պահեր։ Նա բարեկեցիկ մտավորական էր, արվեստագետ»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանը։

Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ Արմեն Գրիգորյանը պայծառ մտավորական էր, մարդ, որը բժշկական համալսարանի ամենալավ ուսանողներից մեկը լինելով՝ առաջինն էր, որ երկրաշարժի օրերին ասաց՝ ինձ գործուղեք Գյումրի։

Այնուհետև դիմելով Արմեն Գրիգորյանի դեմ դուրս եկած գյումրեցիներին, ասաց․ «Գյումրեցիներ, որ Արմենի դեմ սրբազան պատերազմի եք դուրս եկել, ինձ էլ վառում էիք, որ ես Արմենին եմ պաշտպանում ձեզնից, ասեմ, որ ես Արմենին ձեզնից պաշտպանելու խնդիր չեմ ունեցել, ուղղակի ուզում էի՝ հասկանաք, որ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանության ներկայացուցիչները մանիպուլացնում են ձեզ։ Բայց Արմենի մահով ոչինչ չշահեցիք։ Դուք՝ բոլորդ պարտվեցիք, նա ապացուցեք, որ ճիշտ էր, և մենք բոլորս՝ այդ թվում ընդդիմությունը, սխալ էր։ Ընդդիմությունը, որ վերջին պահին շատ ակտիվ սկսեց հիշել Արմենի մասին, հիմա էլ հանրահավաքները պայմանավորում է եղանակի տեսությամբ։ Հարգելի ընդդիմություն, հովհարային անջատումներով հայրենիք չեն փրկում, մենք կարմիր գծեր չենք անցնում, ձեր սխալների մասին աշխատում ենք կոռեկտ խոսել, բայց սահմաններ կան, որ դուք անցնում եք»։

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ Արմեն Գրիգորյանը մահացավ բոլորի թողտվության պատճառով։ Մանրամասնեց․ «Արմենին ասացինք՝ դիմենք բժշկական հանձնաժողով, պահանջենք, բայց Արմենն արգելել էր, թե ես չեմ նվաստանա էս իշխանության առաջ։ Սակայն մենք պետք է դուրս գայինք փողոց, ամեն օր ցույց անեինք Արմենի համար, ընդդիմությունն էլ, ոչ թե 18։30, երբ աշխատանքն ավարտվել է, փակ գերատեսչության դիմաց գնան քոչարի պարեն»։

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Արմեն Գրիգորյանի մահվան հանգամանքներն ուսումնասիրելու համար քրեական գործ է հարուցվել։ Նա մանրամասնեց․ «Դատաբժշկական փորձաքննությունից հետո կաթվածն է պաշտոնական վարկածը, բայց Արմենին սպանել էին մինչև այդ։ Հետևողական պիտի լինենք հիմա բոլորս, որ այս դատաքննությունը Նիկոլի գրպանում գտնվող դատական համակարգում մեր ճնշման տակ լինի հնարավորինս անաչառ։ Արմենը 44-օրյա պատերազմի վերաբերյալ փաստավավերագրական ֆիլմ էր նկարում, և ինձ ասում էին, որ լրջագույն փաստեր են հավաքված։ Հիմա դիմում եմ նրա մորն ու եղբորը։ Որևէ երաշխիք չկա, որ ԱԱԾ-ն չի գա ու առգրավի այդ նյութերը իբր հետաքննության անվան տակ։ Վստահ եմ, որ այնքան հեռատեսություն ունեք, որ այդ նյութերը տարբեր թղթապանակներում պահված են մի քանի և բազմաթիվ օրինակներով։ Այդ գործը պիտի շարունակվի, ԱԺ-ում ստեղծված այդ կրկես հանձնաժողովի վրա, որ նա բացահայտելու է 44-օրյա պատերազմը, քանի այս իշխանությունը կա, բնականաբար, հույս դնել չի կարելի։ Արմենը լուրջ փաստեր էր հավաքել հենց բունկերում տեղի ունեցած իրադարձություններից»։

Անդրադառնալով Տիրան Խաչատրյանի վերջին հայտարարություններին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Տիրան Խաչատրյանը, որը պատերազմի ժամանակ ԳՇ պետի տեղակալն էր, սենսացիոն հայտարարություններ է անում, բայց քանի որ մեր հասարակությունը զբաղված է դիակ ուտելով, մահվան վրա շուրջպար բռնելով, իրեն բացարձակ չի հետաքրքրում, որ, օրինակ, Տիրան Խաչատրյանը հայտարարել էր, որ ՀՀ-ի հետախուզությունը կոնկրետ անգամ պատերազմի օրն ու ուղղությունն էր նշել, բայց Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը, որ այդ օրը պիտի լիներ կառավարման կետում, նա պատերազմի մեկնարկին չի եղել կառավարման կետում»։

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ Արմեն Գրիգորյանի մահը փորձում են բարդել միայն իրավապահ համակարգի վրա։ Նա ասաց․ «Արդեն տեսնում ենք տարբեր ուսապարկերի, իշխանության տարբեր մարիոնետների հայտարարություններից, որ փորձ է արվում մեղավորությունը բարդել քրեակատարողական հիմնարկի վրա։ Երևի գործից կհանեն բուժքույրին, կասեն՝ ճնշման դեղը լավ չես տվել։ Բոլոր արձանագրությունները կան ՔԿՀ-ի, որ Արմեն Գրիգորյանը օրեր շարունակ բողոքել է բարձր ճնշումից։ Նույնիսկ, եթե Ռուբեն Մելիքյանը չէր դիմում, որովհետև Արմենն արգելել էր, մեր քրեական օրենսգրքում, որով դատում էին Արմենին, այդ հոդվածը ՀՀ քրեական օրենսգիրք տեղափոխվել էր խորհրդային տարիներին, ռասայական ատելություն տարածելու համար՝ ասենք հայերի-ադրբեջանցիների, ուզբեկների-ղազախների միջև։ ՀՀ նոր քրեական օրենսգիրքն ուղղակիորեն խնդիր էր առաջացնում վերաորակավորել մեղադրանքը։ Հենց այն պահին, երբ Արմենի փաստաբան Ռուբեն Մելիքյանը դա էր ասում, բոլոր ժամանակների իշխանության քաղաքական հրահանգը կատարած, Նիկոլին դատած դատավոր Մնացական Մարտիրոսյանը, երբ Արմենը մահանում էր, դանդաղ անտարբերությամբ թղթերը հավաքեց, դահլիճից դուրս եկավ, գնաց սուրճ խմելու»։

Դիմելով Արմենին կալանավորելու որոշում կայացրած դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, որն ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ հայտարարում է, թե «պրոբլեմ չունի» ասաց․ «Սա նույն դատավորն է, որը որոշում է կայացրել Ավետիք Չալաբյանի, Մամիկոն Ասլանյանի, Միկա Բադալյանի, Նարեկ Մանթաշյանի, Իգոր Խաչատուրովի գործերով։ Տիկին, դու լրջագույն պրոբլեմ ունես, չմտածես, որ թիվ մեկ բորտում, որով Նիկոլը փախչելու է այս երկրից, քո ու քո նմանների համար տեղ է լինելու։ Դու կկանգնես իրական արդարադատության առաջ, քանի որ կալանքը որպես խափանման միջոց պիտի կիրառվի բացառիկ դեպքերում, օրինակ՝ Նիկոլի ավտոշարասյան վարորդի համար, որը մի վայրկյանում երկու մարդու կյանք է խլում։ Մինչդեռ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի ընտրվել։ Կալանքը ընտրվում է այն դեպքում, երբ հնարավոր է ճնշում վկաների վրա։ Ամբողջ Շիրակի ու Արարատի մարզերը վկանե՞ր էին․ պիտի Արմենը գնար, նրանց բոլոր բնակիչներին հանդիպեր և նրանց վրա ճնշում գործադրե՞ր։ Տիկին, պրոբլեմ ունեք ոչ միայն Դուք, այլև ՀՔԾ-ն, քրեակատարողական հիմնարկը և այս բոլորին քաղաքական հրահանգ տվողը»։

Նաիրա Զոհրաբյանը զգուշացնում է՝ եթե այսպես շարունակվի՝ վաղը Նարեկ Մանթաշյանն է լինելու, որի շաքարը 27 է, հետո Ավետիք Չալաբյանը, հետո հերթով մենք՝ բոլորս։

Մինչդեռ նա հիշում է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանն ուներ բոլորի աջակցությունը։ Նա ասաց․ «Ողջ մամուլը՝ նույնիսկ այն ժամանակ իշխանական մամուլը, անգամ չկիսելով ՀԺ-ում տպագրված նյութերի բովանդակությունը, նախագահականի դիմաց բոլորը բերաններին սև ժապավեններ կապած ցույց էին անում ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի։

Անդրադառնալով Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեիի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված հայտարարությանը՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Հիմա էլ ուրախանում ենք, որ Իրանի հոգևոր առաջնորդը և ՌԴ նախագահը, իրենց երկրների աշխարհաքաղաքական շահերից ելնելով, թույլ չեն տա, որ Ադրբեջանը ու Թուրքիան մեզ որոճալով կուլ տան։ Հրանտ Մաթևոսյանի ասած՝ ինչքան պիտի խեղճ ըլնենք, որ երեկվանից Իրանի հոգևոր առաջնորդին սրբադասենք, ասենք՝ Խամենեի, ասա, որ չեմ թողնի թուրքը ՀՀ-ն վերացնի։ Սա էր ձեր սիրո և հանդուրժողականության հեղափոխության ֆինալը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031