Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դոլարով բարձր գները մեծ վնասներ են հասցնում ՀՀ տնտեսությանը. Հրանտ Բագրատյան

Հուլիս 20,2022 16:46

Վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանում դոլարի գինը քառապատկվել է։ Այսօր այս մասին «Դրամի հիպերդեֆլյացիայի հիմնախնդիրները եւ դրամական շրջանառության սահմանափակումները» թեմայով քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ, Հրանտ Բագրատյանը։ Ըստ նրա, Հայաստանն այս ցուցանիշով, գերազանցել է ԱՊՀ բոլոր երկրներին։

Հրանտ Բագրատյանի խոսքով, դոլարով բարձր գները մեծ վնասներ են հասցնում ՀՀ տնտեսությանը՝ նաեւ զսպելով ներդրումները։

«Ես ազատ եմ այս մասին խոսելու, որովհետև հանդիպում եմ ունեցել և երկրորդ նախագահի հետ, և երրորդ նախագահի հետ, իսկ Փաշինյանի մասին չեմ խոսում։ Ես երկուսին էլ բացատրել եմ՝ ինչ կոպիտ սխալներ են եղել, ինչը պիտի փոխվեր»:

Պարոն Բագրատյանի խոսքով, որպեսզի բացատրվեն դրամի արժեւորման եւ արժեզրկման պատճառները, պետք է գնահատվի ՀՀ տնտեսության վիճակը: Ըստ նրա, այս տարիների ընթացքում պետությունը խթանում է օտարերկրյա ներդրումները, բայց դրա փոխարեն «թաղում» է տեղական ներդրումները. «Պրոբլեմը երեւաց 2002-2003 թվականներին, մինչ այդ տրանսֆերտներ չենք ունեցել: Հիմնական աղբյուրը սպառման տրանսֆերտներն են: Եթե տրանսֆերտները գալիս են, մենք դրանց ձեռք չենք տալիս, դրանք գնում են սպառման վրա: Եվ եթե տրանսֆերտը կազմում է ՀՆԱ-ի 20-25 տոկոսը, այդ դեպքում մեզ պետք է, որ ՀՆԱ-ն դինամիկ զարգանա, առնվազն ունենանք 60 տոկոս սպառում, 20 տոկոս ներդրում, բայց երբ 20-25 տոկոս տրանսֆերտ է գալիս, երբեք մեր տնտեսությունը սպառման տիրույթից դուրս չի գալիս»:

Տնտեսագետի խոսքով, այս կառավարությունը արտահանման փոխարեն գերապատվությունը տալիս է ներմուծմանը. «Վերջին 20 տարում պետության քաղաքականությունը միտված է արտագաղթին, առավել եւս վերջին 5 տարին: Բացի այդ, Հայաստանում փողը բացի ավանդ դնելուց ուրիշ ոչինչ ես կարող անել: Այս ամբողջը մտածվել է ԿԲ-ի կողմից»:

Անդրադառնալով տրանսֆերտներին, Հրանտ Բագրատյանն ասաց, որ դրանց մեծ ծավալը պետք է ուղղվի տնտեսության մեջ ներդրումներին, ինչը չի արվում, եւ երբ այն հասնում է ՀՆԱ-ի 25 %-ին, ապա գործում է լողավազանի էֆեկտը՝ ինչքան շատ է գալիս՝ այնքան շատ է լողավազանից դուրս թափվում, այն արագ սպառվում է՝ սկսելով նաեւ արտահոսել երկրից: Նրա խոսքով, տրանսֆերտների ներհոսքը տնտեսական կայուն աճ չի ապահովում, այլ ունենում է ժամանակավոր արդյունք, ուղղվում է քաղաքացիների առաջնային կարիքների բավարարմանը, չի վերածվում լուրջ ներդրումների եւ նպաստում է գների աճին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031