Սիլվիլնեթ. Մայիսին տեղեկություն էր տարածվել, որ Իրանը մայիսի 21-ից երկիր մուտք գործող հայկական բոլոր տեսակի պետհամարանիշերով մեքենաներից գանձելու է 120 դոլար։ Տեղեկության սկզբնաղբյուրը «Դիմադրություն» շարժման անդամ, քաղաքագետ Ռոբերտ Մակարյանն էր։
Նույն օրը Հանրայինի հետ զրույցում ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հայտնեց, որ հայկական ավտոմեքենաներից 120 դոլար գանձելու մասին պաշտոնական տեղեկություն չկա։ Տարածված տեղեկությունը հերքեց նաև Իրանում Հայաստանի առևտրային կցորդ Վարդան Կոստանյանը։ Ըստ նրա՝ տեղի է ունեցել հակառակը՝ Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են նվազեցնել մուտքի տուրքերը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Գնել Սանոսյանն էլ մայիսի 25-ի Ազգային ժողովում հայտարարել էր, որ Իրանը հայկական բեռնատարների համար մաքսատուրքերի փոփոխություն չի իրականացրել։
«Իրանական կողմը կիրառում է [բեռնատարների համար – խմբ.] 240 դոլար տուրք։ Հիմա իրենք առաջարկում են այդ 240-ը դարձնել 120 դոլար, բայց պայմանով, որ այսօր գոյություն ունեցող չեզոք գոտում երկու բեռնատարներից իրար բեռներ փոխանցելը, բարձելը դադարեցվի և հայկական բեռնատարներն անցնեն իրանական տարածք, գնան գործարաններ կամ պահեստավորման կետեր, որտեղից բարձեն»,- ասաց Սանոսյանը։
Կարդացեք նաև
ՏԿԵՆ-ը, այնուամենայնիվ, հաստատում է լուրը՝ հերքելով նախարարին
Երկու ամիս անց արդեն ՏԿԵ նախարարությունից #CivilNetCheck-ի նոր հարցմանը ի պատասխան հայտնում են, որ այժմ հայկական բեռնատարները վճարում են լրացուցիչ 120 դոլար տուրք։ Իրանի սահմանած նոր տուրքը մարդատար ավտոմոբիլներին չի վերաբերում, ինչպես ի սկզբանե գրել էին լրատվամիջոցները։
Նախարարության մամուլի բաժնից պարզաբանեցին, որ եթե այսուհետ հայկական բեռնատարը անցնի սահմանից 1 կմ՝ տարանցիկ բեռնափոխադրման համար, արդեն վճարելու է 340 դոլար՝ 220 դոլար տարանցման և 120 դոլար մուտքի տուրք։
«Նախկինում մինչև Նորդուզ կայարան գնում էին առանց որևէ տուրքի, դրանից հետո եթե շարժվում էին, արդեն 220 դոլար վճարում էին։ Հիմա Նորդուզ հասնելու համար պարսկական կողմը 120 դոլար է ավելացրել»,- հայտնեցին նախարարությունից՝ հավելելով, որ հայկական բեռնատարների միայն փոքր հատվածն է Իրանի տարածքով տարանցիկ կամ մինչև երկրի խորք բեռնափոխադրումներ կատարում։
Հայկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: