Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին երեկ ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահների հետ Թեհրանում կայացած հանդիպումներում հայտարարել է, որ Իրանը չի հանդուրժի Իրան-Հայաստան սահմանի փակումը, որ Իրան-Հայաստան սահմանը հազարամյա հաղորդակցության ճանապարհ է, եւ այդ մասին նաեւ առանձին գրառում է արել իր թվիթերյան միկրոբլոգում։ Այս թեմայի շուրջ Aravot.am-ի զրուցակիցն է իրանագետ Ահարոն Վարդանյանը։
-Պարոն Վարդանյան, ձեր վերլուծությամբ, պատերազմից հետո պաշտոնական Թեհրանի հայտարարություններում այս մեկն ինչո՞վ է առանձնանում, այն նորությո՞ւն է, թե եղածի հերթական արձանագրում։
-Ինչ որ բանով, այո, Իրանի հոգեւոր առաջնորդի երեկվա հայտարարությունն առանձնանում է։ Նախեւառաջ նրանով, որ Իրանի հոգեւոր առաջնորդը մինչեւ այդ ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահների ներկայությամբ չէր արտահայտվել, այլ ընդհանուր հայտարարություններ էր արել Իրանի կարմիր գծերի վերաբերյալ։ Իսկ երեկվա հայտարարությամբ նա Թուրքիային ուղիղ տեքստով զգուշացրեց, որ Իրանի համար ցանկալի չէ նման քաղաքականությունը, եւ Իրանը դեմ է դրան։
Նորությունն այն է, որ հայ-իրանական սահմանի՝ հազարամյակների պատմություն ունենալու փաստի մասին խոսվեց, ինչը հստակ ուղերձ էր, որով թուրք-ադրբեջանական տանդեմին (Թուրքիայի քավորությամբ իհարկե) ցույց տրվեց, որ երբ այդ երկու պետությունները փորձում են տարածաշրջանում նոր պատմություն գծել կամ տարածաշրջանում վերաձեւակերպումներ անել, ապա նրանք ամենեւին չունեն այն պատմությունն ու անգամ տարիքը, որն ունեն հայ-իրանական հազարամյա հարաբերություններն ու հայ-իրանական սահմանը։
Կարդացեք նաև
Մեզանում՝ ԵՊՀ իրանագիտության ամբիոնում, այս մասին բազմիցս խոսվել է։ Ներկայում էլ Իրանի հոգեւոր առաջնորդի շուրթերից դա հնչեց, եւ սա էլ ավելի է ընդգծում, այդ թվում հայ-իրանական մշակութային կապերի առավելությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ։ Քաղաքականության մեջ, իհարկե, մշակույթն այդքան էական չէ, բայց այս դեպքում կարեւոր է, որովհետեւ հակակշռում է Թուրքիայի նախագահի այն հայտարարություններին, որոնցով վերջինս փորձում է լեգիտիմություն ստեղծել ինչ-որ տարածքի հանդեպ։ Այս դեպքում նշյալ արձանագրումը կարեւոր էր։
Բացի այդ, Իրանի ամենաբարձր պաշտոնյանի կողմից վերահաստատվեց, որ հայ-իրանական սահմանը կարեւոր է Իրանի համար։ Մյուս կողմից, ցավոք, պետք է ասել, որ Սյունիքի մարզի հանդեպ գործողությունները «կախվում» են Իրանի հայտարարություններից։ Երբ հնչում են նման հայտարարություններ, ապա կան համապատասխան տեղեկություններ կամ վերլուծություններ։ Այսինքն, իրական վտանգ կա, այդ պատճառով էլ Իրանի ամենաբարձր պաշտոնյայի շուրթերով տարածաշրջանի 2 տերության ղեկավարների մոտ հնչում է Իրանի դիրքորոշումը՝ առավել արտահայտիչ ձեւով:
-Իրանի հոգեւոր առաջնորդի այդ հայտարարությունների ֆոնին ներհայաստանյան հանրային ոգեւորվածությունը որքանո՞վ եք տեղին համարում։ Ի՞նչ կա ոգեւորվելու, ու արդյոք գործնականում կենսագործելի՞ է Հայաստանի համար Իրանի այս մոտեցման վերահաստատումը։
-Ոգեւորվածություն պետք չէ, ուղղակի տվյալ փուլում՝ պատմական պահին, հայ-իրանական շահը համընկնում է, եւ մենք պետք է օգտագործենք պահը։ Մեր շահերն այն աստիճանի են համընկնում, որ Իրանը դեմ է արտահայտվում հայ-իրանական սահմանի փակմանը՝ դրանով որոշակիորեն զսպելով Սյունիքի մարզի դեմ ինչ-ինչ գործողություններ։ Ռուսական զորքերի ներկայությունը եւս պետք է փաստել, բայց ոգեւորվածության առիթ չկա, որովհետեւ այլ երկրի մայրաքաղաքում երեք երկրի ղեկավարներ խոսում են ՀՀ սահմանը կտրելու անթույլատրելիության մասին։ Պարզապես մեզանից պահանջվում է պահը հստակ օգտագործել, փորձել որոշակիորեն կիրառել այս հայտարարությունն ի օգուտ մեզ, բայց երբ քաղաքականության մեջ ներկա չես լինում գործընթացներում, ապա ոգեւորվել պետք չէ։ Իսկ այն, որ մենք պետք է ներկա լինենք, անհրաժեշտություն է։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ