««Բանկային գաղտնիքի մասին» եւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը լուրջ վտանգ է ներկայացնում տնտեսվարող սուբյեկտների համար, եւ դրա ընդունման դեպքում լուրջ նահանջ կլինի»,-այս կարծիքին է «LSA law firm» ընկերության հիմնադիր տնօրեն, փաստաբան Արսեն Սարդարյանը։
Նա այսօր Մանթաշյանց ակումբում հրավիրված ասուլիսին մեկնաբանելով նախագիծն, ասաց․«Սահմանադրական երաշխիքներից մեկը, ճիշտ է, սա անձնական կյանքի անձեռնմխելիության երաշխիքների ներքո է եւ տնտեսական գործունեության ազատության ներքո է դիտվում, բայց ՍԴ որոշում կա, որ բանկային գաղտնիքը կարեւոր սահմանադրական երաշխիք է, որի սահմանափակման համար անհրաժեշտ է որոշակի պայմանների միաժամանակյա առկայությունը։ Այդ պայմանների մեջ առանցքային դեր ունի այն, որ այդ գաղտնիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ։ Այսինքն՝ անկախ արբիտրը պետք է շահագրգիռ պետական մարմնի, տվյալ դեպքում՝ ՊԵԿ-ի միջնորդությունն ուսումնասիրի, թե որքանով է հիմնավոր, որքանով է հանրային շահի եւ անձնական շահի հավասարակշռման առումով կշեռքի նժարը թույլ տալիս սահմանափակել այդ իրավունքը, որից հետո միայն որոշում կայացնի»։
Սարդարյանի մեկնաբանմամբ՝ այս նախագծով ՊԵԿ-ն ուզում է շրջանցել այս պատնեշը եւ առանց դատարանի որոշման, ուղղակի իր նախաձեռնությամբ եւ իր քմահաճույքով ցանկացած հարկատուի բանկային տեղեկատվություն, ֆինանսական կազմակերպություններում պահվող ցանկացած տեղեկատվություն վերցնել առանց որեւէ լուրջ պատճառների եւ հիմնավորումների։
«Պարզ ասած՝ օրինակ կա բնակարանի անձեռնմխելիության իրավունք, բայց նաեւ հասկանում ենք, որ կարող է ինչ-որ մեկն իր բնակարանում թմրանյութ, զենք պահի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումար պահի եւ որոշ դեպքերում այս իրավունքը կարող է սահմանափակվել, իսկ դրա համար իրավապահ մարմինները պետք է դիմեն դատարան, ներկայացնեն բավարար հիմնավորումներ եւ ստանան որոշումը, որպեսզի անձի իրավունքը կամայականորեն չոտնահարվի։ Եվ պատկերացրեք, հիմա ասում են՝ այս գործընթացը երկար է, խանգարում է, քրեաիրավական հետապնդում իրականացնող մարմինները չեն հասցնում եւ այլն, դրա համար եկեք պարզեցնենք եւ օրինակ թաղայինին թույլ տանք ում տուն ուզենա՝ մտնի ու որ դարակն ուզենա՝ նայի։ Սա իհարկե, անթույլատրելի է, այնպես չէ՞։ Նույնը տնտեսվարողների դեպքում է»,-ասաց փաստաբանը։
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ ժողովրդավարական երկրներում այս երաշխիքը սրբորեն պաշտպանում են եւ դրա ներքո է տնտեսությունը, ժողովրդավարությունը զարգանում․ «Իսկ մենք այդ երաշխիքներից նահանջում ենք եւ հիմնավորում ինչ-որ իրավական շահով։ Այս օրենսդրական նախաձեռնությունը վտանգավոր է, անթույլատրելի է։ Նույնիսկ քրեաիրավական ոլորտում նախաձեռնություն կար, բայց ՍԴ-ն գտավ, որ նույնիսկ քննիչն ու դատախազն առանց դատարանի չպետք կարողանան մտնել բանկային գաղտնիք վերցնել։ Իսկ եթե կա քրեական գործ հանցագործության մասին, ապա ավելի լայն իրավունքներով պետք է օժտեն իրավապահներին։ ՊԵԿ-ին լայն գործիքակազմ տալն արդարացված չէ»։
Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը տեղեկացրել է, որ նախագիծը լրամշակելուց հետո հանրային քննարկման կներկայացվի։
Ասուլիսի մեկ այլ մասնակից «Գարեջրի ակադեմիա» ռեստորանի հիմնադիր, մասնագիտությամբ իրավաբան Արմեն Ղազարյանն էլ նկատեց՝ նախագծի հիմնավորումն էլ տարակուսելի է, ասաց՝ մի կողմից տնտեսական հանցագործությունների բացահայտումն է, մյուս կողմից՝ մարդու իրավունքներն ու ազատությունները, որոնք, իհարկե, գերակա են։ Նա ասաց, որ նախագիծը չի ներառում սահմանադրական երկու կարեւոր սկզբունքներ՝ որոշակիության սկզբունքը, որը Սահմանադրական դատարանի որոշմամբ ամրագրված է, եւ համաչափության սկզբունքը․ «Նախագիծը եթե չլրամշակվի, դրանով որեւիցե ձեւով չի երեւում, թե որ գործիքակազմով, ով եւ ինչ որոշակիություն է ապահովում այս նախագիծը»։
Բանախոսների վստահեցմամբ՝ այս նախագիծը չի նպաստի տեղական եւ օտարերկրյա ներդրումներին, հակառակը՝ մի բան էլ կխանգարի։
Արմեն Ղազարյանը նշեց՝ ՀՀ-ում արդարադատությունն իրականացնում է միայն դատարանը, եթե փորձում են մի գործիք տալ իշխանության մեկ այլ թեւին, ապա սահմանադրական լուրջ հետեւանքներ են լինելու, իշխանությունների բաժանման հավասարակշռությունն է խախտվելու։
«Եթե մարդու հիմնարար ազատությունը կարող է սահմանափակվի ոչ թե դատարանի, այլ հարկայինի որոշմամբ, նույն հավասար պայմաններում կարող է նաեւ սահմանափակվի սեփականության իրավունքը, մարդու ազատության իրավունքը, ՊԵԿ-ը կարող է որոշի իմ ազատությունը սահմանափակել, եւ դա կատարվելու է ՊԵԿ նախագահի հրամանով, իսկ ինքն իր աշխատանքի նկարագրության մեջ չունի նման պահանջ»։
Արսեն Սարդարյանը նախագծի մեկ այլ դրույթի էլ անդրադարձավ․ «Չափազանց ծախսերի վերաբերյալ դրույթով սահմանվում է՝ եթե ՊԵԿ-ը տեսնում է, որ բանկային շարժը, ծախսերն ավելի մեծ են, քան մուտքերը, այդ ծախսերի չափով համարում է չհայտարարագրված եկամուտ եւ հարկում է։ Այսինքն՝ եթե տնտեսվարողն իր ներդրումները սեփական միջոցներով կամ փոխառություններով անում, եւ հանկարծ սխալվի, ճիշտ չձեւակերպի․․․ օրինակ՝ մեծ գործարան է ձեռք բերել, բայց ներդրումները մի քիչ սխալ է ձեւակերպել, այս մեթոդով կարող են համարել որպես մուտք եղած գումար։ Սա էլ է կասկածելի։ Ասում են՝ թող գա ապացուցի, որ այս գումարները իրավաչափ եղանակով մուտք են եղել եւ այն հարկման ենթակա չէ։ Այսինքն՝ ամբողջ ծանրությունը դնում են տնտեսվարողի վրա, որպեսզի ապացուցի, որ փիղ չէ»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ