ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության նորընծա չեմպիոն, Արաքս համայնքի բնակիչ Սուրեն Աղաջանյանին և մարզիչ Ժորա Վարդանյանին:
Հռոմում հունիս ամսի երկրորդ կեսին տեղի ունեցած ըմբշամարտի առաջնության եզրափակիչ գոտեմարտում Սուրեն Աղաջանյանը 60 կգ քաշային կարգում 4:0 հաշվով հաղթել է վրացի Դիմիտրի Խաչիձեին՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: Իսկ մինչ եզրափակիչ խաղը նա 10։0 հաշվով հաղթել է լատվիացի Կասպարս Բոնդարենկոյին, 9։0 հաշվով՝ շվեդ Իլյաս Ջեյսոն Այհանին, իսկ կիսաեզրափակչում 9:1 հաշվով պայքարից դուրս է թողել ադրբեջանցի Նիհատ Մամադլիին:
Շնորհավորելով Սուրենին գրանցած փայլուն ցուցանիշների և ունեցած աննախադեպ հաղթանակի առթիվ՝ մարզպետը միաժամանակ իր շնորհակալությունն է հայտել մարզչական թիմին՝ կարևորելով նրանց նպատակային և արդյունավետ աշխատանքը: Նա նորանոր նվաճումներ է ցանկացել մարզիկին և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում ոսկե մեդալ նվաճելու, Հայաստանի և հայրենի մարզի պատիվը բարձր պահելու համար շնորհակալագիր հանձնել: Արմավիրի մարզում հունահռոմեկանա ոճի ըմբշամարտի զարգացման գործում ունեցած ավանդի համար էլ մարզպետը պատվոգրով է պարգևատրել Էջմիածնի մարզադպրոցի մարզիչ Ժորա Վարդանյանին:
Արմավիրի մարզպետարան