Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ մինչ օրս մեր տղաների շիրմաքարերը չեն տեղադրվել»․ զոհված սիսիանցիների հարազատներին միայն այս հարցն էր հետաքրքրում (ֆոտոշարք, տեսանյութ)

Հուլիս 20,2022 14:08

Սիսիանի զինվորական պանթեոնի բարեկարգման ու 44-օրյա պատերազմում զոհված սիսիանցի հերոսների շիրմաքարերի տեղադրման աշխատանքներն իրականացնելու է մրցույթում հաղթող ճանաչված «Լիբրա-Ս» ՍՊ ընկերությունը; Այս մասին զոհվածների հարազատների հետ հանդիպմանը հայտարարեց Սիսիանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը։ Հանդիպումը նախաձեռնել էր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, որը մինչ հանդիպումը, մարզպետարանի ղեկավար կազմի ու համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հետ համայնքային զինվորական պանթեոնում ծաղիկներ խոնարհեց Արցախյան բոլոր պատերազմներում զոհված սիսիանցիների հիշատակին։



«Ցանկանում եմ, որ այս դահլիճից դուրս գալիս՝ արդեն բոլորիս համար հստակ լինեն մտահոգող հարցերի պատասխանները, աշխատանքների մանրամասներն ու ժամկետները, որոնք կլինեն իմ ուշադրության ու պատասխանատվության ներքո», – հերոսացած սիսիանցի հարազատների հետ հանդիպմանը ասաց Ռոբերտ Ղուկասյանը։


Զոհվածների հարազատները ցանկանում էին իմանալ, թե ինչու այսքան ձգվեց շիրմաքարերի տեղադրմանը հարցը։ «Ինձ չի հետաքրքրում ոչ ՔՊ, ոչ ԱԺԿ, ոչ ՀԺԿ, ոչ էլ դաշնակ։ Սիսիանում հենց մեկին բան ես ասում՝ քաղաքականացնում են։ Մենք ընդամենն ասում ենք՝ մեր երեխաների քարերը ինչո՞ւ դրված չեն։ Երկու տարի է՝ պաշտպանության նախարարություն, ՏԿԵ նախարարություն, ինչո՞ւ հարցը բերին հասցրին այս օրվան»,-իր խոսքում նշեց անմահացած Վրեժիկ Պողոսյանի հայրը՝ Սեյրան Պողոսյանը։

Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը պարզաբանեց, որ ուշացման պատճառը ծնողների անհամաձայնությունն է եղել կապված քարի տեսակի հետ։ Հիմա ծնողները եկել են վերջնական եզրակացության՝ քարը լինելու է հնդկական գրանիտ։


Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ հուլիսի 15-ին կառավարությունից այս աշխատանքների համար մարզպետարանին է փոխանցվել 77 մլն դրամ, որը համապատասխան կազմակերպությանը կվճարվի աշխատանքների որակյալ ու սահմանված ժամկետներում ավարտից հետո միայն։ 67 շիրմաքարերն արդեն պատվիրվել ու ճանապարհին են, իսկ բետոնապատման ու սալիկապատման աշխատանքներն իր բյուջեի միջոցներով կիրականացնի համայնքը։

«25 միլիոն 133 հազար դրամ համայնքի բյուջեից կտրամադրվի քաղաքային պանթեոնի բարեկարգման եւ սալիկապատման համար»,-մարզպետի միտքը շարունակեց Սիսիանի համայնքապետի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը:Զոհվածների հարազատներին հետաքրքրում էր նաեւ զինվորական պանթեոնում մշտական աշխատակիցների հարցը, որոնք կհետեւեն տարածքը մաքուր պահելու, ջրարբիացման աշխատանքներին։ Ըստ Արմեն Հակոբջանյանի, քանի որ ինքը պաշտոնակատար է դեռ, իրավունք չունի նոր հաստիքներ ավելացնելու, բայց խոստացավ աշնանն այդ հարցը լուծել։ «Այնպես չէ, որ այսօր այդ աշխատանքները չեն կատարվում, բայց համաձայն՝ հիմնական աշխատողներ պետք են»,-ասաց Արմեն Հակոբջանյանը։

Մրցույթում հաղթող ընկերությունն աշխատանքները պետք է ավարտի 100 օրացույցային օրվա ընթացքում՝ սկսած հուլիսի 7-ից։ Ռոբերտ Ղուկասյանը ծնողների հետ քննարկման արդյունքում վերջնական ժամկետ սահմանեց սեպտեմբերի 27-ը։

Զոհվածների հարազատներին հետաքրքրում էր նաեւ իրականացվող աշխատանքներին առնչվող այլ հարցեր, որոնք մասնավորապես առնչվում էին պանթեոնի բարեկարգման աշխատանքների նախագծին, ջրահեռացման ապահովմանը եւ այլն։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031