«Հետաքննության մարմինը իմունիտետ ունեցող մարմինների մեջ չկա: Նշված չէ նաեւ քննիչը: Ինչ վերաբերում է կողմին, մինչդատական վարույթում չկա մրցակցություն: Հետեւաբար, վարույթ իրականացնող մարմինը չի կարող կողմ լինել: Կողմ հասկացությունը միայն դատարաններում է: Դատարաններում ի՞նչ գործ ունի քննիչը: Բողոքին եկավ դատարան պատասխանելու՝ արդեն կողմ է: Միջնորդություն բերեց դատարան՝ կողմ է: Հին ու նոր օրենսգրքերի միջեւ էական տարբերություն կա, եթե քննիչն իր սենյակում նստած է, նախաքննություն է իրականացնում, վարույթ իրականացնող մարմին է, երբ դատարանում է՝ մեղադրանքի կողմ»,-ասաց Հրայր Ղուկասյանը, որը բանախոսներից մեկն էր ՀՀ փաստաբանների պալատում այսօր տեղի ունեցած քննարկմանը:
Բանախոսներից Դավիթ Մելքոնյանն ասաց. «Եթե նախկին օրենսգիրքը նայեք, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը ներառված էր նախաքննության փուլում: Նոր քրեական օրենսգրքով ունենք երրորդ մաս՝ «Դատական վարույթները», որոնց մեջ ներառված են այն բոլոր վարույթները, նաեւ դատական երաշխիքների վարույթները; Հենց նույն դատական երաշխիքների վարույթները՝ խափանման միջոցի կիրառման երաշխիքների, ապացուցողական գործողությունների, սեփականության իրավունքների սահմանափակումը, դեպոնացում վարույթները ներառված են դատական վարույթներ գլխում, ի տարբերություն նախկին օրենսգրքի»:
ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական նոր օրենսգրքերի կիրառման հետ կապված, դատաքննության փուլում գտնվող գործերով մեղադրանքը համապատասխանեցնելու, քրեական օրենքին հետադարձ ուժ տալու և այլ հարցերի վերաբերյալ շարունակվում է քննարկումը, Փաստաբանների պալատում, նաեւ առցանց: Մոդերատորը Արմինե Ֆանյանն է:
Մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտում»
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ