Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեկ ԵՄ և Բաքվի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը էներգետիկ համագործակցության խորացման վերաբերյալ որոշ պարզաբանումներ է պահանջում:
1.Բաքուն և Բրյուսելը ընդամենը հուշագիր են ստորագրել 2027 թ.-ից հետո Ադրբեջանից եվրոպական շուկա բնական գազի արտահանումը կրկնապատկելու հնարավորության վերաբերյալ: Եթե խոսենք թվերով, ապա ակնկալվում է, որ 5 տարի անց ԵՄ-ն տարեկան կներկրի 20 մլրդ խմ ադրբեջանական գազ՝ այժմ ներկրվող 10 մլրդ-ի փոխարեն:
2.Ադրբեջան-Եվրոպա գլխավոր գազատրանսպորտային արտերիայի՝ «Հարավային գազային միջանցքի» ընդլայնման ծրագրերն ամենևին նոր չեն: Այն, ինչ ստորագրվեց երեկ Բաքվում, ԵՄ էներգետիկ դիվանագիտության մանևր է՝ վաղուց հաստատված ծրագրերի ու նպատակների վերահաստատում:
Կարդացեք նաև
3.Անգամ եթե «Հարավային գազային միջանցքի» հնարավորություններն էապես ընդլայնվեն, ապա լավագույն դեպքում դրանով հնարավոր կլինի արտահանել մինչև 30 մլրդ խմ գազ, որից մոտ 10 մլրդ-ը՝ Թուրքիա, մնացած 20-ը՝ Եվրոպա: Մինչդեռ Եվրոպայում բնական գազի տարեկան սպառումը կազմում է մոտ 400 մլրդ խմ՝ ծավալ, որն անխուսափելիորեն աճելու է մինչև 2027 թ.՝ հաշվի առնելով ԵՄ «կանաչ գործարքի» տապալումն ու «խաղաղ ատոմի» ճգնաժամը: Այսպիսով, լավագույն դեպքում Ադրբեջանը կարող է ծածկել ԵՄ գազի պահանջարկի մոտ 5%-ը: Այլ կերպ ասած, ադրբեջանական գազը չունի եվրոպացիների համար իրական դիվերսիֆիկացիոն նշանակություն:
4.Հետազոտությունները, այդ թվում՝ ԵՄ տարբեր «ուղեղային կենտրոնների» կողմից անցկացված, ցույց են տալիս, որ առաջիկա տարիներին ԵՄ-ն կարող է կրճատել ռուսական գազի ներկրումն ընդամենը 35-40 մլրդ խմ-ով: Պատճառները պարզ են. Նորվեգիան սահմանել է արդյունահանման լուրջ քվոտաներ, Հոլանդիան էապես կրճատել է արդյունահանումը՝ հաշվի առնելով սեյսմիկ ռիսկերը, Ալժիրն ու Նիգերիան վերջերս հայտարարեցին, որ չեն պատրաստվում ավելացնել ածխաջրածինների արդյունահանումը եվրոպացիների բարեկեցության համար (ու ընդհանրապես, գաղութականացման դարաշրջանը վաղուց անցել է): Այսպիսով, ակնկալվում է, որ այդ 35-40 մլրդ-ն ապահովելու են հիմնականում Կատարն ու եվրոպական գազի շուկայում դեմպինգի բացակայության դեպքում խիստ անմրցունակ ԱՄՆ-ն։
5.Այսօր ռուսական «Գազպրոմը» ծածկում է ԵՄ գազի պահանջարկի լուրջ 40%-ը, ու որևէ պարագայում Ադրբեջանն իր համեստ ու դեռևս չհստակեցված ծավալներով չի կարող դիտարկվել որպես այլընտրանք: Ավելին, ԵՄ էներգետիկ օրենսդրության՝ «3-րդ էներգետիկ փաթեթի» համաձայն՝ նույն «Գազպրոմը» իր եվրոպական դուստր ընկերությունների միջոցով կարող է միանալ «Հարավային գազային միջանցքի» մաս կազմող մայրուղային Տրանսադրիատիկ գազամուղին, ինչպես նաև միջանցքին կցված տարբեր ինտերկոնեկտորներին: