Լրահոս
Օրվա լրահոսը

«Զերծ մնալ հակաժողովրդավարական գործելաոճից». Սոցինտերնի խորհուրդը մտահոգություն է հայտնել Հայաստանում 2020թ.-ից հետո ընկած ժամանակահատվածի զարգացումների վերաբերյալ

Հուլիս 20,2022 12:19

Սույն թվականի հուլիսի 7-8-ը ՄԱԿ-ի Ժնևի նստավայրում կայացել է Սոցիալիստական Ինտերնացիոնալի (Ընկերվար միջազգայնական) խորհրդի նիստը։ Շուրջ հարյուր երկրներից քաղաքական կուսակցություններ համախմբող մոլորակի խոշորագույն այս կազմակերպությանը Հ.Յ. Դաշնակցությունն անդամակցում է դեռևս 1907 թվականից, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանը Սոցիալիստական Ինտերնացիոնալի փոխնախագահներից է, ով մասնակցել է ինչպես Խորհրդի, այնպես էլ նախագահության և ֆինանսական ու կազմակերպական հարցերի հանձնաժողովի նիստերին։

Նախագահության և խորհրդի նիստերի ընթացքում Մարիո Նալբանդյանը միջազգային գործընկերներին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը, ադրբեջանական կողմի հանցագործություններն ու շարունակական ագրեսիան, Հայաստանին ռազմական ուժի սպառնալիքի տակ նոր ճնշումներ պարտադրելու Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականությունը, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու «Դիմադրություն» շարժման հիմնական նպատակները և ծրագրերը։

Խորհրդի այս նիստը կրում էր «Գլոբալ մարտահրավերներին հումանիտար և կայուն լուծումներ գտնելու մեր հանձնառությունը» խորագիրը։

Նիստի հիմնական աշխատանքները ծավալվել են հետևյալ թեմաների շուրջ.

Աշխատել հանուն խաղաղության և միջազգային անվտանգության՝ հիմնված մեր ընդհանուր նպատակների, սկզբունքների և կանոնների վրա։

Ուժեղացնել ժողովրդավարությունն ու ապահովել հիմնարար իրավունքները։

Արձագանքել գլոբալ ճգնաժամերին՝ համաճարակ, կլիմայի փոփոխություն, տնտեսություն, միգրացիա և փախստականներ։

Սոցիալիստական Ինտերնացիոնալի Խորհուրդն ընդունել է հայտարարություն և առանձին տարածաշրջանների մասին բանաձևեր, որոնցից մեկում էական անդրադարձ  է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանին՝ արձանագրելով. «Հարավային Կովկասի վերաբերյալ, Սոցիալիստական Ինտերնացիոնալի խորհուրդն արտահայտում է իր խոր մտահոգությունը 2020թ. հետո ընկած ժամանակահատվածի զարգացումների վերաբերյալ, ներառյալ Հայաստանի Հանրապետության սահմաններ ներխուժումների և փոխհրաձգությունների, ինչպես նաև հայ ռազմագերիներին և ձերբակալված քաղաքացիական անձանց շարունակվող պահման առթիվ»։ Ավելին, Խորհուրդը Հայաստանի իշխանություններին հորդորում է զերծ մնալ հակաժողովրդավարական գործելաոճից, որոնք նրանք որդեգրել են հատկապես 2020թ. պատերազմի պարտությունից հետո՝ հետապնդելով «Դիմադրություն» շարժման և ընդհանրապես ընդդիմադիր ակտիվիստներին, ճնշում գործադրելով իրավական համակարգի վրա՝ նպատակ ունենալով մեծացնել իրենց ազդեցությունը դատարանների վրա և սահմանափակել բաց ու թափանցիկ հանրային հաշվետվողականությունը»։

Ընկերվար Միջազգայնականը (Socialist International) ընկերվար-ժողովրդավարական, ընկերվարական և աշխատավորական կուսակցություններ համախմբող համաշխարհային կառույց է, որը բոլոր մայրցամաքներից ներառում է ավելի քան 110 երկիրների շուրջ 130 քաղաքական կուսակցություններ և կազմակերպություններ։ Թուրքիայից Ժողովրդահանրապետական (CHP) և Ադրբեջանից Սոցիալ դեմոկրատական կուսակցությունները (SPDA) ևս լիիրավ անդամ են։

Մոլորակի խոշորագույն այս կազմակերպությանը Հ.Յ. Դաշնակցությունն անդամակցում է դեռևս 1907 թվականից։ Սոցիալիստական Ինտերնացիոնալում ՀՅԴ ներկայացուցիչ Մարիո Նալբանդյանը կազմակերպության փոխնախագահ է։ ՀՅԴ համապատասխան կառույցները լիիրավ անդամ են Կանանց Ընկերվար Միջազգայնականին (SIW) և Ընկերվար Երիտասարդների Միջազգային Միությանը (IUSY)։ ՀՅԴ Երիտասարդականի կողմից Սարինե Աբրահամյանն IUSY-ի փոխնախագահն է։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031