Հուլիսին մեկը մյուսի հետեւից Հայաստան այցելեցին Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսը եւ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։
Տարածաշրջանում առանցքային ազդեցություն ունեցող երեք պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների գրեթե միաժամանակյա այցերը կարող են փաստել նաեւ մեկ երեւույթի՝ ՀՀ-ի հավասարակշռված արտաքին քաղաքականության մասին:
Սրան հակառակ՝ հավասարակշռված եւ կառուցողական քաղաքականությունից հրաժարվել է Բաքուն: Վերջինս գլխակորույս նետվել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների էական մաս կազմող էներգետիկ նոր ուղիներից մեկի՝ գազային հարավային հոսքի ընդլայնման ծրագրերի հորձանուտ: Այն ժամանակ, երբ Հայաստանն ընդունում էր ԱՄՆ-ի, Իրանի եւ ՌԴ-ի հետախուզական գերատեսչությունների ղեկավարներին, Ալիեւն ընդունեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենին: Նրանք նախօրեին Բաքվում «Ռազմավարական էներգետիկ համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին: Այն արդեն երրորդն էր Բրյուսելի ու Բաքվի միջեւ, եւ դրա հիման վրա նախապատրաստվում է նոր երկկողմ համաձայնագիր կնքել: Հուշագրի ստորագրումից հետո Ալիեւը հպարտացավ, թե Ադրբեջանի նախաձեռնած էներգետիկ նախագծերն ամբողջությամբ փոխել են Եվրոպայի էներգետիկ քարտեզը։ Այն դեպքում, երբ դեռ կնճռոտ հարցեր կան Իրանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում, Ադրբեջանը ցանկանում է դառնալ Միջին Ասիայից դեպի Եվրոպա գազային հոսքի հիմնական տարանցիկ երկիրը: Սա փաստացի նշանակում է, որ Բաքուն լիարժեքորեն միանում է ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցներին, այն էլ ամենազգայուն՝ բնական գազի արտահանման հարցում: Չնայած հուշագրով նախատեսվում է, որ Ադրբեջանն ընթացիկ տարվա 10 մլրդ խմ գազի փոխարեն 2023 թ. ԵՄ կարտահանի 12 մլրդ, ինչը մոտ է այդ երկրի գազի պաշարների առավելագույնին, բայց Հին աշխարհամասի հետ նոր համաձայնագիրը հիմք կդառնա նաեւ ՌԴ-ն շրջանցելով՝ թուրքմենական գազի արտահանման համար:
Մտածել, որ Բաքուն, միանալով այդ պատժամիջոցներին, Արցախի խնդիրն իր օգտին լուծելու ուղղությամբ Արեւմուտքից դրական ազդակներ է ստանում, ճիշտ չի լինի: Անկախ ամեն ինչից, եւ՛ ԱՄՆ-ն, ե՛ւ ԵՄ-ն հայտարարում են, որ Արցախի խնդրի երկարաժամկետ լուծման համար պետք է կարգավիճակի հարցը քննարկվի, ինչն այս պահին մերժում է Բաքուն: Հետեւաբար, այստեղ Ադրբեջանն առաջնորդվում է բացառապես իր եւ «ավագ եղբոր»՝ Թուրքիայի տնտեսական շահերով՝ ի հաշիվ ռազմավարական դաշնակից ՌԴ-ի, եւ բացի տնտեսական շահից ու ադրբեջանա-ռուսական ռազմավարական հարաբերություններին հարվածելուց, այդ գործողություններում այլ արդյունք չկա:
Կարդացեք նաև
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: