Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մամիջանյան․ «Ես շատ լավ գիտակցում եմ, թե ինչ վտանգներ կան Բաքու այցելելու համատեքստում»․ «Հրապարակ»

Հուլիս 20,2022 10:29

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը երեկ, ինչպես տեղեկացրել էր, դիմել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի խոսնակին՝ պահանջելով, որ նա Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու, նրանց առողջական վիճակին ու պահման պայմաններին ծանոթանալու նպատակով այցելություն կազմակերպի։ Այդ նպատակով նախ պատգամավորը դիմել է ՀՀ ԱԺ արտաքին կապերի վարչություն, որ ԱԳՆ-ի կամ ԱԺ-ի պաշտոնական խողովակներով իր նամակը հասցնեն Միլի Մեջլիս, սակայն ԱԺ-ից որոշ ժամանակ տանել-բերելուց հետո պատասխանել են, որ չեն կարող կազմակերպել, քանի որ դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չկան։

«Բնականաբար, ես դա գիտեի, բայց, փաստորեն, ինչ հարցի համար ասես՝ դիվանագիտական կապեր այս կամ այն տեսքով կան, բայց մեր գերի տղերքի հետ կապված եթե մի տոկոս շանս կա տեսակցելու, դրա համար հնարավորություններ չկան»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց Մամիջանյանը՝ տեղեկացնելով, որ դրանից հետո ինքը ստիպված է եղել ուղիղ էլեկտրոնային փոստի միջոցով նամակ ուղարկել Միլի Մեջլիսի խոսնակին։

– Իսկ անվտանգության երաշխիքներ պահանջելո՞ւ եք, եթե համաձայնեն, որ մեկնեք Բաքու։ Ռիսկը մեծ է, կարող է Ձեզ էլ գերի վերցնեն։

– Ճիշտն ասած՝ ինձ համար առաջնայինը տղերքին տեսնելու հնարավորությունն է։ Թե դա ինչպես կկազմակերպվի տեխնիկապես, հետագայում կերեւա։ Բայց, տեսեք, երկրագնդի վրա կա մարդկանց երեք խումբ, որոնք ինձ ու իմ ընկերներին անվանում են ռեւանշիստ՝ Հայաստանի իշխանությունները, Թուրքիայի իշխանությունները եւ Ադրբեջանի։ Հիմա ես ապրում եմ Հայաստանում ՀՀ իշխանությունների բռնաճնշումների ներքո։

– Որքանո՞վ է Ձեր պահանջը ռեալ, Ձեր ընդդիմախոսները վաղը կասեն՝ շոու եք անում, գիտեք, որ չի ստացվելու, բայց փորձում եք հերոսանալ։

– Եթե էս գործընթացի նպատակը չլիներ տղերքին տեսակցելը, ես էդ գործընթացը չէի էլ սկսի։ Ես շատ լավ գիտակցում եմ, թե ինչ վտանգներ կան Բաքու այցելելու համատեքստում՝ մանավանդ հաշվի առնելով նախորդիվ իմ հռետորաբանությունը։ Բայց, համենայնդեպս, կարծում եմ՝ ԱԺ պատգամավորը պարտավոր է ներկայացնել իր ժողովրդի շահերը։ Իսկ մեր քաղաքացիները կարիք ունեն իմանալու՝ մեր տղերքի վիճակն էնտեղ ինչպես է։

– Ձեր կարծիքով, եղանակային պայմանները կարո՞ղ են խանգարել հայրենիքի փրկությանը։

– Լավ հարց էր։ Ես ենթադրում եմ՝ հաջորդ հարցը որն է լինելու, պատասխանեմ այսպես․ էս խունտայի հեռացումը շատ բարդ առաքելություն է։ Բոլոր էն մարդիկ, ովքեր բարդություններից վախենում են, պիտի նույնիսկ չմոտենան էդ գործին։ Ասեմ նաեւ, որ այս կամ այն հարցով երբ փորձես գնահատել շանսերը, գուցե առաջին հայացքից թվա, թե շանսերը շատ քիչ են։ Բայց դա չի նշանակում, որ ճիշտ, կարեւոր գործողություն անել պետք չէ։ Եղանակային պայմանները, օրը եւ հարյուրավոր այլ գործոններ իրենց ազդեցությունն են ունենում ակցիաների բազմամարդության եւ արդյունքի վրա, որովհետեւ ակցիաներին մասնակցում են մեր հայրենասեր քաղաքացիները, որոնք ունեն իրենց սեփական հոգսերը, խնդիրները։ Բնականաբար, էդ ամեն ինչն ազդեցություն ունի, սակայն չի նշանակում, թե դա պիտի դառնա պատճառաբանություն՝ որեւէ բան չանելու։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031