Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի աշխատակազմից հրաժարվեցին մեկնաբանել նոր սպասվող իրողությունը։ ՀՅԴ-ական պատգամավոր, խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն ասում է, որ Արմեն Գրիգորյանի հայտարարությունը մի բան է նշանակում, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից, այնինչ, ըստ Մոսիյանի, կարող էր մանեւրել, քանի դեռ Ադրբեջանը չի կատարել գերիների վերաբերյալ պարտավորությունը, ինքն էլ նույնն աներ։ «Ամեն առումով արդեն պարզ է, թե ինչ է կատարվում եւ ինչ է լինելու։ Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթից սկսած՝ օր չի եղել, որ Հայաստանը զիջումների չգնա, բացի թանաքով ամրագրված զիջումներից, մենք տեսել ենք, թե բանավոր պայմանավորվածությունների հիման վրա ինչեր են արել։ Բայց ամենասարսափելին այն է, որ սա ընդամենը հերթական զիջումն է, մենք պետք է ամեն օր նոր իրողության սպասենք»,- ասաց Մոսիյանը։ Մեր զրուցակցի խոսքով, Արցախի պաշտպանության եւ անվտանգության հարցերն էականորեն բարդանում են․ «Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորը չէ, այսքանը կարող եմ ասել եւ ավելացնել, որ ՀՀ ապիկար իշխանություններին պետք է ժամ առաջ տուն ուղարկել, որ Հայաստանը կրկին երաշխավոր դառնա»։
«Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի կարծիքով, ՀՀ իշխանությունները տեւական ժամանակ է՝ սպասարկում են հակառակորդի շահերը, եւ զորքերի դուրսբերումն էլ Ալիեւի պահանջն է։ Նրա դիտարկմամբ՝ եռակողմ հայտարարության չնչին հայանպաստ կետերն անգամ Ալիեւի պահանջով փոխվում են, խոսքն այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ է․ «Տեսեք՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ գրված է նաեւ, որ Լաչինի այլընտրանքային ճանապարհը երեք տարվա ընթացքում պետք է համաձայնեցվի, մինչդեռ մենք չենք տեսել համաձայնեցման հետ կապված որեւէ գործողություն, բայց, միեւնույն ժամանակ, ամեն օր առնչվում ենք ծածուկ պայմանավորվածությունների, ոչ հայանպաստ որոշումների։ Նոյեմբերի 9-ի կետով այդ ճանապարհը պետք է լինի Լաչինի միջանցքով, սակայն հիմա քննարկում են հարակից ճանապարհի մասին, էլ չենք խոսում գերիների վերադարձի մասին»։
Մեր հիշեցմանը, թե ԱՀ նախագահը խորհրդարանում հայտարարեց, որ ընտրված տարբերակն ամենաանվտանգ ճանապարհն է լինելու, Գալստյանը պատասխանեց․ «Արցախի նախագահը եռակողմ հայտարարության կողմ չէ, նա ճշմարտության մի մասն է ասում, մենք պնդում ենք, որ դա չի բխում ՀՀ շահերից, այս տարբերակը եթե չլիներ, Բերձորի եւ Աղավնոյի հարց չէր առաջանա, Արցախի իշխանությունները չեն կարողանում հայանպաստ որոշումների մեջ լուրջ դերակատարում ունենալ, ուստի Հայաստանի պարտված իշխանությունը պետք է հեռանա, որպեսզի երկիրը փրկվի»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ օրաթերթի» այսօրվա համարում: