Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդավարությունը պետք է «ժողովրդավար» լինի

Հուլիս 20,2022 10:00

Եվրամիությունը ստեղծելու է մեխանիզմներ՝ պատժելու համար նրանց, ովքեր վնասում են ժողովրդավարությանը՝ ապատեղեկատվության միջոցով (disinformation against democracy): Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը՝ շեշտելով, որ ապատեղեկատվությունը պատերազմի գործիք է:

Քանի որ այդ հայտարարությունը հնչել է ԵՄ արտգործնախարարների հանդիպման ժամանակ, դա կարելի է դիտարկել որպես հրահանգ այդ միջազգային կառույցի բոլոր պետությունների համար: Այսինքն՝ կան երկրներ, որոնք մարմնավորում են ժողովրդավարությունը եւ, մյուս կողմից, կան «մութ ուժեր», որոնք այդ «կրոնը» փորձում են վարկաբեկել: Այդ ուժերի դեմ պետք է պայքարել. «Հիմա մենք նրանց այնպիսի ժողովրդավարություն ցույց կտանք, որ նրանք կիմանան, որ դրան չի կարելի ոչ մի պարագայում վնասել»:

Պարզ չէ, միայն թե ինչ չափանիշներով են որոշվելու՝ տվյալ արտահայտությունը վարկաբեկում է ժողովրդավարությունը, թե չի վարկաբեկում: Ենթադրենք, արեւմտյան մի փիլիսոփա մեջբերում է անում Պլատոնից կամ Արիստոտելից, որտեղ փիլիսոփայության դասականները, մեղմ ասած, վերապահումներով են խոսում ժողովրդավարության մասին: Արդյոք այդ փիլիսոփան պետք է պատժվի: Կամ գուցե հետադարձ ուժով պետք է պատժվեն այն մտածողները, որոնք 25 դար առաջ իրենց թույլ են տվել քաղաքականապես «ոչ կոռեկտ» արտահայտություններ:

Եվ հետո՝ պարզ չէ, թե ինչպես են այդ ապատեղեկատվություն տարածողները պատժվելու: Արդյոք նրանք կենթարկվեն քաղաքացիակա՞ն, թե՞ քրեական պատասխանատվության:

Համաձայնեք, դա մի քիչ նման է Ռուսաստանում այսօր կիրառվող օրենսդրությանը, երբ օրենքով արգելվում է նսեմացնել Խորհրդային Միության դերը Երկրորդ համաշխարհային պատերազմում: Դարձյալ պարզ չէ, թե ինչում է այդ նսեմացումն արտահայտելու եւ, ըստ էության, դա նշանակում է, որ այդ թեմայով ցանկացած միտք պետք է համաձայնեցվի ռուսաստանյան կացնային քարոզչության մեջ ընդունված ստանդարտների հետ. այն հրապարակումները, որոնք քննչական մարմինների կարծիքով, հակասում են այդ ստանդարտներին, կարող է արգելվել: Պատմական ճշմարտությունն, այդպիսով, որոշվում է քննչական մարմինների կողմից:

Նույնը՝ «հատուկ գործողության ընթացքում ռուսաստանյան բանակը վարկաբեկելու» քրեական հոդվածը: Վերջերս Մոսկվայի շրջաններից մեկի դումայի մի պատգամավոր այդ հոդվածով ստացավ… 7 տարվա ազատազրկում, քանի որ ասել էր, թե պետք չէ անցկացնել մանկական նկարների մրցույթ, երբ ռուսաստանցի տղաները զոհվում են պատերազմում: Մի խոսքով, նման հոդվածները չափազանց ազատ մեկնաբանությունների հնարավորություններ են տալիս:

Ես կողմ եմ ժողովրդավարությանը: Բայց այն ենթադրում է ազատություն եւ հանդուրժողականություն: Ոչ թե պայքար «սխալ կարծիքների» դեմ, եթե նույնիսկ դրանք «ապատեղեկատվություն» են կոչվում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Երկրորդ համաշխարհայինից հետո Նյուրնբերգյան դատավարությունը դատեց հանցագործություն կատարողներին, բայց չդատեց հանցագործության գաղափարակիրներին եւ կազմակերպիչներին, որոնք անպատիժ մնացին եւ այսօր էլի գլուխ են բարձրացնում: Էլի մարդկանց ու ժողովուրդների մեջ ցեց են գցում’ մարդատյացություն ու ժողովրդաատյացություն սերմանում հեռուստացույցով ու համացանցով, ի՞նչ ժողովրդավարություն, երբ միջազգայնորեն ճանաչված պետություններն իրար հետ պատերազմում են, երբ մի ժողովրդավար պետություն պատերազմում է մեկ այլ ժողովրդավար պետության հետ: Էշություն, պետք է սկզբունքային լինել եւ չճանաչել պետությունը եւ թույլ չտալ մյուսներին ճանաչել, եթե այդ պետություններում չկա մարդասիրություն եւ ժողովրդասիրություն, ի՞նչ ժողովրդավարության մասին կարող է խոսք լինել, եթե չկան մարդասիրությունն ու ժողովրդասիրությունը, իսկ մարդկանց ու ժողովուրդներին ապուշացնել մանիպուլյացիաներով շատ ավելի հեշտ է, քան մարդկանց ու ժողովուրդներին կրթելն ու դաստիարակելը: Իսկ առանց կրթության ու դաստիարակության ինչ որ բան վարելը վտանգավոր է վարողի ու նրա շրջապատի համար:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031