Հուլիսի 24 –ից սկսած «Առավոտի» կայքում պարբերաբար ներկայացնելու ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռազմավարության գծով նախկին խորհրդական Լեւոն Մազմանյանի հոդվածաշարը։
Հիշեցնենք, նա այդ պաշտոնում էր 2019–ի մայիսից մինչեւ 2021–ի հուլիսը։
Պաշտոնաթողության մասին գրառման մեջ Լեւոն Մազմանյանը նշել էր, որ եկել էր շատ կոնկրետ առաքելությամբ․ «Այն է՝ նպաստել մեկ միասնական երկարաժամկետ պետականակենտրոն ռազմավարական զարգացման օրակարգի ստեղծմանն ու այդ օրակարգի մշակման ու իրագործման համար համահայկական ներուժի իրացմանը: Դա անել հնարավորինս արագ և արդյունավետ՝ օգտագործելով միջազգային ռազմավարական խորհրդատվության ոլորտում կուտակած փորձն ու հմտությունները: Օգնել ժողովրդի վստահությունը վայելող առաջնորդին՝ ձևակերպել հավակնոտ համազգային տեսլական ու նպատակներ, և դրանք իրագործելուն ուղղված նորարարական ու գործուն մոտեցումներ ու կառուցակարգեր»։
Արված աշխատանքի հիմնական արդյունքը մինչև 2050 թ․ Հայաստանի վերափոխման ռազմավարության ճարտարապետության ստեղծումն էր․ «Երկու տարվա ամենամեծ ձեռքբերումս համարում եմ այն, որ կարողացել եմ նպաստել պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի ղեկավարի կողմից ողջ հայությանը համախմբելուն ուղղված, ընտրական ցիկլերից դուրս, գործնական նշանակության երկարաժամկետ թռիչքաձև զարգացման օրակարգ հանրահռչակելուն»։
Կարդացեք նաև
Ու թեեւ վարչապետի ուղերձում ազդարարվել էր, որ այսուհետ «… որևէ պետական մարմնի որևէ որոշում պետք է տրամաբանական և գործնական կապ ունենա այս ռազմավարության հետ»՝ ավելի ուշ Լեւոն Մազմանյանն արձանագրեց, որ ռազմավարական կառավարմանն անցում կատարելը այդպես էլ չհաջողվեց եւ վերահաստատվեց իրավիճակային կառավարումը։ Իսկ կառավարության նոր ռազմավարական օրակարգը հիմնականում բխում էր «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրից։
Ի դեպ, երկու տարիների աշխատանքի իր ամենամեծ ձախողումը Լեւոն Մազմանյանը համարում է կադրային և արտաքին քաղաքականություններում ռազմավարական և համակարգային նոր մոտեցումների ներդրմանն ուղղված խորհրդատվության անպտուղ լինելը։