Լրահոս
Օրվա լրահոսը

Աչքդ լույս, բալետի արտիստ

Հուլիս 20,2022 13:00

Հարցազրույց բալետի ճանաչված արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստերի պարտականությունները կատարող Ռուբեն Մուրադյանի հետ

– Հարգարժան Ռուբեն, սովորաբար յուրաքանչյուր ցանկալի իրադարձությունից հետո արվեստագետը ընդունում է շնորհավորանքներ։ Բայց օրերս մեզ հասած եւ տասնամյակներ սպասված ցանկալի լուրի առիթով, որը վերաբերում է հենց բալետի արտիստներին, ճիշտ կլինի ոչ թե շնորհավորել, այլ ասել՝ աչքներդ լույս. վերջապես իրականություն դարձավ բալետի արտիստների մասնագիտական վնասվածքների առողջության ապահովագրությունը, ինչը գտնվում է սոցփաթեթի շրջանակներում տրամադրվող առողջության ապահովագրության բացառության շրջանակներում։ Լայն ընթերցողի համար կմանրամասնե՞ք ասվածը։

– 2012թ. արտիստներիս տրամադրված սոցփաթեթի մեջ ներառված չէր մասնագիտական վնասվածքների փոխհատուցումը։ Աստված մի արասցե, բայց նման վնասվածքներն անխուսափելի են։ Ապահովագրական ընկերության կողմից չէր փոխհատուցվում բուժման ծախսերը, ինչը արտիստի համար ծանր ֆինանսական բեռ է։ Իսկ ահա սոցփաթեթում ներառված ապահովագրական այս կետը հնարավորություն է ընձեռում հոգալ բուժման ծախսերը առանց բյուրոկրատական քաշքշուկների։

– Ի դեպ, հիշում ենք 2008թ. Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 90-ամյակի առիթով Սարդարապատի հուշահամալիրում կայացած միջոցառման փորձի ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարը, որի արդյունքում օպերային թատրոնի մեներգիչ, տենոր Արտակ Կիրակոսյանը ստացավ ողնաշարի կոտրվածք եւ ընդմիշտ մնաց հաշմանդամի սայլակին գամված։ Այնպես որ, նման դեպքերից ապահովագրված չէ ոչ մի արտիստ։ Բայց բալետարվեստի ժանրում դրանց գումարվում են նաեւ մասնագիտական վնասվածքները փորձերի, նույնիսկ ներկայացումների ընթացքում…

– Առաջարկում եմ մինորային տոնայնությունից անցնել մաժորայինի։ Ընթացիկ տարվա մայիսից բալետի արտիստը ըստ զբաղվածության կատարած աշխատանքի ծավալի եւ արտաժամյա պարապմունքների համար նույնպես վճարվում է։ Սա, իհարկե, շա՜տ երկար սպասված որոշում էր։ Մենք մշտապես նախանձախնդրորեն ենք հետեւել աշխարհի հեղինակավոր թատրոններին, որտեղ այդ աշխատաոճը կիրառվում էր շա՜տ վաղուց։ Ընդ որում, դա կնպաստի, կոգեւորի բալետի զարգացմանը։ Իմիջիայլոց, արվեստում նույնիսկ շատ փոքր վերաբերմունքը, ուշադրությունը մեծ դեր են խաղում։

– Համաձայնեք, որ ընթացիկ թատերաշրջանը, առանց չափազանցության, պատմական էր բալետային խմբի համար. ի վերջո, 2021թ. դեկտեմբերին թատրոնում անվանի խորեոգրաֆ Գեորգի Կովտունի խորեոգրաֆիայով բեմադրվեց Չայկովսկու՝ աշխարհի բալետային խմբերի զարդ հանդիսացող «Մարդուկ-Ջարդուկը»։ Տարիների ընդմիջումից հետո էլ նշանակված է դարձյալ բալետի համաշխարհային գրականության գոհարներից մեկի՝ Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ»-ի պրեմիերան։ Այն իրականացնող աշխարհահռչակ բալետմայստեր Օլեգ Վինոգրադովը մեզ հայտնել էր, որ այդ ներկայացմամբ ինքը Երեւանի թատրոնում կտոնի սեփական հոբելյանը՝ ծննդյան 85-ամյակը։

– Այո, դա այդպես է։ Այս պահի դրությամբ ներկայացումը 90 տոկոսով պատրաստ է, բալետային խմբի հետ աշխատում են մաեստրո Վինոգրադովի ասիստենտը՝ Գերման Պրավոտորիխովը եւ մեր փորձավարները։ Նշեմ, որ բալետային խումբը իսկապես մեծ պատրաստակամությամբ ու ոգեւորությամբ է մասնակցում ոչ միայն փորձերին, այլեւ արտաժամյա պարապմունքներին նույնպես։ Եթե խոսում ենք պրեմիերաներից, ուզում եմ հիշատակել վերջերս Աշոտ Ասատուրյանի խորեոգրաֆիայով կայացած Ռախմանինովի «Սիմֆոնիկ պարեր» բեմադրությունը։ Գիտեք նաեւ, որ բալետային խումբը զբաղված է նաեւ թատրոնի խաղացանկային օպերային ներկայացումներում եւս։ Իսկ թատերաշրջանի սկզբից վերականգնվել են տարիներով ինչ-ինչ պատճառներով խաղացանկից դուրս մնացած որոշ ներկայացումներ, այդ թվում՝ Վերդի՝ «Աիդա», «Տրավիատա», Հարությունյան՝ «Սայաթ-Նովա», Ռախմանինով՝ «Ալեկո» եւ այլն։

– Կարծում ենք՝ բալետային խմբի համար այս տարին բացառիկ էր նաեւ Սաուդյան Արաբիայում հյուրախաղերի առումով։

– Այո, բացառիկ էր, քանի որ ի տարբերություն արաբական այլ երկրների, այդտեղ առաջին անգամ էր բալետային ներկայացում ցուցադրվում։ Բալետային խումբը հանդես եկավ երիտասարդ արտիստական ներուժով։ Ճիշտ է՝ երիտասարդ, բայց արդեն բավականաչափ ստեղծագործական ուղի անցած Ռազմիկ Մարուքյան, Րաֆֆի Գալստյան եւ այլն, որոնք վերջին տարիներին արտերկրի տարբեր թատրոնների հետ գլխավոր դերապարերում հանդես են գալիս հյուրախաղային ներկայացումներում։ Մեր երիտասարդները ակտիվ են նաեւ միջազգային մրցույթներում ու տարբեր նախագծերում։ Սա եւս մոտիվացնող հանգամանք է արտիստի գործունեության, մասնագիտական որակական աճի, փորձի փոխանակման եւ այլնի համար։

– Հետաքրքիր է՝ բալետային խմբում բազմափորձ արտիստների կողմից չի՞ նկատվում խանդ, նախանձ երիտասարդ արտիստների հանդեպ, ինչը ուղիղ ասած՝ բնորոշ է արվեստագետներին։

– Հավատացնում եմ՝ մեզ մոտ նման բան չկա եւ լինել չի կարող, քանի որ յուրաքանչյուրն ունի իր տեղն ու դերը յուրովի եւ, իհարկե՝ մեծ հնարավորություն է տրվում երիտասարդներին ինքնահաստատվելու, սեփական ուժերը փորձելու համար եւ վստահեցնում եմ՝ դրանք հաջողությամբ են պսակվում։

– Այս թատերաշրջանի ընթացքում հանդիպեցինք երկու հրավիրյալ բալետի արտիստի եւս…

– Նովոսիբիրսկի թատրոնից Աննա Գերմիզեեւան էր, որը Էգինայի դերապարով հանդես եկավ «Սպարտակում» եւ Կրասնոդարից Ալեքսեյ Շլիկովը, որը մարմնավորեց Սպարտակին։

– Վերջում թույլ տվեք անդրադառնալ շատ ծեծված մի խնդրի, ինչի մասին «Առավոտը» բարձրաձայնում է շուրջ քառորդ դար, բայց այդպես էլ այն լուծում չի ստանում։ Խոսքը բալետի արտիստների եւ ընդհանրապես պարողների՝ ընդհանուր հիմունքներով կենսաթոշակի անցնելու մասին է։

– Հնարավոր բոլոր հարթակներում այդ հարցը բարձրաձայնել ենք, սակայն այս պահին, ինչպես ասացիք՝ որեւէ լուծում չկա։ Իսկ ընդհանրապես, 15-20 տարի բեմական գործունեությունից հետո բալետի արտիստը, ինչ խոսք, պետք է անցնի թոշակի։ Իհարկե, բացառիկ դեպքերում կարող է նրա հետ կնքվել պայմանագիր, կրկնում եմ՝ բացառիկ դեպքերում։

– Ձեր ոլորտում չլուծված մի խնդիր էլ կա. պարտադիր զինվորական ծառայությունը։ Օրենքում գրված է, որ մշակույթի, արվեստի, սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընդամենը տարկետում կարող է տրվել, ընդամենը տարկետում։ Նշանակալի նվաճումներ ասելով՝ բալետի արտիստի դեպքում հասկանում ենք մասնակցությունը միջազգային մրցույթների ու փառատոների, բայց հնարավոր է, չէ՞, արտիստը մասնակցություն չունենա ոչ մի միջազգային մրցույթի ու փառատոնի, բայց լինի տաղանդավոր եւ, որ ամենակարեւորն է՝ թատրոնին անհրաժեշտ։

– Այսօր ունենք, վերեւում նշեցի ու կրկնում եմ՝ հիանալի երիտասարդներ, ունեցել ենք քառօրյա եւ 44-օրյա պատերազմի մասնակիցներ, նույնպես տաղանդավոր, որոնց ոչ միայն պարտադիր զինվորական ծառայության, այլեւ պատերազմներին մասնակցելուց հետո երկար ժամանակ է անհրաժեշտ վերականգնվելու, շարունակելու թատրոնում մասնագիտական գործունեությունը։ Հարց է, թե պահանջվող երկար ժամանակահատվածում նրանք կկարողանա՞ն լիարժեք վերականգնվել որպես բալետի արտիստ։ Վերջին տասնամյակների ընթացքում այս հարցին տրվել է միայն ժամանակավոր լուծում, սակայն ժամանակը ցույց տվեց, որ անհրաժեշտ է վերջնական լուծում՝ հանուն բալետային արվեստի պահպանման ու առաջընթացի։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
19.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031