Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքդ քեզ դավաճանելը երբեմն վատ տեղ է տանում»

Հուլիս 20,2022 12:30

Ասում է արձակագիր Դավիթ Սամվելյանը

– Դավիթ, գրականության մեջ վերջին շրջանում «փնտրելի» վիճակների անհրաժեշտություն ենք նկատում։ Դուք ինչ-որ բան գտե՞լ եք, որի մասին դեռ չեք խոսել։

– Քանի որ գրականության հիմքում մարդն ու կյանքն են, իսկ մարդը կյանքում միշտ փնտրտուքի մեջ է, ապա գրականության փնտրտուքն էլ տրամամաբանական է։ Միշտ իմաստի, գոյության իմաստի փնտրտուքն է։ Կյանքում միշտ գտնում ու կորցնում ենք (եմ), հետո սովորում ես այդ հարափոփոխ ընթացքին։ Ես նոր բան փնտրում եմ…

– Որպես արձակագիր շա՞տ եք հեռանում սեփական «ես»-ից։

– Սեփական «ես»-ը միշտ որոշակի շերտերի տակ թաքնված է, անգամ չգիտակցված, ենթագիտակցորեն։ Չես կարող շատ հեռանալ «ես»-իցդ, ինքդ քեզ դավաճանելը երբեմն վատ տեղ է տանում։

– Մեր իրականությունը շա՞տ հակասություններ է առաջացնում Ձեր ներսում։

– Մեր իրականությունն ինքնին հակասություն է, երբեմն անգամ տրամաբանությանը չենթարկվող։

– Մի համոզման եմ հանգել` գրականության մեջ ապրող մարդն անդադար վերադառնում է դեպի իրեն…

– Եվ կրկին հեռանում աշխարհից ու մարդկանցից, հետո սկսում է կարոտն ու նորից աշխարհի մեջ սեփական անձի տարրալուծումը։

– Իսկ ի՞նչ կասեք գրական լեզվի արտահայտչամիջոցների մասին, որոնք ստեղծում է հեղինակը` ավելի ինքնատիպ ու տարբերվող ստեղծագործություն ունենալու համար։

– Դրանք միջոցներ են, որոնք եթե կեղծ ու շինծու չեն, ապա հաճելի է ու հարստացնում է լեզուն եւ հեղինակին ինքնատիպություն հաղորդում։

– Դուք փորձե՞լ եք այդ ճանապարհով գնալ։

– Եթե նկատվում է, որ կա նման բան, ապա այո, բայց կանխամտածված կամ հատուկ չի արվել, այդպես ստացվում է։

– Հայ ժամանակակից գրաքննադատության մեջ կարծես չկա անձնական շահերից չբխող հոդվածներ։ Համաձա՞յն եք եւ Ձեր կարծիքով` ինչո՞ւ է այս վիճակը։

– Գրաքննադատությունը, ըստ իս, պետք է լինի անձից վեր, այն է` սեփական սուբյեկտիվ գնահատականն ու մոտեցումը, մաքսիմալ պետք է իջեցվի։ Առհասարակ ինստիտուցիոնալ գրաքննադատությունը շատ, չափազանց շատ քիչ է մեզ մոտ։

– Ի հակադրություն մեր ժամանակների հնարավորություններին` ըստ Ձեզ, արդի արձակն ու պոեզիան կարո՞ղ են փոփոխություններ կատարել։

– Արձակն ու պոեզիան կարող են մարդուն կարեկից, ազնիվ, բարի դարձնել, կարող են մղել ճշմարտության եւ այլ արժեքների համար պայքարի ոգու կերտմանը կամ զարգացմանը: Կարող են, եթե հասարակությունը փնտրում է վիճակից ելք։

Զրուցեց
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
19.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031