Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսելն ու Վաշինգտոնը խափանեցին Մոսկվայի ու Բաքվի պլանները

Հուլիս 20,2022 12:00

Մոսկվան ու Բաքուն չստանալով իրենց ակնկալածը՝ հիմքեր էին ստեղծում հայկական կողմի վրա բարդելու բանակցություններում առաջընթացի հասնելու անհնարինության մեղքը

Ուիլյամ Բըրնսը ԱՄՆ նախագահներ Ռոնալդ Ռեյգանի ժամանակներից մինչեւ Բարաք Օբամայի վարչակազմ բարձր պաշտոններ է զբաղեցրել, նա առաջին փոխպետքարտուղարն էր՝ 2008-2014թթ., Ռուսաստանում ԱՄՆ դեսպանը՝ 2005-2008թթ., այժմ՝ Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավարը: Անցյալ շաբաթ նա անսպասելի այցով Երեւան ժամանեց, հանդիպեց ՀՀ իշխանությունների հետ:

Հուլիսի 15-ին Ուիլյամ Բըրնսին ընդունեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրանք քննարկել էին միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր: «Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին», նշվում էր կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում: Նուն օրը Բըրնսի հետ հանդիպել էր նաեւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նրանք քննարկել էին Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը: «Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության միջավայրը, առկա մարտահրավերները եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման Հայաստանի մոտեցումը։ Այս համատեքստում կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացները», ասվում էր ԱԽ-ի տարածած մամլո հաղորդագրությունում։

2011թ. հոկտեմբերին Բըրնսը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնում առաջին անգամ ժամանեց Երեւան եւ արձանագրեց. «Մենք ունենք ընդհանուր նպատակներ` տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ, մեր երկու երկրների միջեւ առեւտրային հարաբերությունների ամրապնդման հարցով, որպեսզի նոր դարաշրջանում մեր երկու երկրների տնտեսությունները կարողանան ծաղկուն ապրել»: 11 տարի առաջ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը վերահաստատեց ԱՄՆ-ի հանձնառությունը` որպես ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ օգնել կողմերին` հասնելու տեւական խաղաղ լուծման ԼՂ հարցում, ապա բարձր գնահատեց Հայաստանի հանձնառությունը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ. «Մենք պաշտպանում ենք հայ-թուրքական արձանագրությունները եւ հույս ունենք, որ այդ արձանագրությունները երկու երկրների կողմից կվավերացվեն»: Նա նաեւ հավելել էր. «ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կարեւոր են մեր երկու պետությունների համար, եւ ընդհանուր տարածաշրջանի համար»:

2000-ականներին հաճախ էր քննարկվում Հարավային Կովկասի 3 երկրների համագործակցության, միասնական ուժերով տարածաշրջանային անվտանգության ապահովման տեսլականը: Արեւմուտքի համար Ռուսաստանի ազդեցության փոքրացումը մշտապես եղել է օրակարգային նպատակ: 44-օրյա պատերազմից հետո ամբողջ աշխարհի համար ակնհայտ դարձավ Ռուսաստանի կրավորական կեցվածքը ռազմավարական դաշնակից Հայաստանի հանդեպ: Հանուն՝ ԼՂ-ում «չեզոք» խաղաղապահ դառնալու, Մոսկվան գերադասեց թուրք-ադրբեջանական ձգտումները կյանքի կոչվել: Բոլորի համար այսօր պարզ է, որ Լեռնային Ղարաբաղում անգամ չորսամյա ժամկետը Բաքվի ու Անկարայի համար ոչ ցանկալի տարբերակ է՝ չնայած այն հանգամանքին, որ Մոսկվան 44-օրյա պատերազմից հետո լիովին ադրբեջանական ու թուրքական շահերի սպասարկման գոտում է: Վերջին թարմ ապացույցը՝ Ադրբեջանում ՌԴ դեսպանի այցն է այժմ էլ՝ Շուշի:

Արեւմուտքը նկատելով Մոսկվայի ձգտումը՝ նոր «դաշնակիցների»՝ Բաքվի ու Անկարայի հետ Հարավային Կովկասում ազդեցություն հաստատել ու ամրապնդել, հանդես է գալիս «հակընդդեմ» քայլերով:

Երեւան-Բաքու-Մոսկվա համաձայնությունները հասել էին մի այնպիսի փուլի, որում Երեւանը՝ Մոսկվայի լուռ համաձայնությամբ, արդեն ներկայացվում էր որպես ապակառուցողական կողմ: Վերջին շաբաթներին որոշակի տպավորություն էր ստեղծվել, որ թե՛ Հայաստան-Ադրբեջան, թե՛ Հայաստան-Թուրքիա հարցերում հնարավորություն չի որեւէ առաջընթաց ապահովել, քանի որ՝ «Հայաստանը ապակառուցողական է»:

Բրյուսելն ու Վաշինգտոնն, ըստ ամենայնի, հաշվեցին այդ տարօրինակ «դադարի» հնարավոր հետեւանքները. Երեւանի նկատմամբ ճնշումներ գործադրելով՝ հասնել եռակողմ նոր պայմանավորվածությունների ու փաստաթղթերի ընդունման՝ դարձյալ Կրեմլի հովանու ներքո:

Ահա, Ուիլյամ Բըրնսի այցով Երեւան՝ ընդգծվեց ամերիկյան ուշադրության աստիճանը Հայաստանի շուրջ ծավալվող գործընթացներում:

Բըրնսի այցը նշանավորվեց Միրզոյան-Բայրամով հանդիպման կազմակերպման լուրով: Թբիլիսիում հուլիսի 16-ին հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: Նրանց բանակցությունները տեւել էին շուրջ երեք ժամ: «Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Կողմերը քննարկել են այս առումով նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը եւ մտքեր փոխանակել հետագա հնարավոր քայլերի շուրջ։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի տեսակետն առ այն, որ տարածաշրջանում կայուն եւ տեւական խաղաղության հասնելու ճանապարհին կարեւոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը, եւ այս համատեքստում ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի եւ փորձի օգտագործման կարեւորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան», նշվում էր ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունում։ Նաեւ հայտնում էին, որ Միրզոյանը շեշտել է հումանիտար խնդիրների, այդ թվում` հայ ռազմագերիների ազատ արձակման ու հայրենադարձման եւ անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման խնդիրների հասցեագրման կարեւորությունը, եւ որ արձանագրվել է շփումները շարունակելու կողմերի պատրաստակամությունը:

Թբիլիսիում Միրզոյան-Բայրամով հանդիպման փաստն անմիջապես գնահատվեց Վաշինգտոնի կողմից: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը թվիթերում նախ անդրադարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների երեկ կայացած հանդիպմանը: «Ջեյհուն Բայրամովը եւ Արարատ Միրզոյանը դրական քայլ են արել՝ հանդիպելով Թբիլիսիում: Ուղիղ երկխոսությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տարաձայնությունները լուծելու ամենաապահով ճանապարհն է»,- գրել էր նա:

Այնուհետեւ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հեռախոսազրույցը: Միրզոյանն ու Դոնֆրիդը քննարկել էին տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը վերաբերող մի շարք հարցեր։ «Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների եւ տնտեսական կապերի ապաշրջափակման գործընթացին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովների աշխատանքներին։ Մտքեր են փոխանակվել հուլիսի 16-ին վրացական կողմի հյուրընկալությամբ Թբիլիսիում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ։ Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ հայկական կողմը շարունակում է կարեւորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության եւ համանախագահող երկրների դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում»։

Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույց էր ունեցել նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նրանք քննարկել էին Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերը։ Ըստ տարածված հաղորդագրության՝ զրույցի ընթացքում ընդգծվել է կողմերի ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարման կարեւորությունը։ Բայրամովը շարադրել է Բաքվի «հայտնի դիրքորոշումը» տարածաշրջանում խաղաղության եւ առաջընթացի ապահովման, այդ թվում՝ հաղորդակցությունների բացման, Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանների սահմանազատման, ապագա խաղաղության պայմանագրի վրա աշխատանքի մեկնարկի վերաբերյալ։

Մի ուշագրավ նկատառում. հունիսի 27-ին առցանց ասուլիսում Փաշինյանը դժգոհեց, թե Ադրբեջանը չի արձագանքում ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու Հայաստանի առաջարկին, եւ որ Բաքուն հրաժարվել էր մասնակցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի եւ Ադրբեջանի նախագահի խորհրդականի մակարդակով հանդիպմանը։

Բաքվի վերջին շաբաթների պահվածքից, պաշտոնական-մեղադրական հայտարարություններից կարելի էր ենթադրել, որ ռուս-ադրբեջանական տանդեմը չստանալով ակնկալածը՝ հիմքեր էին ստեղծում հայկական կողմի վրա բարդելու բանակցություններում առաջընթացի հասնելու, դրական տեղաշարժ ապահովելու անհնարինության մեղքը:

Նախ՝ ԵՄ, ապա ամերիկացի բարձրաստիճան երկու պաշտոնյաների այցի հիմքում՝ Թբիլիսում հայ-ադրբեջանական բանակցությունների կազմակերպումը՝ ռուսական հովանու ներքո եռակողմ պայմանավորվածություններին հակակշռելու նոր ազդակ էին:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 19.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031