Գյումրու հասարակական տրանսպորտի խայտառակ աշխատանքը հարուցել է այս քաղաքի բնակիչներից շատերի զայրույթը․ բողոքներ են հնչում, որ երեկոյան ժամերին տրանսպորտ ընդհանրապես չկա․ գծատերերը գծից դուրս են բերում (նմանապես և շաբաթ-կիրակի օրերին)։ Վաղ առավոտյան աշխատանքի գնալիս էլ՝ ուղղակիորեն հնարավոր չէ օգտվել․ այնքան լեցուն է, որ քիչ է մնում շուռ գա։
Որոշակի երթուղիներ էլ գրեթե չեն սպասարկվում։ Եվ այս վիճակն է տիրում այն դեպքում, երբ Գյումրու համայնքապետարանը կառավարության համաֆինանսավորմամբ ձեռք է բերել 63 նոր միկրոավտոբուսներ, որոնք մի տարի է՝ կանգնած են, չեն շահագործվում։
Գյումրին դառնում է ամենաթանկ քաղաքներից մեկը նաև տրանսպորտի պատճառով, մարդիկ ստիպված են տաքսիներով երթևեկել, որոնց տերերն էլ, առիթից օգտվելով, գին են թանկացնում։ Մի կողմից Գյումրու պատմական կենտրոնն ակտիվանում է․ զբոսաշրջությունը բավական բուռն զարգացում է ապրում․ կյանքը մինչև ուշ երեկո եռում է, մյուս կողմից ծայրամասերում բնակվողներին տրանսպորտի ոչ նորմալ աշխատանքի պատճառով մեկուսացնում են։
Երեկ ֆեյսբուքյան գրառում էինք արել տրանսպորտի վատ աշխատանքի մասին, որն արժանացել էր գյումրեցիների բուռն արձագանքին, ամեն մեկը կիսվել էր իր պատմությամբ, ներկայացրել իր բողոքը։
Կարդացեք նաև
Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը ևս անընդմեջ բողոքներ է ստանում քաղաքացիներից։
«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Բնակիչներն անընդհատ մեզ հարցնում են՝ ի՞նչ պիտի լինի վերջը։ Մարդկանց բողոքը վերաբերում է թե՛ գծի մեջ քիչ քանակով տրանսպորտային միջոցների շահագործմանը, խցկված երթևեկելուն, և թե՛ տրանսպորտի՝ լավագույն դեպքում մինչև ժամը 20․00-ը աշխատելուն։ Փաստացի 20․00-ից հետո տրանսպորտ չկա։
Նոր միկրոավտոբուսները սուբվենցիոն ծրագրով մինչև ՏԻՄ ընտրություններ են ձեռք բերվել ու մինչև օրս չեն շահագործվում, այդ առումով էլ մենք մտահոգություններ ենք հայտնել, այց ենք կատարել «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ, զրուցել տնօրենի հետ, փորձել ենք հասկանալ պատճառները։ Մեզ ներկայացվել են օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։
Հանդիպումներ ենք ունեցել թե՛ «Բալասանյան դաշինք»-ի քաղաքապետի հետ, և թե՛ հուշագրի կողմ հանդիսացող ՔՊ-ական փոխքաղաքապետերի հետ՝ հասկանալու, թե ո՞րն է տրանսպորտային նոր միջոցների շագահագործումը ձգձգելու պատճառը։
Մենք նաև առաջարկություններ ենք հնչեցրել, պատրաստակամություն հայտնել օգնել համայնքային իշխանությանն այս հարցում։ Ես խնդիրը տեսնում եմ ոչ ճիշտ պլանավորման, ոչ ճիշտ կառավարման մեջ, որովհետև, նորից եմ կրկնում՝ իրականում կա և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառ։
Գյումրու ավագանու ընդդիմադիր բոլոր խմբակցությունները թե՛ ավտոբուսային պարկի ձևավորման, և թե՛ ընթացիկ այլ հատկացումների վերաբերյալ միշտ կողմ են արտահայտվել, որևէ խոչընդոտ չի ստեղծվել, բայց, ըստ էության, սայլը տեղից չի շարժվել»։
Կարեն Մալխասյանն ասաց, որ հանդիպումների ժամանակ պարզել են՝ որոշ ռիսկեր կան, որոնք քաղաքային իշխանության կողմից ճիշտ գնահատված չեն եղել։
«Չհաշվարկված ու չպլանավորված ռիսկեր են եղել, մտածել են մի ուղղությամբ, բայց քայլերը ձեռնարկելիս՝ այլ եզրահանգման են եկել, որը նորից խնդիրներ է առաջացրել։ Մենք առաջարկել ենք աշխատանքային խումբ ձևավորել, ընդգրկել նաև ընդդիմադիր խմբակցությունների անդամների, որոնք կոմպետենտ են ու կարող են օգտակար լինել։ Ինչպես միշտ, սայլը տեղից չի շարժվել, թղթի վրա է մնացել այս ամենը»,-ասաց Կարեն Մալխասյանը։
«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը մանրամասնեց, որ իրենք հետաքրքրվել են, թե ինչու նախապես չէին կառուցում ավտոբուսային պարկը, ինչու «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ն չի ձևավորվել, որ միկրոավտոբուսները Գյումրի տեղափոխելուն պես՝ միանգամից շահագործեին։ Քաղաքային իշխանությունը պարզաբանել է, որ իրենք չգիտեին՝ սուբվենցիան կհաստատվի՞, թե՞ ոչ։
«Լավ մի տեղ ընդունեցինք իրենց պարզաբանումը, բայց չէ որ սուբվենցիոն ծրագիրը հաստատվելուց հետո էլ կարելի էր արագ կազմակերպել։ Այստեղ մի ուրիշ խնդիր էլ կա, այդ ամենն ավելորդ ծախսեր է առաջացրել։
Շուրջ մի տարին կլրանա, որ նոր միկրոավտոբուսները ձեռք ենք բերել, պարզվում է ԱՊՊԱ-ի գումար ենք մուծել, բայց դրանք չեն շահագործվել, բացի այդ, նախատեսված է այդ միկրոավտոբուսները շահագործել 10 տարի, բայց արդեն մի տարին անցավ։ Նմանատիպ խնդիրներ կան, որոնք էլի ռիսկերի առաջ կկանգնեցնեն։
Ձգձգման օբյեկտիվ պատճառներից է եղանակային վատ պայմաններում ավտոբուսային պարկի վրա շինարարություն չծավալելը։ Նոր միկրոավտոբուսները «Սև Բերդ»-ում էին կանգնած, հիմա տեղափոխել են այնտեղ, բայց ավտոբուսային պարկն այս պահին դեռ հանձնված չէ։
Մենք այց կատարեցինք, տեղում նայեցինք, այդ ժամանակ էլ շինարարական աշխատանքներ էին ընթանում։ Աշխատելու մոդելն էր կարևոր է, իհարկե, մենք միանշանակ կողմ ենք, որ գծատերեր չլինեն, կոնկրետ «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ն պիտի աշխատի, ոչ հիմիկվա պես՝ գծատերերը շահագործեն։ Նման բան չպիտի լինի։ Մենք դա էլ ենք քննարկել, բացառվում է X կազմակերպությանը հանձնել շահագործումը, մենք դեմ ենք դրան», -ասաց Կարեն Մալխասյանը։
Նա նաև իր մտահոգությունը հայտնեց, որ վիճակն անորոշ է, ամեն ավագանու նիստին և դրանից դուրս «Ապրելու երկիր»-ը, ինչպես նաև ընդդիմադիր մյուս խմբակցությունները բարձրաձայնում են այս հարցը ու ամեն անգամ լսում նույն պատասխանը, թե ամեն ամսվա 1-ին կշահագործեն, սակայն միշտ ձգձգվում է, իսկ քաղաքացիները՝ դժգոհում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ