ԱՀ խորհրդարանի ղեկավարն ընդունել է ամերիկահայ գրող, բարերար, Վեստբրուկի քաղխորհրդի նախագահ Աննա Աստվածատուրյան – Թերքոթին
Հուլիսի 9-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ամերիկահայ գրող, բարերար, Վեստբրուկի քաղխորհրդի նախագահ Աննա Աստվածատուրյան-Թերքոթին։
Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով ամերիկահայ բարերարին, շնորհավորել է ՀՀ քաղաքացիություն ստանալու և Վեստբրուկի քաղխորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ։
Արթուր Թովմասյանը կարևորել է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի, մասնավորապես՝ վերջինիս կողմից կյանքի կոչված «Սեր Արցախ» ծրագրի գործունեությունը և նշել, որ 2020թ․ պատերազմից հետո Արցախում ծնունդների զգալի աճ է գրանցվել։
Կարդացեք նաև
Աննա Թերքոթը նախ՝ շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ապա՝ ընդգծել․ «Իմ նշանաբանն է պաշտպանել Արցախը։ «Սեր Արցախ» բարեգործական ծրագրի իրագործման հիմնական նպատակն էր՝ հիշեցնել Սփյուռքի մեր հայրենակիցներին, որ Արցախը կա, ապրում է և պետք է աջակցել Արցախում ծնվող յուրաքանչյուր երեխայի։ Սփյուռքում անտեղյակ են Արցախում տիրող իրավիճակից և հուսով եմ՝ իմ ծրագրերով և այցով կարող եմ որոշակի գնահատական տալ », – շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ շեշտել է Թերքոթը։
Նա շեշտել է, որ «Սեր Արցախ» ծրագրի շրջանակներում Արցախի նորածիններին և նրանց մայրերին տրամադրվող նվեր-արկղի պարունակությունը հավաքվում և փաթեթավորվում է Հայաստանում և Արցախում․ ծրագիրը, ըստ շահառուների արտահայտած կարծիքի, հաջողված է։
Հանդիպմանը, որին ներկա էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը և ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Բելլա Լալայանը, անդրադարձ է կատարվել Արցախի անվտանգային հարցերին և բռնի տեղահանված արցախցիների բնակարանային խնդիրների լուծմանը։
Արթուր Թովմասյանը հավաստիացրել է, որ եռամիասնությամբ և համազգային օրակարգի ձևավորմամբ միայն նոր հաջողություններ կարձանագրենք։
ԱԺ նախագահը հուշանվերներ է հանձնել Աննա Աստվածատուրյան-Թերքոթին և հաջողություններ մաղթել հայրենանվեր աշխատանքում։
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին