«Հետաքննող լրագրողներ»-ի՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների ուսումնասիրություններն ու հրապարակումները վերջին տարիներին իրավապահ մարմինների համար ուսումնասիրությունների եւ քրեական գործեր հարուցելու հիմք են դարձել։ Այդ թվում Մոնումենտի առանձնատների մասին հրապարակումներ են եղել(«Ընտրյալների թաղամաս»), սակայն 4 տարի է, ինչ այդ քրեական գործում առաջընթաց չկա։ Այս մասին այսօր «Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի» կազմակերպած՝ «Ապօրինի գույքի վերադարձ եւ անցումային արդարադատություն․ դասեր եւ մարտահրավերներ» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության(Hetq.am) լրագրող Տիրայր Մուրադյանը։
«Դրական օրինակ է Ծաղկաձորի անտառային հողերի սեփականաշնորհման դեպքը։ : Բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նախկին վարչապետ, անտառային հողեր էին ձեռք բերել։ Ի պատիվ դատախազության՝ քաղաքացիական հայցի շրջանակում առ ոչինչ ճանաչվեցին համայնքի ղեկավարի, մարզպետի որոշումները։ Հողակտորներից մեկի՝ պետությանը վերադարձնելու վերաբերյալ արդեն իսկ կա առաջին դատական ակտ։ Հուսանք՝ չի բողոքարկվի եւ կմտնի օրինական ուժի մեջ»,-նշեց Տիրայր Մուրադյանը։
Նա տեղեկացրեց, որ ուսումնասիրել են նաեւ Երեւանում մանկապարտեզների փակման, սեփականաշնորհման դեպքերը․ «Այդ տվյալների հիման վրա մի քանի տասնյակ մանկապարտեզի՝ կասկածելի սեփականաշնորհման մասին էինք գրել։ Վերջերս դատախազությունը հայտարարեց Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կողմից ապօրինի ծագման գույքերի մի ամբողջ ցանկի մասին։ Ընդգծված էր, որ այդ ապօրինի ծագման գույքի շրջանակը պարզելու համար հիմք է հանդիսացել Hetq.am-ի հրապարակումը։ Գագիկ Բեգլարյանը, ընտանիքի անդամներն ու օգնականը 4 մանկապարտեզի սեփականատեր էին դարձել»։
Կարդացեք նաև
Տիրայր Մուրադյանը որպես օրինակ մատնանշեց վերջին աղմկոտ հրապարակումներից մեկն այն մասին, որ Խաչատուր Քոքոբելյանի ազգականը 50 000 դրամով ՀԷԿ է ձեռք բերել․ նշեց՝ ենթադրվում է, որ նման դեպքերը եւս պետք է անցնեն ապօրինի գույքի վերաբերյալ ուսումնասիրությունների շրջանակով, բայց քանի որ գործընթացն օրենսդրության տեսանկյունից բավականաչափ հրապարակային չէ, շատ բան չգիտենք այդ մասին․ «Չիմացության հետեւանքով կասկածները չեն փարատվում։ Նման պատմությունները մեկը չեն։ Նախկին ոստիկանապետի առանձնատան հետ կապված եւս քրեական գործ կա։ Չգիտենք, թե ապօրինի ծագման գույքի հետ կապված այլ գործերի ճակատագիրն ինչպիսին է։ Առնվազն մեր խմբագրությունն արժեքավոր տեղեկություններ ու փաստեր է հրապարակել, որոնք կարող էին նպաստել գործը գլուխ բերելուն, թալանը «կոպեկ առ կոպեկ» հետ բերելուն, բայց գործընթացը մեծ հաշվով դանդաղում է։ Դրա վերաբերյալ մենք չէ, որ պետք է դատողություն անենք, բայց վերջնարդյունքն այդքան էլ տեսանելի չէ»։
Տիրայր Մուրադյանն ընդգծեց՝ այսօր որոշ նախկին պաշտոնյաներ խոշորացույցի տակ չեն, իսկ գործող պաշտոնյաների, նրանց հարազատների գործողությունների, տնօրինած ընկերությունների, գույքային բարելավումների դեպքերի հետ կապված իրավապահներից ոչինչ չենք լսում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ